Դեռևս 2019 թվականին բարձրաձայնել էինք, որ Շենգավիթի Համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը ծայրահեղ անմխիթար վիճակում է, անհրաժեշտ է շտապ վերանորոգել այն: Հարցը երկու տարի անց մասամբ լուծվել է: Տանիքն ամբողջությամբ վերանորոգվել է, իսկ այս տարի նախատեսում են վերանորոգել մեծ մարզադահլիճը, հանդերձարանները, սանհանգույցները:

Վերանորոգման աշխատանքների,  ծնողների, երեխաների կողմից  առողջ ապրելակերպով հետաքրքրվելու, սաների ունեցած հաջողությունների և հարցերի շուրջ զրուցել ենք մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանի հետ:

– Մեր նախորդ զրույցում նշել էիք, որ միայն մարզադպրոցի տանիքը վերանորոգելու համար անհրաժեշտ է մոտ 35 միլիոն դրամ։ Վերանորոգումը մարզադպրոցի ֆինանսների հաշվի՞ն իրականացվեց, թե՞ պետության կամ հովանավորների աջակցությամբ։

– Մարզադպրոցի տանիքը վերանորոգելու համար, մեր հաշվարկով, մոտ 35 միլիոն դրամ էր անհրաժեշտ, սակայն մրցույթը շահել են 68 միլիոնով, քանի որ բոլոր ապրանքատեսակները թանկացել էին:  Տանիքն ամբողջովին վերանորոգվել է ու շատ բարձր որակով: Եղել է Քաղաքապետարանի հսկողության ներքո, աշխատանքը համապատասխանում է ստանդարտներին:






– Մարզադպրոց քանի՞ սան է հաճախում, ի՞նչ հաջողություններ են գրանցվել նրանց կողմից։

– Մարզադպրոց հաճախում է 800-ից ավելի երեխա: Գրանցվել են տարբեր հաջողություններ. հաղթողներ եղել են թե՛ Հայաստանի առաջնությանը մասնակցելիս, թե Եվրոպայի եզրափակիչ մրցումներին մասնակցելիս:

– Մարզադպրոց այցելելը վճարովի՞ է:

– Մարզադպրոցն ամբողջությամբ անվճար է գործում: Շատ երեխաներ են հաճախում, քանի որ Շենգավիթ համայնքում միայն այս մարզադպրոցն է: Ունենք բռնցքամարտ, թենիս, մեծ թենիս, ակրոբատիկա, ցատկացանց: Հոսքը շատ է, և ինչքան տարածքները բարեկարգվում են, այնքան մեծ ոգևորությամբ են երեխաները հաճախում մարզադպրոց: Այս տարի պետության հաշվին կվերանորոգվի մեծ դահլիճը, հանդերձարանները, սանհանգույցները, իսկ մեր բյուջեի ազատ մնացորդի հաշվին՝ մեկ այլ մարզադահլիճ: Կսկսենք գրասենյակները բարեկարգել, լսարան ունենալ: Երևի թե 1.5 տարուց դպրոցը կլինի անթերի վիճակում:

– Որպես տնօրեն՝ ինչպիսի՞ մարզադպրոց կուզեիք տեսնել և ի՞նչ նպատակներ ունեք։

– Կցանկանայի, որպեսզի համայնքի բոլոր երեխաներին մարզադպրոցն ընդունի իր պատերի ներքո, երեխաները զբաղվեն սպորտով, առողջ լինեն, նվաճումներ ունենան: Առաջին հերթին՝ Հայրենիքին պետք է տանք առողջ երեխաներ, վատ սովորություններից կտրենք, որից հետո ամեն մեկը կընտրի իր ուղին, սակայն մեր հիմնական նպատակն առողջությունն ամրապնդելն է: Դպրոցի մոտ 50 տոկոսն արդեն բարեկարգ է, կարծում եմ՝ 1.5 տարուց արդեն միայն կզբաղվենք սպորտի զարգացմամբ: Ուզում եմ, որ երեխաները մեծ սիրով գան մարզվելու:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն