Որքան էլ Թուրքիան չի երևում այս բոլորի մեջ, բայց, ըստ էության, Թուրքիայի և ՌԴ-ի ընդհանուր համաձայնության ձեռագիրը երևում է
Մեր զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը
Ինչպե՞ս եք գնահատում օրերս Սոչիում տեղի ունեցած հանդիպումը և ստորագրված հայտարարությունը:
Նախ պետք է անպայման Սոչիի հանդիպումը դիտարկել ընդհանուր վերջին զարգացումները նկատի ունենալով: Հատկապես նոյեմբերի 9-ից առաջ խոսվեց Մոսկվայում հանդիպում անցկացնելու մասին, հետո նաև ձևաչափի փոփոխության մասին, որ լինելու է առցանց հանդիպում, սակայն այդ հանդիպումը չկայացավ: Դրանից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց դեկտեմբերի 15-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու մասին: Քաղաքական առումով սա կարող է դիտարկվել որպես միջնորդների մրցապայքար՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտության հարցով: Ցավոք, հիմա արդեն Հայաստան-Ադրբեջան հարթությունում, քանի որ, ըստ էության, սահմանային միջադեպերը, հակառակորդի դիրքային տեղաշարժերը, սահմանային խնդիրները Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի վրա են տեղի ունենում: Երբ հայտարարվեց, որ Բրյուսելում հանդիպելու են, անմիջապես Սոչիի հանդիպման հարցն առաջ եկավ, և տեսանք, որ Մոսկվան նախաձեռնողականություն է ցուցաբերում: Դրա համար արդեն պաշտոնական հայտարարություններ եղան Մոսկվայից, որ լարվածությունը չի մեղմացել երկու երկրների միջև, և դա ենթադրում է Ռուսաստանի հավելյալ ներգրավվածություն՝ և դիվանագիտական, և նաև զինվորական: Այսինքն պարզ էր ակնարկը, որ հավելյալ խաղաղապահի առաքելություն իրականացնելու հրամայական կա: Փաստորեն Սոչին կանխեց Բրյուսելին, և արդեն Բրյուսել գնում են ոչ միայն Սոչիում կատարած հայտարարության ֆոնին, այլ նաև հայտարարվեց, որ փոխվարչապետների մակարդակով առաջիկա շաբաթներին հրապարակելու են որոշակի պայմանավորվածություններ: Խոսքը ճանապարհների ապաշրջափակման մասին է: Այս ամենը պետք է ընդհանուր աշխարհաքաղաքական այս պատկերի մեջ դիտարկել եւ մեսիջ հղել միջազգային ընտանիքին, որ Հայաստան-Ադրբեջան այս նորացված հակամարտության լուծման մեջ մրցավարի կարգավիճակը Ռուսաստանը բացառապես իրեն է վերապահում: Սա է հիմնական ուղերձը:
Այսինքն, Բրյուսելում որեւէ տեղաշարժ չի՞ լինի:
Կարծում եմ՝ Բրյուսելը որոշ շեշտադրումներ կանի, բայց արդեն եռակողմ հայտարարության ստորագրություն կա, արդեն հայտարարել են, որ պայմանավորվածություններ կան ապաշրջափակման ուղղությամբ: Պուտինի այն հայտարարությունը, որ Շառլ Միշելը սպասում է ձեզ, դրա հիմնական ուղերձն այն էր, որ կողմերը գնան այնտեղ և ներկայացնեն Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Բաքուն պատրա՞ստ է իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները: Մի երկիր, որ նոյեմբերի 9-ից պարբերաբար խախտել է ձեռքբերված պայմանավորվածությունները, հիմա կպահպանի՞ դրանք:
Այո, ճիշտ է մտահոգությունը, որովհետև մենք անցնում ենք երկրորդ փաստաթղթին, երբ առաջին փաստաթղթի կետերը չեն իրականացել: Ես հատկապես նկատի ունեմ 7-րդ և 8-րդ կետերը: 7-րդը վերաբերում է փախստականների վերադարձին, որը չի իրականացվել, իսկ 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների, քաղաքացիական անձանց և մահացածների աճյունների վերադարձին, որը արգելափակում է Բաքուն: Չնայած միջազգային հանրության անհասցե կոչերին, ըստ էության բոլորը, այդ թվում Մոսկվան գիտեն, որ ռազմագերիների վերադարձման գործընթացն արգելակում է Բաքուն: Ուզում եմ ասել, որ երբ այդ հայտարարության 7-րդ և 8-րդ կետերը չեն իրականացել, հետևաբար, 9-րդ կետը, որը վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, հարցականի տակ է դրվում: Անպայման արձանագրենք, որ հրադադարի հայտարարությունը վերաբերում է արցախյան հակամարտությանը, սակայն այդ հայտարարության 9-րդ կետը ոչ միայն դուրս է եկել Արցախյան հակամարտության տիրույթից, և ոչ միայն վերածվել է Հայաստան-Ադրբեջան ապաշրջափակման, այլ ընդհանրապես, տարածաշրջանի ապաշրջափակման, այսինքն այնտեղ ներգրավվել են Թուրքիայից մինչև Իրան, Թուրքիայից մինչև Ռուսաստան ուղիները: Այսօր արդեն դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին պայմանավորվածություններ կան, որոնք ըստ էության վերաբերում են այդ 9-րդ կետի հավելյալ մանրամասների, մեխանիզմների գործիքակազմին:
Նկատենք, որ բանակցությունները արցախյան հակամարտությունից արդեն անցել են տարածաշրջանի խնդիրներին: Ես կարծում եմ՝ Արցախի կարգավիճակի կամ ինքնորոշման իրավունքի օրակարգով բանակցությունները վերագործարկելու համար ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության դասական ձևաչափի վերագործարկումը հրամայական է: Դա բխում է հայկական կողմի շահերից, որովհետև դա ենթադրում է նաև Թուրքիայի դուրս մղումն այս գործընթացից, քանի որ, փաստորեն ԵԱՀԿ-ի շրջանցումը տեղի կտա Ռուսաստան-Թուրքիա համատեղ համաձայնություններով բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը: Որքան էլ Թուրքիան չի երևում այս բոլորի մեջ, բայց, ըստ էության, Թուրքիայի և ՌԴ-ի ընդհանուր համաձայնության ձեռագիրը երևում է:
Lragir.am