Ինչով է զբաղված Վազգեն Մանուկյանի «Վերնատունը»
Արդեն մեկ տարի է` Վազգեն Մանուկյանի գլխավորած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մասին որեւէ տեղեկություն չկա: Ակումբը ստեղծվել է 2 տարի առաջ, բաղկացած է ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչներից, որոնցից շատերն առանձին հարթակներում, մասնավորապես՝ սոցցանցերում բավականին ակտիվ են, սակայն, թե ինչու չի գումարվում «Վերնատան» հերթական հավաքը, ինչու է այսքան պասիվ այն, եւ վերջապես հնարավո՞ր է լուծարվի ակումբը, քանի որ, ըստ էության, մեկ տարի ասպարեզ դուրս չգալը հիմք է նման ենթադրություններ անելու, փորձեցինք պարզել հենց ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանից:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է Վերնատան գործունեությունը վերջին մեկ տարվա ըմթացքում պասիվացել, Մանուկյանը նշեց, թե անդամների հետ հանդիպում եղել է 2 ամիս առաջ: Այն հարցին, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը, Մանուկյանը չցանկացավ մանրամասնել: «Երբ գրասենյակի հարցը լուծվի, Ձեզ անպայման տեղյակ կպահենք, հիմա ակտիվ վիճակում չի ակումբը», - նշում է քաղաքական գործիչը:
Մեր այն հարցին էլ, թե եթե ակումբն ակտիվ գործունեություն չի ծավալում եւ եթե գրասենյակի հարցն էլ լուծված չէ, գուցե լուծարվի այն, Վազգեն Մանուկյանը բացառեց այն, նշելով, որ «Վերնատունը» շարունակելու է իր գործունեությունը:
Hraparak.am