Այլաբանական պատմություն՝ իրական անձանցով
Խուժանապետությունները, ինչպեսեւ մարդը, ծնվում են հորից ու մորից: Այսօրվա խուժանապետությունը, սակայն, տարբերվում է 90-ականների խուժանապետությունից: Արդի խուժանապետության թե՛ հայրը եւ թե՛ մայրը Նիկոլն է: Ինքն է ծնել, ինքն է պահում ու գուրգուրում, ինքն է ամրապնդում, թեւեր տալիս: Մյուսները, սկսած ոստիկանապետից եւ վերջացրած Պնախարարով, ներառյալ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն, ընդամենը այդ խուժանապետության սպասավորներն են: Աստված չանի՝ Նիկոլի հոգեզավակին վտանգ սպառնա: Ոստիկանությունն իսկույն սկսում է «փռեմ ասֆալտին» օպերացիան, ԱԱԾ-ն, ձայնակցելով ոստիկանությանը, անհավատալի պատմություններ է մոգոնում խուժանապետության վրա «ձեռք բարձրացրած» անհավատի մասին, Պնախարարը հետաքրքրվում է, թե որտեղ է եղել տվյալ անհավատը պատերազմի ժամանակ, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ իսկույն միջնորդում է, որ այդ անհավատին կոխեն ծակը: Արյուն դեռ չկա, բայց ո՞վ է այս խայտառակ պատերազմից հետո ուրիշ արյան մասին հիշում… Հիմնականում, այո, չեն սպանում, բայց անհավատներին ասֆալտի վրայով քարշ տալու գործում իրենց հավասարը չունեն:
Օրերս ինձ տեղեկացրին (հավաստի աղբյուրներս), որ Նիկոլը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ Մորզեի այբուբենով է «գրվում»՝ տու, տու, տու՝ կարճ, եւ տուուու՝ երկար ազդանշանների համապատասխան հերթականությամբ: Բայց, քանի որ պարոն Արթուր Դավթյանը Մորզեի այբուբենից գլուխ չի հանում, կարճ հեռագրում է Նիկոլին. «Լսում եմ»: Ամենաթարմ դեպքի մասին պատմեմ, թե ինչպես Արթուր Դավթյանը դատավոր Բորիս Բախշիյանին բռնեց Նիկոլի հրահանգով: Ուրեմն այս անհավատ դատավորը կալանքից ազատել էր մեկ այլ անհավատի՝ ազատամարտիկ-հրամանատար Աշոտ Մինասյանին: Իմանալով այդ մասին՝ Նիկոլը Մորզեով հեռագրել էր Արթուր Դավթյանին: Ինչ էր գրել Նիկոլը՝ չգիտեմ, բայց բոլորս տեսանք, թե ինչ արեց Արթուր Դավթյանը: Դատախազությունն իսկույն միջամտեց, որ բռնեն դատավոր Բորիս Բախշիյանին:
Ի դեպ, ես իմ գրառումներից մեկում իմ կողմից հարգված Արթուր Դավթյանին նախազգուշացրել էի՝ մի արա, սիրուն չէ, դատավոր բռնելը ո՞րն է, ի՞նչ կարծիք կկազմեն մեր մասին արդարադատության համաշխարհային դեմքերը: Ընդհուպ ասել էի՝ պարոն Արթուր Դավթյան ջան, ոչ թե Նիկոլը, այլ Դուք կհայտնվեք անհարմար դրության մեջ, եթե դատարանը որոշի, որ դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը, մեղմ ասած, էշություն է: Այդպես էլ եղավ, դատարանը որոշեց, որ Բորիս Բախշիյանն ամեն ինչ ճիշտ ու բարեխիղճ է արել, բայց, քանի որ դատախազությունը շարունակել է իրենը պնդել, բավարարել է դատախազության պահանջը՝ Բախշիյանին թողնել կալանքի տակ: Փաստորեն, դատախազության նախաձեռնությամբ միանգամից երկու խայտառակություն տեղի ունեցավ․ մեկը՝ ապօրինությամբ դատավոր կալանավորվեց, մյուսը՝ չկարողացավ օրինական կերպով նրան արդարացնել: Այսպիսին է խուժանապետության արդարադատությունը, եւ ոչինչ անել չես կարող:
Իսկ ոստիկանապետի եւ Նիկոլի շփումները, ինձ թվում է, Իջեւանի բարբառով են տեղի ունենում, ինչը նշանակում է, որ նրանք կես խոսքից են միմյանց հասկանում: Միայն Իջեւանի բարբառը չէ՝ նրանք նաեւ իջեւանյան տրամաբանությամբ են գործում: Օրինակ՝ Նիկոլը պահանջում է բռնել ԱՊՊԱ-ի թանկացումների դեմ բողոքող վարորդներին, Վահե Ղազարյանն իսկույն նետվում է գործի, բայց երբ Նիկոլը մոռանում է կարգադրել՝ հայտնաբերել եւ բռնել Գյումրիում օրը ցերեկով խանութներ կողոպտող զինված խմբին, պարոն Ղազարյանը «չի ջոկում», որ պետք է այդ խմբին բռնել ու վնասազերծել: Փոխարենը պարոն Ղազարյանն իր զգայարաններից մեկով զգում է, որ Նիկոլի խուժանապետությանը վտանգ է սպառնում, ու չի կարելի ծալած ձեռքերով նստել: Ի՞նչ անել: Նա որոշում է հանցագործներին փնտրել Երեւանում, կանգնեցնել բոլոր մեքենաներն ու ստուգել բեռնախցիկները: Իսկ այդ ընթացքում էլ ԱԱԾ-ի ծերուկ վունդերկինդները մի երկար բալլադ կհորինեն այն մասին, թե ինչպես է ավտոմատ զենքը հայտնվել Գյումրու խանութները թալանող դիմակավոր ահաբեկիչների ձեռքին:
Իսկ հիմա՝ բուն խուժանապետի մասին: Առանձին լրատվամիջոցներ գրեցին այն մասին, որ օրերս, Վրաստանի ՆԳ նախարարի՝ Հայաստանում գտնվելու օրերին, Երեւանի ամենաթանկ ռեստորաններից մեկում ճաշ է տրվել նրա պատվին: Նիկոլ դու Նիկոլ, պատմում են, որ այդ ճաշին՝ ինչքան արաղ կար սեղանին՝ խմել է: Վրացի նախարարը բարձր է գնահատել ՀՀ վարչապետի խմելու կարողությունը, բայց ինչ-որ պահից սկսած՝ վատ է զգացել իրեն եւ ցանկություն է հայտնել՝ հոգին ազատել հարբած Նիկոլից: Վահե Ղազարյանը, ողորմի նրա բոլոր անցավորներին, կարողացել է կազմակերպել, որ «ախրանկան» Նիկոլին (թեւերն ընկած) հեռացնի դեպքի վայրից: Ինձ համար այս պատմության արժանահավատ մասն այսքանով ավարտվում է, թեեւ թերթերն ավելի պերճախոս էին՝ թե բա Նիկոլը, լծակը կորցրած, վրացի նախարարի ներկայությամբ քֆուր է տվել ՌԴ նախագահին, ՀԱՊԿ-ին եւ ուրիշներին: Բան չունեմ ասելու, բարձր մակարդակներում քֆուր տալը խուժանապետության ամենասովորական դրսեւորումներից է, բայց ես չեմ հավատում, որ մենք այդ աստիճանի ենք ցած գլորվել:
Խուժանապետությունները, բարեբախտաբար, երկար կյանք չեն ունենում: Հուսանք, որ սա էլ երկար չի տեւի: Առջեւում գարուն է, իսկ գարնանը միշտ էլ հնարավոր են անակնկալներ: Չես իմանա՝ ինչ կպատահի՝ սոցիալական բունտ, քաղաքական շարժումներ, Ռադիոտուն մտնել, ճանապարհ փակել… Արմեն Սարգսյան-Արման Բաբաջանյան-Էդմոն Մարուքյան տրիոն էլ արդեն չկա, որ գործը նոր ընտրությունների տանի: Մնացել են ուժայինները, դրանք էլ ով գիտի արդեն զզվել են Նիկոլի խուժանապետության պտուտակները լինելուց:
Hraparak.am