ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց գործադիրի ներկայացրած օրենքի նախագծին, որով  ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն սահմանվում է 90 աշխատանքային օր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

«Օրինագծի բուն նպատակն է առավել պարզեցնել, հստակեցնել քաղաքացիության տրամադրման գործընթացը, մասնավորապես ներկայիս 6 ամսվա ժամկետի փոխարեն նախատեսվում է 90 աշխատանքային օր սահմանել»,- ասաց Ֆիդանյանը:

Այսպիսով, օրինագծի նպատակը ժամկետների կտրուկ կրճատումը, վարչարարության կրճատումն է, որ քաղաքացիները հնարավորություն ունենան արագ ստանալ ՀՀ քաղաքացիությունը:

«Օրինագծի ընդունումից հետո այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման հիման վրա ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում անձի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը նրա կողմից անձնագրային ծառայություն ներկայացնելու պահից»,-ասաց Ֆիդանյանը:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է: Մասնավորապես, օրենքի նախագծում կատարված փոփոխությունը նպատակ ունի օրենքից հանել որպես քաղաքացիությունը դադարեցնելու նոր հիմք նախատեսվող սխալ տվյալների ներկայացումը: Այդպիսի տվյալների ներկայացումը կարող է պայմանավորված լինել, օրինակ, լեզվական խոչընդոտներով, հարցաթերթիկը լրացնելիս առաջադրվող հարցերը ոչ հստակ հասկանալու հանգամանքով կամ տեխնիկական վրիպակի պատճառով:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն