Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն՝ մի շարք գործարքներ պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով: Օրենքի պահանջները չպահպանելը հանգեցնելու է գործարքի անվավերության և պատասխանատվություն է ենթադրելու։ Մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցներն անկանխիկ պետք է իրականացնեն  300 հազար դրամը գերազանցող գործարքները։ Հաջորդ տարվանից պահանջի շրջանակներն ընդլայնվելու են։ Ըստ փորձագիտական հաշվարկների՝ Հայաստանում անկանխիկ է իրականացվում  ողջ շրջանառության 25 տոկոսը։ Գործադիրի հիմնավորմամբ՝ նպատակը ստվերի դեմ պայքարն է։ Փորձագիտական դաշտում նպատակը հասկանում են, բայց նաև տոտալ վերահսկողության վտանգ են տեսնում։

Հուլիսի 1–ից մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող բոլոր գործարքները պետք է իրականացնեն բացառապես անկանխիկ։  Պահանջը վերաբերում է նաև կրթական ու բժշկական հաստատություններին, համայնքային բյուջեներից իրականացվող վճարումներին։ Գրանցում պահանջող գործարքների դեպքում անկանխիկին անցնելու շեմը 500 հազար դրամն է, որը 2023–ի հուլիսի 1–ից նույնպես  կնվազի։ Պահանջներն ավելի խիստ են գրավատների դեպքում։ Արդարադատության նախարարի տեղակալ  Երանուհի Թումանյանց․

«Գրավատները վարկերը տրամադրելու են բացառապես անկանխիկ եղանակով, եթե  2022թ հուլիսի 1–ից վարկի գումարը կգերազանցի 80 հազար դրամը։ Հետագայում 2023 թվականի հունվարի 1–ից արդեն 50 հազարը, 2024թվականի հունվարի 1–ից՝  20 հազար դրամը գերազանցող բոլոր վարկերը , որ տալիս են դրամատները, պետք է տրամադրվեն անկանխիկ ձևով»։

Բժշկական ու կրթական հաստատությունները հուլիսի 1-ից Երևանում, հաջորդ տարվա հուլիսի 1-ից մարզկենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի ողջ տարածքում իրենց մատուցած ծառայությունների դիմաց ցանկացած վճար ընդունելու են բացառապես անկանխիկ։ Նույն ժամանակացույցն է գործելու նաև մասնավոր հատվածում աշխատավարձի վճարման դեպքում։ Այսինքն՝ հուլիսի 1-ից Երևանում, հաջորդ հուլիսի 1-ից մարզկենտրոններում, իսկ 2024-ի հուլիսի 1-ից ողջ Հայաստանում մասնավոր հատվածը, նաև նոտարները, փաստաբանները աշխատավարձերը վճարելու են միայն անկանխիկ՝ տեղեկացնում է  ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը՝ վստահեցնելով՝ անկանխիկ վճարման անցնելուն բուժհաստատությունների մի մասը  պատրաստ է, մյուսներն էլ պատրաստվում են․

«Քաղաքացու անկանխիկ վճարելու իրավունքն է գերակա այս պահին ։ Եթե ես մոտենամ բուժհաստատություն, ասեմ, որ  ցանկանում եմ  վճարել անկանխիկ, նրանք պետք է ունենան POS-տերմինալներ։ Եթե հաճախորդը չցանկանա այդպես վճարել, կամ այլ անկանխիկ վճարման եղանակով ցանկանա վճարել, ապա դա էլ է նորմալ։ Կարևոր հատված կա վճարումների, որն իրականացվում է տերմինալների միջոցով»։

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի՝ վճարային քարտերով գործարքներ կատարելու պահանջները կատարելու համար  տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ (POS-տերմինալներ) և հաճախորդի պահանջով՝ անկախ գումարի չափից, ընդունել անկանխիկ վճարում։ Պատրաստ է արդյո՞ք բիզնեսն այս նոր փոփոխություններին․ գործատուների հանրապետական միությունում սպասում են օրենքի՝ ուժի մեջ մտնելուն։ Մինչ այդ էլ միության նախագահ  Գագիկ Մակարյանին դժգոհություններ հասել են․

«Բավականին դժգոհություններ կան, բայց քանի որ մենք հիմա չենք հասցնի  քննարկումներ սկսել, սպասում ենք  օրենքի ուժի մեջ մտնելուն։ Աշխատելիս էլ խնդիրները կպարզվեն։ Կյանքը ցույց է տալիս, որ օրենքները որքան էլ լավ մտածված լինեն, գործարկելուց հետո երևում են  թերությունները»։

Առաջիկայում նաև  բնակարանի առք ու վաճառքը կանխիկով հնարավոր չի լինելու իրականացնել: Եթե իրականացվի,  հետագայում կողմերից մեկի վիճարկման  դեպքում գործարքն իրավական ուժ չի ունենա։ Նույն պահանջը վերաբերում է  նաև  բնակարան և ավտոմեքենա ձեռք բերելուն։  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը չի թաքցնում՝ կանխիկի նվազեցման գլխավոր նպատակը ստվերային տնտեսության կրճատումն է, ինչը  թույլ կտա  ավելի շատ հարկ ու տուրք հավաքել։  Բայց թե որքանով կկրճատվի ստվերը, հաշվարկներ չկան․ 

«Բնականաբար կանխիկով ապրանքաշրջանառությունը կամ կանխիկով գործարքները միանշանակ ստվերային տնտեսության գործոն են։ Գործոնի վերացումը միանշանակն բերելու է ավելի թափանցիկության ու հարկային եկամուտների աճի»։

Ինչո՞ւ  է պետությունն անցնում  համատարած անկանխիկ վճարումների։ Հարցի պատասխանը բազմաշերտ է՝ ստվերի դեմ պայքարից մինչև եկամուտների տոտալ վերահսկողություն՝ ասում է ԳՀՄՆ Գագիկ Մակարյանն ու նկատում՝  նպատակներն ազնիվ են, բայց ռիսկեր նույնպես կան․ որևէ մեկը չգիտի, թե որ կառավարությունն  ինչպես կօգտագործի այս որոշումը։ Նախորդ  տարիներին անկանխիկի շրջանառությունը Հայաստանում ամեն տարի աճել է, իսկ  նախորդ տարվա արդյունքներով կազմել  ողջ շրջանառության գրեթե մեկ քառորդը կամ շուրջ 3 տրիլիոն դրամ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն