Առուշը մեր ընկերն է, նա լավ հայրենասեր տղա է, եկել ենք աջակցելու, որպեսզի մենակ չզգա ու հասկանա, որ իր ընկերներն իր կողքն են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը միացել էր քաղաքացիների բողոքի ակցիային՝ հաջակցություն Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանի, որն այս պահին կալանավորված է։

«Այս պրոցեսը ձգձգվում է, քանի որ այս իշխանությունն իր ղեկավարի հետ հանդերձ ինչ–որ մոլուցք ունեն, որ մի օր էլ ավել այդ մարդկանց բանտարկված պահելը, կարծես, իրենց կյանքի նպատակը լինի»,–ասաց նա և նշեց, որ այն մարդիկ, որոնք այս ապօրինությունների մաս են կազմում, իրենց կենսագրության մեջ բիծ են թողնում։

Նա համայնքի ղեկավարների նկատմամբ դատական պրոցեսներն անձնական վրեժխնդրություն համարեց։ «Փոքրոգի, ճղճիմ մարդու վրեժխնդրություն է»,–ասաց նա։

Լևոն Քոչարյանն ասաց, որ թշնամին Սյունիքին այսօր շատ մոտ է, և իշխանության կողմից պատերազմում մեծ դերակատարություն ունեցող մարդկանց մեկուսացնելը կոնկրետ անվտանգային հարցեր է առաջացնում Սյունիքի մարզում։

«Պետք է հստակ՝ առաջին հերթին Սյունիքի բնակչությունը, և ընդհանրապես ՀՀ բնակչությունը, կոնկրետ արտահայտի իր վերաբերմունքը այս ապօրինությունների հանդեպ»,–ասաց նա։

Լևոն Քոչարյանը նաև կարծում է, որ ընթացող գործընթացների արդյունքում իշխանությունն  ուզում է բնակչության մեջ խորացնել հուսահատությունը։ «Բայց շատ միամիտ կլինի կարծելը, որ Առուշին կամ մյուս տղաներին բանտարկելով կարող են ընկճել»,–ասաց նա։

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ:



Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն