Երեկ՝ հունվարի 18-ին, Սահմանադրական դատարանը բավարարել է խորհրդարանական ընդդիմության դիմումը եւ որոշել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ ՍԴ ուղարկված դիմումը կքննարկվի բանավոր ընթացակարգով եւ դատաքննությունը նշանակել է հունվարի 25-ին՝ ժամը 11.00-ին: Սա նշանակում է, որ դիմումի քննությանը մասնակցելու հնարավորություն կունենան նաեւ կողմերը, իրավաբաններ, լրատվամիջոցներ։ Այն կարող են ուղիղ հեռարձակմամբ անգամ ցուցադրել։ Սա անգամ ընդդիմադիրների զարմանքն է հարուցել, քանի որ որպես կանոն ՍԴ-ն քաղաքական հարցերում ընտրում է գրավոր ընթացակարգը, փակ ռեժիմով քննարկում դիմումները, ապա միայն հրապարակում իր վճիռը։ Սա կարող է նշանակել, որ ՍԴ-ն քաղաքական պատվեր է ստացել Ալեն Սիմոնյանի հարցին առավել մեծ հնչեղություն հաղորդելու։ Գուցե Նիկոլ Փաշինյանը փորձում է իր գործելաոճի շրջանակներում թիմակիցներին լարված պահել՝ սուրը գլխներին կախված, որ մտքներով չանցնի, թե իրենք հավերժ են կամ ինքնուրույն։ Հասկացնում է, որ ցանկացած պահի կարող է նրանց պաշտոնանկ անել եւ ավելի հնազանդ մեկին նշանակել։ 

Հիշեցնենք, որ խոսքը «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների կողմից ՍԴ ներկայացված այն դիմումի մասին է, որով պահանջում են չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրությունը, ավելի ճիշտ՝ վիճարկում են դրա սահմանադրականությունը, քանի որ, ըստ ընդդիմության՝ անհավասար պայմաններ են ստեղծվել եւ իրենց կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը գտնվել են կալանավայրում՝ հնարավորություն չունենալով մասնակցել ընտրությանը։ Եւ քանի որ ՍԴ-ն արդեն որոշում է կայացրել, որ նշված պատգամավորներն անօրինական կարգով են կալանավորված եղել եւ այդ որոշմամբ նրանք ազատ են արձակվել, արդեն որոշակի հիմքեր կան, որ այս դիմումն էլ բավարարվի։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն