Նահանջել չկա, ժամանակը սուղ է, համաժողովրդական դիմադրությամբ պետք է ասել, որ զիջելու հայրենիք չունենք․ Իշխան Սաղաթելյան
Հայաստանի առջև այսօր ծառացած է համակարգային խոշոր ճգնաժամ, իշխանությունների պնդումները, թե ընտրություններից հետո ճգնաժամը հաղթահարված է, խաբեություն է, ճգնաժամը ավելի է խորանում՝ մոտենալով անվերադարձ լինելու կետին։ Այս մասին Հայ Դատի գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Աժ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Անհրաժեշտ են համալիր մոտեցումներ, նախ պետք է վերականգնել երկրում սահմանադրականությունը, կազամակերպել երկրի սահմանների պաշտպանությունը, ելնելով նոր իրողություններից՝ մշակել հայեցակարգ, իրականացնել համակարգային բարեփոխումներ անվտանգության և տնտեսության ոլորտներում, ինչպես նաև խորքային բարեփոխումներ իրականացնել կրթության և մշակութային ոլորտներում։ Եվ այս բարեփոխումների հիմքում պետք է դնել հայրենասիրական ազգային դաստիրակությունը»,-մանրամասնեց ԱԺ փոխնախագահը։
Իշխան Սաղաթելյանի խոսքով ՝պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի հետ, հաղթահարել նվաստացումը, կառավարել կորուստները և ռիսկերը, վերականգնել արժանապատվությունը, հաղթահարել փոքր պետություն լինելու հոգեբանությունը, ունենալ ազգային երազ և գնալ դրա հետևից։
«Այս պահին պետք է ձևավորել դիմադրություն, դիմադրություն՝ թշնամուն, որ մենք չունենք զիջելու հայրենիք, դիմադրություն՝ հայրենիքը զիջումների տանող օրվա իշխանություններին, դիմադրություն՝ հանրային կյանքում տեղի ունեցող բոլոր ապօրինություններին։ Իսկ երբ հասնենք համազգային և համաժողովրդական դիմադրության, թշնամին կհեռանա մեր տնից, իսկ օրվա իշխանությունները՝ իրենց աթոռներից։ Ժամանակը սուղ է, կամ այն կօգտագործենք մեր օգտին, կամ կկորցնենք անվերադարձ»,-շեշտեց Իշխան Սաղաթելյանը։
ԱԺ փոխխոսնակի կարծիքով՝ հայ ժողովուրդը դիմադրելու, պայքարելու ներուժը ունի։
«Մենք ներուժ ունենք ոտքի կանգնելու, դա 10 մլն հայությունն է։ Հայաստանի վերականգնումը անհնար է առանց Սփյուռքի, իսկ Սփյուռքը խորն է և բազամաշերտ։ Անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր միասնական օրակարգ։ Ինչի համար նախ անհրաժեշտ է համազգային նպատակների սահմանում, հայրենիքով ապրելու և հպարտ լինելու միջավայր, հայրենադարձությունը խրախուսող նոր ռազմավարություն, պետականաշինության մեջ սփյուռահայության անխուսափելի մասնակցություն»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը ընդգծեց, որ Հայաստանում պատեհապաշտության, հարմարվողականության քարոզը ապագա չունի։
«Արցախի և Սյունիքի ճակատագիրը կախված չէ մեկ պաշտոնյայի որոշումից․ Արցախի և հայ ժողովրդի ճակատագիրը մեր ձեռքերում է, եկեք չմոռանանք՝ Արցախը մեր ժառանգությունն է, մեր անվտանգությունը, ապրելու և ապրեցնելու բնական իրավունքը։ Արցախը մեր հող ու ջուրն է, մեր արյունը, մեր ինքնությունը։ Նահանջել չկա, հետ քայլ չկա, պայքարը պետք է շարունակել»,-եզրափակեց ԱԺ փոխխոսնակը։
Tert.am