Նախարարներն ու պատգամավորները իրենց բժշկական ապահովագրության խնդիրը լուծել են և չեն ուզում մտածել միջին խավի բուժապահովագրության մասին
Մի քանի ամիս է քննարկվում է 2023-ից Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգ ներդնելու հարցը, Սա լինելու է պարտադիր բժշկական ապահովագրություն, նախագծով՝ աշխատավարձի 6 տոկոսն է պահվելու. 3-ը գործատուն կվճարի, 3 -ը՝ աշխատողը։ Առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի համոզմամբ, սակայն, այս համակարգը պրակտիկորեն հնարավոր չի լինելու ներդնել, քանի որ չկա կոնսենսուս այն գերատեսչությունների միջև, որոնք պետք է ներդնեն համակարգը, երկրորդ՝ կառավարության ֆիսկալ քաղաքականությանն է հակասում։
Նրա խոսքով՝ առողջապահության հարկ ներդնելը իրատեսական չէ. «Մի քայլ հետ գնանք, հեղափոխական առաջարկից տեղափոխվենք ավելի էվոլյուցիոն առաջարկի, և 4-5 տարի հետո կունենանք այդ համակարգը: Սա նոր հարկատեսակի ներդրում չի պահանջի, այլ դանդաղ ներդրում կենթադրի, քանի որ միանգամից ներդնելը իրատեսական չէ»,-ասաց Թորոսյանը:
Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պարտադիր բժշական ապահովագրություն ներդնելու հարցով զբաղվել են 1995թվականից։ Ավելին՝ պարտադիր բժշկական ապահովագրության մասին օրենքը՝ ստորագրված նախկին նախարար Արա Բաբլոյանի կողմից, դրված էր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սեղանին և արդեն պետք է ներդրվեր, բայց ծանր ժամանակաշրջան էր երկրաշարժից ու պատերազմից հետո՝ կործանված տնտեսություն, հարկերի հավաքման ցածր մակարդակ, և այդ քայլը փորձում էին անել, որպեսզի լուծվի ժողովրդագրական, և ամենակարևորը, առողջապահական լուրջ խնդիր։
Ցավոք, այդ ժամանակ այդ խնդիրը չկարողացան լուծել՝ ֆինանսական խնդիրների պատճառաբանությամբ. «Այնուհետև մեր աշխատանքային խումբը, որը ես էի ղեկավարում, 2000-ին մշակեց այդ հայեցակարգը և հայեցակարգն արդեն իսկ պատրաստ էր ընդունվելու, բայց քաղաքական տարբեր մղումներից ելնելով՝ այն այդպես էլ չընդունվեց, չդարձավ ռազմավարություն, օրենք: 1999 թվականին պետական բյուջեն սեկվեստրի ենթակելու առիթով իրավիճակը ծանր էր, և առողջապահական բյուջեն կրճատվեց: Պետական բյուջեից հատկացված տասը միլիարդից մեկ միլիարդը կրճատեցին: Իհարկե, խնդիր կա, որպեսզի համակարգը լինի ֆինանսապես կայուն, և լինեն պարտադիր հոսքեր, որպեսզի այն կարողանա աշխատել»,-ընդգծեց տնտեսագետը:
Այդուհանդերձ, Արիստակեսյանը համաձայն է Արսեն Թորոսյանի դիտարկմանը, որ այս իրավիճակում հնարավոր չէ համակարգը ներդնել, անհրաժեշտ են հսկայական ֆինանսական ռեսուրսներ, որին պետք է մասնակցեն քաղաքացիները. «Քաղաքացին պետք է իր առողջության մասին մտածի, քաղաքացին մատների արանքով է նայում առողջությանը, և մինչև «դանակը ոսկորին» չի հասնում, չի դիմում բժշկի, իսկ պարտադիր ապահովագրության ներդրման դեպքում, երբ քաղաքացին արդեն իր գրպանից գումար կմուծի, արդեն կմտածի պարբերաբար բժշկին դիմելու, հետազոտվելու մասին»:
Բացի այդ, Արիստակեսյանի խոսքով՝ փուլային տարբերակն արդեն կատարվել է. «Սոցփաթեթի շրջանակներում բյուջետային հիմնարկների աշխատողների գերակշիռ մեծամասնությունն ունի բժշկական ապահովագրություն: Սոցփաթեթի մեջ ներառված անձինք պետական պատվերի շրջանակներում ստանում են անվճար բժշկական օգնություն, այսինքն՝ փուլայինի առաջին քայլն արված է, և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, բյուջետային հիմնարկների աշխատողները՝ ի թիվս պատգամավորների, նախարարների և այլն, իրենց բժշկական ապահովագրության խնդիրը լուծել են և բոլորովին չեն ուզում մտածել միջին խավի բժշկական ապահովագրության խնդրի լուծման մասին։ Չեն ուզում օրենքներ ընդունեն, չեն ուզում այդպիսի հարկաբյուջետային քաղաքականություն վարել և համապատասխան ռեսուրսներ լինեն այդ խնդիրը լուծելու համար»,-ասաց Արիստակեսյանը:
Մյուս խոչընդոտը, ըստ նրա, եկամտահարկի նորից խտրական մոտեցումն է. «Բարձր վարձատրություն ստացող էլիտայի համար՝ սկսած նախագահից, պատգամավորներից, եկամտահարկի ազատումը բերում է նրան, որ պետական բյուջեն տարեկան ևս երեսուն միլիարդ դրամից զրկվում է, և այդ երեսուն միլիարդը գնում է բարձր եկամուտ ստացող անձանց, որոնք արդեն իսկ սոցփաթեթի շրջանակներում ստանում են պարտադիր բժշկական ապահովագրություն, գնում է նրանց գույքային պայմանները բարելավելուն և ապօրինի հարստացմանը։ Այդ գումարները պետք է բերել բյուջե, որ կարողանանք պարտադիր բժշկական ապահովագրություն ներդնել։ Հաջորդ խոչընդոտն այն է, որ նախարարը համարձակվում է օրենքին, սահմանադրությանն, կառավարության որոշմանը հակառակ հրմաններ արձակել: Մասնավորապես, այս տարվա հունվարի 20-ի հրամանով սահմանվել է պետպատվերի շրջանակներում վիրահատության ծառայությունների գները և դրանով սահմանափակվել է բնակչության սպասարկման մասին օրենքով սահմանված սոցիալական րոշակի խմբերի իրավունքը, որոնք իրավունք ունեն անվճար դժվարամատչելի ծառայություններ ստանալու: Փաստացի, մարդիկ չեն կարողանում իրացնել իրենց իրավունքը և ստանալ անվճար օգնություն: Դրա համար վճարում են, իսկ եթե չեն վճարում, ապա ծառայությունը չի մատուցվում: Դրանք խոչընոտ են, որպեսզի պարտադիր բժշկական ապահովագրությունը ներդրվի: Այսինքն օրենսդրական կարգավորման լիքը բացեր կան, որոնք պետք է լուծվեն, նոր անցնեն պարտադիր ապահովագրության»,-ընդգծեց Արսիտակեսյանը:
Հաջորդ խորընդոտը, ըստ նրա այն է, որ չկան բժշկատնտեսագիտական ստանդարտներ. «1999-ից սկսած պետական բյուջեում տող կա, որը նախատեսված է, որ առողջապահության նախարարությունը պետք է մշակի բժշկական արձանագրությունները և դրանց հիման վրա բժշկատնտեսագիտական ստանդարտները: Դա արվում է նրա համար, որ ճիշտ բժշկական ծառայություն մատուցեն՝ միջազգային ստանդարտներին ու փորձին համապատասխան: Իսկ բժշկատնտեսագիտական ստանդարտները այդ պրոտոկոլների հիման վրա հաշվարկված գինն են, որով ապագայում պետք է փոխհատուցվեն պարտադիր բժշկական ապահովագրության շրջանակներում մատուցված ծառայությունները: Մեզ մոտ չկան այդ ստանդարտները, այսինքն չկան այն ստանդարտները, որ ամբողջ հանրապետության տարածքում բոլոր բուժհաստատությունները նույն գները կկիրառեն: Սա ևս խոչընդոտ է պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման համար: Պետությունը որպես լիազոր ներկայացուցիչ պարտավոր է կարգավորել առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների գները: Դա այն պատճառներից մեկն է, որը խոչընդոտում է պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը: Եթե այսքանը չեն հասկանում, թող պրոֆեսիոնալներին հարցնեն»,-ընդգծեց նա: