ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի նիստից հետո  լրագրողները հարցրեցին՝ իրականում թշնամին հե՞տ է քաշվել Իշխանասարի հատվածից։ Քոչարյանը հարցին պատասխանելու փոխարեն՝ ինքը հարց ուղղեց լրագրողներին, թե ինչու այդ հարցը  չեն տվել Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին։ Երբ լրագրողները պատասխանեցին, որ փոխնախարարը խուսափել է, Անդրանիկ Քոչարյանը գրեթե նույն ոճով հակադարձեց. «Թույլ տվեք ես էլ խուսափեմ, որովհետև կան բաներ, որ արժե մեկ-մեկ էլ խուսափել»։

Իշխանական պատգամավորը  հակադարձեց այն հարցերին, թե ինչու առաջնագիծը չի կահավորվում, նշելով, թե լրագրողները չգիտեն, թե առաջնագծում ինչ աշխատանքներ են կատարվել, որոնք նախկինում, ըստ նրա՝ զրոյական են եղել՝ չեն եղել, քանի որ սահմանային դիրքերը եղել են բոլորովին այլ տեղանքում։

«Այսօր էլ այս եղանակային պայմաններում ճանապարհներ են գցում, ի՞նչ է, ուզում եք ամեն ինչ ձեզ հետ քննարկենք, ուզում եք քարտեզները բերեն այստեղ փռեն, մի հատ էլ ասեն՝ եկեք նայե՞ք։

Հիմա ես գիտեմ, որ ադրբեջանցիները մեր ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան, ինչքան շուտ, այնքան լավ»,- շեշտեց նա։

Հարցին՝ այս ամենը կապված է Սոչիի հանդիպման հետ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Սոչին տվել է դրական ընկալում, և ես հիմա չեմ կարող ասել, թե այն հակառակորդն ինչպես է իրականություն դարձնում ու ինչ տեմպերով։

Հիմա դեմարկացիայի ու դելիմիտացիայի փուլ ենք թևակոխում և  այնտեղ կարելի է  շատ հանգիստ, առանց իրար վրա կրակելու լուծել այդ խնդիրները։ Մենք էլ էինք շատ տեղեր մտել ու դուրս չէինք գալիս»,- եզրափակեց միտքը ՔՊ խմբակցության անդամը:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն