Իսպանիան Ուկրաինա կուղարկի հակատանկային ականանետեր և գնդացիրներ
Իսպանիան պատրաստվում է Ուկրաինա ուղարկել 1370 ականանետ, 700 հազար փամփուշտ, ինչպես նաև թեթև գնդացիրներ։ Известия պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։
«Ուրբաթ օրն առավոտյան երկու ինքնաթիռ կմեկնի՝ հարձակողական զինատեսակներով»,- ասաց նա Antena 3-ին տված հարցազրույցում:
Ռոբլեսի խոսքերով՝ իսպանական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները բեռը կհասցնեն լեհ-ուկրաինական սահմանի մոտ, որտեղից ուկրաինական իշխանությունները կվերցնեն զինամթերքը։
Այսօր ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մտադրության մասին։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ մարտի 2-ի դրությամբ Ուկրաինային զենք է մատակարարում 19 պետություն, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
Նախօրեին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, ներառյալ զենքի մատակարարումը, ինչպես նաև սերտորեն համակարգել գործողությունները՝ հաշվի առնելով Ռուսաստանի հատուկ գործողությունը։
Shantnews.am



















