Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր առցանց տարբերակով մասնակցել է  ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) խորհրդի 112-րդ նիստին՝ «ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը սահմանների վրա, միգրացիա և շարժունություն․ դասեր քաղելով և պատրաստվելով ապագային» թեմայով։ Նիստը կայացավ Ժնևում և նվիրված էր Կազմակերպության 70-րդ հոբելյանին։

Ա․ Ղազարյանը շնորհավորեց մասնակիցներին ՄՄԿ հիմնադրման 70-ամյակի առթիվ՝ նշելով, որ Կազմակերպությունը ՀՀ-ում գործունեություն է ծավալում 1993 թ-ից՝ նախաձեռնելով տարատեսակ ծրագրեր և էական ներդրում ունենալով միգրացիայի կառավարման և կայուն զարգացման գործում։ «Մենք բարձր ենք գնահատում ՄՄԿ աջակցությունը Հայաստանում Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ հռչակագրին համապատասխան միգրացիոն քաղաքականության մշակելու հարցում»,-նշեց նա։

Ղազարյանն անդրադարձավ համավարակով պայմանավորված իրավիճակին Հայաստանում, նշեց, որ համավարակի ամենասկզբից Կառավարությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել՝ սահմանափակումների ժամանակահատվածում ապահովելով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, ինչպես նաև ընդունել է վերադարձողների վերաինտեգրման առաջնային աջակցության ծրագիրը։

«Անցյալ տարին մեզ համար մարտահրավերներով լի էր ոչ միայն համավարակով պայմանավորված, այլ նաև Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով, որը սպառնում էր ոչ միայն գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը, այլև պատճառ դարձավ տարծաշրջանային մարդասիրական ճգնաժամի և զանգվածային տեղահանումների համար»,-նշեց Ա․Ղազարյանը՝ մանրամասնելով, որ ագրեսիայի հետևանքով ավելի քան 91 հազար անձ է տեղահանվել, որոնց 88 տոկոսը՝ կանայք և երեխաներ։

Եզրափակելով խոսքը՝ Արմեն Ղազարյանն անդրադարձավ միգրացիայի կառավարման ոլորտում թվայնացման գործընթացներին՝ մասնավորապես նշելով օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության նոր հարթակի գործարկումը։  «Վերջին փորձառությունը ցույց տվեց ներառական քաղաքականությունների արդյունավետությունը, որոնք կառուցված են համագործակցային մոդելով՝ կառավարությունների, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի միջև»,-ասաց նա։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն