Երբ թոռը՝ «խնձոր», իսկ պապը «ծառ» է

Գենետիկան, ինչ խոսք, անշրջելի բան է, ինչպես արյան խումբը կամ մատնահետքը: Գենետիկորեն ժառանգվող հիվանդություններն էլ են անշրջելի, և՝ ոչ միայն հիվանդությունները: Կենսաբանական մակարդակում մարդու վարքաբանությունն ուղղորդող հատկանիշներ կան, որոնք սերնդեսերունդ են փոխանցվում: Ասենք՝ ագահությունը կամ ժլատությունը, աշխատասիրությունը կամ ծուլությունը, արկածախնդրությունը կամ վախկոտությունը և էլի հազար ու մի բան: Արտաքին տվյալների մասին էլ չեմ հիշատակում, դրանք նույնությամբ կարող են վերածնվել նույնիսկ յոթ պորտ հետո:

Գենետիկայի առեղծվածային բավիղներում թեկուզ հպանցիկ դեգերելու կարիք չէր լինի, եթե դրա առիթը չտային… ռուսները; Ավելի ստույգ՝ Ռուսական 1-ին հեռուստաալիքի «Большая игра» հաղորդաշարը, որի «հերոսներն» օրերս պապ ու թոռ նիկոլներն էին՝ Վարդանովիչն ու Վավաևիչը:

Բուն ժառանգականության թեմային առանձին անդրադարձ, իհարկե, չեղավ, բայց «խնձորը ծառից հեռու չընկնելու» հայտնի ճշմարտությունը հիմնական ասելիքի մեխն էր, գլխավոր «ասողն» էլ՝ նույնքան հայտնի նիկոլաֆոբ Անդրանիկ Միհրանյանը:

Թե ինչու են ռուսները ֆաշիզմի դեմ հաղթանակի՝ Մայիսի 9-ի տոնակատարությունից օրեր առաջ հիշել «նիկոլի թվի» իրողությունները, կարծում եմ, պարզից էլ պարզ է: Եվրոպական քաղաքական համայնքի և հատկապես Վոլոդիմիր Զելենսկու երևանյան «հյուրախաղերը» Մոսկվան չէր կարող անարձագանք թողնել և չթողեց: Ռուսական մեդիա տիրույթն այս օրերին հեղեղված է բացահայտ և միջնորդավորված հակահայ քարոզչությամբ, ինչը ոչ միայն մտահոգիչ է, այլև՝ տագնապահարույց:

Ապրիլի 1-ին Կրեմլում Նիկոլ Փաշինյանին 2-միլիոնանոց հայկական համայնքի մասին հիշեցնող Վլադիմիր Պուտինը նույն այդ համայնքն այսօր չի՞ դնում հարվածի տակ՝ հայաստանյան իշխանությունների արկածախնդրության «ժառանգորդ» դարձնելով: Միամտություն է կարծել, թե երեկ չէ առաջին օրն են իմացել, որ Նիկոլ Վարդանովիչ Փաշինյանը Արևմտյան ՈՒկրաինայում հավաքագրվել է գերմանացի ֆաշիստների կողմից և ծառայել Վերմախտին: Արևմտյան տերերին ծառայելու գենետիկ հակվածության քանի՞ «փայլուն» առիթ է տվել Փաշինյան-թոռը վարչապետ կարգվելու առաջին իսկ օրից, դուք՝ «արջի ամորձիներում քնած»: Հետաքրքիր է՝ եթե մերօրյա վերմախտցիները չգային Հայաստան, Վավաևիչն էլ գար Մոսկվա՝ Կարմիր հրապարակի շքերթին մասնակցելու, նրա պապի մասին հիշելու՞ էիք, թե՞ «մեծահոգաբար» մեր հիշողությունն եք թարմացնում, որ հունիսի 7-ին նորից չգնանք ու գենետիկ դավաճանին ընտրենք: Թեև՝ մեկը լինի, ձեր հիշողությունը թարմացնի, որ 2021-ի ընտրություններից հետո առաջիններից մեկը շնորհավորեցիք, հույս ունենալով, թե Արևմուտքին հավատարմության երդում տվածը Հյուսիսի ուղղությամբ էլ կարող է, զգաստ կանգնել: Սխալվեցիք հաշվարկների մեջ ու հիմա գենետիկ ժառանգականության փրփուրներից եք կախվել, ակամա՞, թե՞ լավ էլ դիտավորյալ անտեսելով, որ միջին վիճակագրական ռուս մարդը նույն ժառանգական կոդի տակ կարող է հարմարեցնել նաև իր երկրում բնակություն հաստատած հայ մարդուն ընդհա՛նրապես:

Եվ սա կոչվում է «Большая игра»?: Բա փո՞քրը որն է էդ դեպքում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ