Միջազգային հերթական կառույցն է զեկույց է հրապարակել, որում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը: Հերթական անգամ փաստել են ու պնդել՝ հակամարտությունը լուծված չէ:

Արդյո՞ք սա մեսիջ է կամ նոր հնարավորություն հայկական կողմի համար: Հայ վերլուծաբանների կարծիքով՝ այս փուլում կարևոր է ոչ միայն իշխանությունների   քաղաքականությունը, այլև միջազգային իրադրությունը, որն արտացոլվում է նաև տարածաշրջանում:

Եվրախորհրդարանը զեկույց է հրապարակել Արևելյան գործընկերության տարածաշրջանում անվտшնգnւթյան խնդիրների վերաբերյալ։ Զեկույցում հստակ ասվում է՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտnւթյnւնը կարգավորված չէ»: Եվրախորհրդարանը խորապես մտահոգ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակվող լարվածությամբ և հիշեցնում է՝ մարտին վնաuվել էր Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող գլխավոր գազատարը, և տարածաշրջանը մնացել էր առանց էներգակիրների հասանելիության։

44-օրյա պատերազմից հետո  միջազգային կառույցներից բազմից են հնչել հայտարարություն-հաստատումներ, որոնք հակադրվել են Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե ԼՂ հակամարտության հարցն այլևս անցյալում է: Վերջին երկու տարում հակամարտության քաղաքական, բանակցային լուծման անհրաժեշտության մասին խոսել են թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, թե առանձին գործիչներ և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից: Պատերազմից հետո ամենից շատ և ուղիղ տեքստով խնդրի մասին խոսել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին.

«Խնդրի մասին դեսպանը վերջին անգամ խոսել էր այս տարի՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ հանդիպման ժամանակ: Իսկ մինչ այդ նա լրագրողներին էր փոխանցել կարծիքը, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:

Դեսպանը հավաստիացնում է՝ աշխատելու են որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մյուս հարցերը՝ պատերազմի հետևանքների և մյուս խնդիրների վերջնական կարգավորումը:

ԼՂ հակամարտությանն այս տարի անդրադարձել էր նաև Եվրախորհրդարանում Ֆրանսիայի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն։Թվիթերյան իր միկրոբլոգում ունի հետևյալ ձևակերպումը.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, հրադադարի ռեժիմը չի պահպանվում»:

«Խաղաղության օրակարգի» ուղղությամբ վերջին կրակոցն Ադրբեջանից արձանագրվել է մայիսին: Ադրբեջանական սադրանքն այդ ժամանակ խլեց հայ զինծառայողի կյանքը։ Հենց այս իրողությունն իր հերթին փաստեց՝ ի հեճուկս Բաքվի բոլոր պնդումների՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ։

Որ դեռևս հնարավոր չէ խոսել տարածաշրջանային իրավիճակի ամբողջական կայունացման մասին, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս լուծված չէ՝ շեշտվել էր նաեւ Փաշինյան-Պուտին զրույցներում։ «Հակամարտության լուծման և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանն ունի առանցքային նշանակություն, հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր»,- ընդգծել է Փաշինյանը:

Մեկ անգամ չէ, որ հակամարտության կարգավորված չլինելու ու այս հարցում միջնորդության մանդատ ունեցող միակ կառույցի ակտիվացման մասով շեշտադրումներ են կատարվել թե Հայաստանի, թե հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից։ Որքան էլ Բաքուն փորձում է տորպեդահարել վերջիններիս աշխատանքը։

Հայաստանի վերլուծական դաշտում հակված են մտածել, որ հայկական կողմն այս փուլում փորձում է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկել էսկալացիան թուլացնելու համար: Վերլուծաբանների համար ակնհայտ է՝ աշխարհաքաղաքական ներկա պայմաններում տեղի են ունենում  վերաձևումներ: Հարավային Կովկասը բացառություն չէ: Օգտվելով այս փուլից՝ Ադրբեջանը փորձում է արագորեն հասնել առավելագույնի: Միջազգային հանրությունից եկող ազդակները կարելի է օգտագործել Հայաստանի շահերից՝ կարծում է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Իշխանությունը միջազգային իրավունքի երկու սկզբունքները՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սինթեզից է հանդես գալիս, ինչպես Հելսինկյան խաղաղության համաժողովի բանաձևն է, որ ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականությանը չի խանգարում: Բայց դրա համար միջազգային իրավունքի բարձրակարգ մասնագետներ են պետք՝ քաղաքագետի ասածը, զինվորականի ասածը պետք է միջազգային իրավունքի մեջ տեղավորվի: Կարծում եմ, որ ԼՂԻՄ-ը մենք պահում ենք, և միջազգային ատյաններում դա արվում է՝ ԼՂԻՄ-ը, դրա անվտանգությունը և այլն, և այլն: Առաջին անգամ այս ճանապարհին պարտությունից հետո ԱՄՆ-ն, կարծես, տեղից շարժվեց և խոսեց Ղարաբաղի ժողովրդի անվտանգության մասին և այլն: Սա, ըստ էության, խորքի մեջ ոչ հստակ ձևակերպված ինքնորոշման իրավունքի ճանաչումն է: Հիմա Հայաստանը եղած վիճակով, պատասխանատու ձևով եմ ասում, անում է այն, ինչ անվտանգության միջավայրի հնարավորությունները թողնում են»: 

Հայ վերլուծաբանների կարծիքով՝ անգամ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում այժմ բախվում են Արևմուտքի և Ռուսաստանի շահերը: Տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը հորդորում է չշփոթել ձևակերպումները.

«Երբ խոսվում է իրավունքների և անվտանգության մասին, դրա լուծումն ի վերջո բնավ էլ չի կանխատեսում որևէ կարգավիճակ: Մեր քայլերը շատ խիստ սահմանափակ են՝ փորձել քայլերը համադրել երրորդ դերակատարների հետ, ովքեր կոնկրետ հետաքրքրություն ունեն այս տարածաշրջանում ներկայություն ապահովելու համար: Այս պահին թիվ մեկ դերակատարը՝ չնայած անընդհատ նվազող ռեսուրսներին,  ՌԴ-ն է»:

Մինչ ամենատարբեր հարթակներում շեշտվում է, որ ԼՂ հակամարտությունը դեռ ենթակա է բանակցային լուծման, վերլուծաբանները պնդում են՝ Հայաստանը պետք է ոչ միայն արեւմուտքի եւ ռուսաստանի հետ աշխատանքում շահերի համընկման վրա աշխատի, այլև փորձի սեփական ուժերով լուծել իր անվտանգային խնդիրները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն