Ինչպե՞ս կհանգուցալուծվի Փարաքարի առեղծվածը
Փարաքարում երեկ համայնքապետի երդմնակալության օրն էր, որն անցավ բողոքի ակցիաներով, ոստիկանության հետ բախումներով։ Բանն այն է, որ միանգամից երկու անձ իրեն համարում է ընտրված համայնքապետ՝ «Ապրելու երկիր» կուսակցության եւ «Դավիթ Մինասյան դաշինքի» առաջին համարները։
Փարաքար խոշորացված համայնքում, հիշեցնենք, ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ` «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ «Քաղաքացիական պայմանագրին» հաջողվել է միայն 2 մանդատ «պոկել»։ «Ապրելու երկրի» ցուցակի առաջին համարը Վոլոդյա Գրիգորյանն է՝ Մերձավան համայնքի ներկայիս ղեկավար Լեւոն Գրիգորյանի որդին: Գործող համայնքապետն առաջադրվել է «Դավիթ Մինասյան դաշինքով», իսկ ՔՊ թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է։ Փարաքարի ավագանու անդրանիկ նիստում համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որն ընտրվել է 10 ձայնով: Ըստ «Ապրելու երկրի» պարզաբանման, օրենքը թույլատրում է ավագանու անդամների 40 %-ի մասնակցությամբ ընտրել համայնքապետի համար առաջադրված միակ թեկնածուին։
Բայց դրանից հետո եկել են Դավիթ Մինասյանի թեկնածությունը պաշտպանող ավագանու անդամները եւ Մինասյանին համայնքապետ են ընտրել 11 ձայնով, որը 50 տոկոսից ավելին է: Երդմնակալությունը, ինչպես նախապես էր պլանավորված, պետք է կայանար համայնքի մշակույթի տանը՝ երեկ, սակայն ոստիկանությունը վաղ առավոտից շրջափակել էր շենքը։ Արմավիրի մարզի ոստիկանապետի պարզաբանմամբ՝ կողմերից մեկը դիմել է դատարան, ուստի երդմնակալություն կազմակերպել հնարավոր չէ։ «Ապրելու երկիրը», ի վերջո, Գրիգորյանի երդմնակալությունը կազմակերպեց դրսում՝ մշակույթի տան շենքի դիմաց, իսկ «Մինասյան դաշինքից» ու ՔՊ-ից որեւէ մեկը ներկա չէր այդ իրադարձություններին։ Երդմնակալությունից հետո Գրիգորյանն ու իր աջակիցները որոշեցին, որ նա՝ արդեն որպես ընտրված ու երդում տված համայնքապետ, պետք է գնա իր աշխատասենյակ՝ համայնքապետարան, որտեղ, սակայն, կինոն նոր էր սկսվելու։
Ոստիկանությունը համայնքապետարանի շենքն էլ էր շրջափակել ու Գրիգորյանին ներս մտնել չէր թույլատրում, ինչից հետո փարաքարցիները փակեցին դեպի «Զվարթնոց» տանող ճանապարհը, ոստիկանությունն անցավ գործի ու մարդկանց նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելով՝ սկսեց բերման ենթարկել։ Նշենք, որ ողջ պրոցեսին մասնակցում էին «Ապրելու երկիր» կուսակցության անդամներ Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը։
«Օրինական ընտրված համայնքապետը ստանձնելու է իր պաշտոնը ու անցնի իր աշխատանքին։ Որեւէ ոստիկան, որեւէ ոստիկանապետ դրան խանգարել չի կարող։ Դա կդիտվի որպես ՏԻՄ իշխանության զավթում ոստիկանության կողմից։ Դա շատ լուրջ հոդված է ոստիկանապետի համար, ուստիեւ հորդորում եմ՝ ավելորդ չբարդացնել վիճակը ու մեզ չխանգարել»,- դիմելով ոստիկանությանը՝ հայտարարեց Մանե Թանդիլյանը։
«Գրիգորյան Վոլոդյան հաղթել է, ու ես իմ ձայնի պահանջով եմ ստեղ։ Ո՞վ է տեսել երկու համայնքապետ, սա լրիվ սոցապնախարարի քայլերն են։ Նրան կանչեք ստեղ, ես իրան ամեն ինչի մեջ էլ մեղադրում եմ, ինքը ստիպում է ու ասում, որ անպայման պիտի համայնքապետ լինի Դավիթը, էդ խի՞ տենց։ Իրար հետ ընկերներ են, ու ստիպում է, որ ինքը լինի, բայց ստիպելով չի, մենք ենք ժողովուրդը, մենք ենք որոշում։ Պապիկյանին ու Փաշինյանին բերեք, որ մեր հարցերի պատասխանները տան, այ քեզ բան»,- մեզ ասաց փարաքարցիներից մեկը։
Ժամեր շարունակ համայնքապետարանի շենքի մոտ սպասելուց հետո Գրիգորյանին վերջապես հաջողվեց ներս մտնել, ոստիկանությունը թույլատրեց։ Գրիգորյանը, շրջելով շենքով, աշխատանքային բարի օր մաղթեց աշխատակիցներին, լրագրողներին էլ հայտնեց, թե՝ վերջ, ինքն այսօրվանից անցնում է բնականոն աշխատանքի, վաղը եւս առավոտյան պիտի ներկայանա, ամեն ինչ կարգին է եւ այլն։ Հետո, սակայն, խոսակցություններ սկսվեցին, որից էլ պարզ դարձավ, թե իրականում ինչու նահանջեց ոստիկանությունը։ Երդմնակալությունը եւս պետք է կայանա ավագանու նիստում, որը պետք է քվորում ունենար, ինչը չի եղել, ուստի երեկվա երդումն ու համայնքապետարան մտնելը զուր էին։ Նիստ գումարելու համար «Ապրելու երկրին» անհրաժեշտ է 50+1 մանդատ, բայց 10 մանդատով չի հաջողվի դա ապահովել։
«Դա մեր մեկնաբանելու խնդիրը չի։ Դա ընտրական իրավահարաբերությունների հետ է ավելի շատ կապված, ինչը դուրս է ԿԸՀ գործառույթներից։ Ընտրական հանձնաժողովների գործառույթներն ավարտվում են արձանագրությունների կազմմամբ ու մանդատների տրամադրմամբ։ Չեմ կարող պատասխանել Ձեր հարցին, թե ում տիրույթում է, հավանաբար՝ ՏԻՄ-ը պարզաբանի»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Այսպիսով, հարցը, թե Փարաքարն ի վերջո ունենալո՞ւ է 1 համայնքապետ, թե՝ 2, շարունակում է մնալ օդում կախված։ Սպասվում է, որ Փարաքարում ակցիաները չեն դադարի, մինչեւ հարցը լուծում չստանա։ Գրիգորյանի աջակիցների պնդմամբ՝ պատրաստ են իրենց քվեի համար օրերով մնալ համայնքապետարանի մոտ։ Սակայն ակնհայտ է, որ այս հարցի լուծումը տեղի կունենա դատական կարգով։
Hraparak.am