Բոլշեւիկյան ձեռագիր
Այն հանգամանքը, որ նահանջի գրավոր հրամաններ չեն եղել, զինվորներն էլ դիրքերից հետ են քաշվել բանավոր կարգադրությունների հիման վրա, կարող էր լինել ընդամենը 44-օրյա պատերազմի ժամանակ տիրող «բարդակի» դրսեւորում: Ինչը խիստ բնական երեւույթ կլիներ ապաշնորհ «գերագույն գլխավորի» հրամանատարության պայմաններում: Բայց որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով կազմելուն ընդառաջ ԶՈՒ ԳՇ-ում քարտեզներով հիմնավորված հրամաններ են կեղծվել եւ թղթապանակների մեջ դրվել, դա արդեն հանցագործություն է: Բայց, միաժամանակ, խիստ հարիր է բոլշեւիկյան ձեռագրով հատկանշվող հայաստանյան «ժողովրդավարությանը»: Մասնագետներն ասում են, որ բանավոր հրամաններով նահանջ կազմակերպելն էլ է հանցագործություն: Չեմ վիճում՝ մասնագետ չեմ, սակայն, կրկնվեմ, դա հենց նիկոլիզմի եւ նիկոլական կառավարման էությունն է:
Իսկ ինչո՞ւ է այն հենց բոլշեւիկյան ձեռագիր: Նախորդ դարի երեսնական թվականներին այդպես վարվեց ԽՍՀՄ «ժողովուրդների հայր» Իոսիֆ Ստալինը: Վերջինիս հանձնարարությամբ եւ «պատգամներով» ամբողջովին խմբագրվեց եւ ուսումնական ձեռնարկներում վերաշարադրվեց բոլշեւիկյան կուսակցության պատմության խորհրդային շրջանը: Մեծ հաշվով, մարդկային պատմությունն այս կամ այն երկրում եւ ցանկացած ժամանակ վերաշարադրվել է հաղթող կողմի պատվերով: Սակայն զուտ ժամանակային առումով եւ նույն երկրում ապրելու հանգամանքով մեզ մոտ է հենց պատմություն կեղծելու ստալինյան տարբերակը: Հատկապես որ 2018-ին իշխանության եկած խումբը կարող է բավականին տեղեկացված լինել առաջին հերթին խորհրդային երկրում տեղի ունեցած իրադարձությունների առումով: Բայց չմոռանանք, որ ԳՇ-ում կատարվածն առաջին դեպքը չէր:
Մի քանի ամիս առաջ պաշտոնական թղթերի ու ձայնագրությունների հետ նույն մանիպուլյացիան կատարվեց Անվտանգության խորհրդում: Հիշեցնեմ՝ երբ անցյալ տարվա վերջին բարձրաձայնվեց պատերազմի 4-րդ օրը մարտերը շարունակելու անհնարինության մասին ԳՇ պետի զեկույցի մասին, դրան որեւէ արձագանք չեղավ: Սակայն, երբ թեմայի վերաբերյալ խոսակցությունը կրկնվեց արդեն այս տարի, չգիտես ինչպես (իհարկե, գիտենք), հայտնվեց խորհրդի այդ օրվա նիստի արձանագրության վերաբերյալ կտրտված տեղեկատվություն: Դրանով փորձ կատարվեց հերքել ընդդիմադիր դարձած գեներալի ինֆորմացիան: Բայց, բնականաբար, գրագետ ու անկողմնակալ կարծիք ունեցող յուրաքանչյուր անձնավորություն պետք է իրեն հարց տար, թե ինչու ԱԽ-ի տարածած այդ տեղեկությունն ասպարեզ չեկավ անցյալ տարի: Ու ինքն իրեն պիտի պատասխաներ՝ այն ժամանակ դեռ չէին ֆայմել, որ կարելի է նման բան անել:
Ի դեպ, ասեմ, որ ապաշնորհ բոլոր կառավարությունների ժամանակ էլ «բարդակը» պարտադիր երեւույթ է, քանի որ ապաշնորհությունն ու կառավարման պլանավորումը, կազմակերպումն ու վերահսկողությունը երբեք ձեռք-ձեռքի տված չեն եղել ու չեն կարող լինել: Իսկ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի դեպքում կառավարման նշված երեք փուլերը շրիշակից (պլինտուս) ցածր մակարդակի վրա են գտնվել եւ այժմ էլ գտնվում են այնտեղ: Ավելացնեմ, որ փաստաթուղթ կեղծելու վերաբերյալ ինֆորմացիան բարձրաձայնվել է Սամվել Բաբայանի (պատերազմի ընթացքում զբաղեցնում էր Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը) կողմից: ՀՀ գխավոր դատախազությունն էլ անմիջապես արձագանքել է Բաբայանի ասածներին՝ նշելով, որ դրանք ստուգման նպատակով ուղարկվելու են համապատասխան հետաքննության մարմին: Սպասենք զարգացումների. ինչպես ասում են, գնդակը դատախազության դաշտում է:
Hraparak.am