Հայկական տիեզերական ծրագիր. նախարարի խորհրդականը մանրամասներ է ներկայացնում
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը զբաղվում է այն ընկերությունների լիցենզավորմամբ, որոնք շահագրգիռ են տիեզերական գործունեությամբ զբաղվելով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Հայկ Ասլանյան:
«Այս ոլորտը, թերեւս, այսօր ամենազարգացողն է, որն ունի ամենաբազմազան կիրառում: Օրինակ, տիեզերագնացությունը կազմում է ոլորտի մոտ 5 տոկոսը ընդամենը: Տիեզերական գործունեության մի զգալի մասը կիրառում է գտնում երկրի մակերեւույթին, լինի դա գյուղատնտեսություն, սահմանային պահպանություն, գաջեթային քարտեզներ և այլն, կարելի է երկար թվարկել: Հայաստանը տիեզերական գործունեություն ծավալելով նպատակ ունի ոչ միայն բավարարել երկրի ներքին պահանջարկը, այլեւ ծառայություններ առաջարկել այլ երկրների: Օրինակ, եթե մեր տիեզերական գործունեությունը հանգեցնի նրան, որ տվյալներ ստանանք Ավստրալիայի գյուղատնտեսության մասին, կստացվի, որ մենք տիեզերական ծառայություն ենք մատուցում հեռավոր մայրցամաքին: Տիեզերական գործունեությունը չի կարող էժան հաճույք լինել, եւ, բնականաբար մենք կհամագործակցենք տիեզերական գործունեության արդեն մեծ փորձ ունեցող երկրների եւ կազմակերպությունների հետ: Հարկ եմ համարում նշել, որ ժամանակի ընթացքում տիեզերական ծառայությունների գները, պայմանավորված տեխնոլոգիաների կատարելագործմամբ, նվազում են, և, օրինակ, Եվրոպական տիեզերական ընկերությունն օրինակ, ուղեծիր է հանում բուհական ուսանողների կողմից նախագծված սարքեր, եւ դա մեծ ծախսեր չի պահանջում»,- ասաց Ասլանյանը:
Նա կարծիք հայտնեց, որ ոլորտի զարգացման ճիշտ ռազմավարություն են որդեգրել՝ սկսելով դպրոցահասակ երեխաների ներգրավումից: Այս տարի կազմակերպված ճամբարին մասնակցել են մոտ 40 երեխաներ. նախարարի խորհրդականը վստահ է՝ նրանց մի մասը կխանդավառվի այս ծրագրերով:
«Ունենք նաեւ դրամաշնորհային ծրագիր մոտ 200 միլիոն դրամ ընդհանուր բյուջեով: Դրանք թույլ կտան հասկանալ Հայաստանում արդեն իսկ առկա ներուժը: Արդեն իսկ ունենք հայտեր, որոնք զարմացնում են ոլորտների բազմազանությամբ: Մեկ տարի հետո կունենանք առաջին արդյունքները»«,- նշում է նախարարի խորհրդականը:
Lragir.am