ԼՂ հակամարտության և «Խաղաղության օրակարգի» շուրջ նոր բացահայտումները դարձյալ ալեկոծել են Հայաստանի քաղաքական և վերլուծական դաշտը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում նոր բացահայտումներ է արել բանակցային գործընթացի պատմությունից՝ ներկայացնելով, թե բանակցային ժառանգության մանրամասները: Փողոցային պայքարի ձևաչափից հրաժարված ընդդիմությունը, որի կորիզը նախկին պաշտոնյաներն են, հայտարարել է, որ պայքարը շարունակվելու է, մինչդեռ հնչած մեղադրանքներին դրանց ուղիղ «հասցեատերերը» դեռ չեն արձագանքել:

Հայաստանում իշխող ուժն ինչպե՞ս է պատկերացնում և ձևակերպում ԼՂ հակամարտության լուծումն ու Արցախի կարգավիճակը. պաշտոնական ձևակերպումները տրվել են բազմիցս, բայց  փակագծերը բացելու կարիք, այդուհանդերձ, կա: Ինչո՞ւ ուղիղ չի ձևակերպվում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ԱԺ այս նստաշրջանի՝ արձակուրդներից առաջ վերջին ճեպազրույցի ժամանակ լրագրողները փորձում էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից լսել այս հարցի պատասխանը: Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կրկին ձևակերպում է՝ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակը պետք է լինի ոչ թե նպատակ, այլ՝ միջոց.

«Մենք խոսում ենք շարունակական բանակցային պրոցեսի մասին, որ նախորդ կառավարությունները շարունակել են: Ռոբերտ Քոչարյանի պայմանավորվածությունները շարունակել է Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանի պայմանավորվածությունները ավարտվել են, ըստ էության, 2018-ին, երբ նա հայտարարել է, որ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ պատերազմն անխուսափելի է, և մեր առջև դրվել են պայմաններ, որոնք անընդունելի են ՀՀ –ի համար: Դրանից հետո տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Եվ հիմա բանակցային գործընթացներում կան հստակ ֆիքսված փաստեր, որոնք ՀՀ այն ժամանակվա իշխանությունները ընդունել են որպես բանակցային հիմք, և մենք չէինք կարող հաշվի չնստել այս ամեն ինչի հետ։ Հիմա էլ բանակցություններն ընթանում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների և իրավունքների իրացման համար, որից պետք է բխեցնենք կարգավիճակը: Ըստ էության՝ ձեր հարցադրմանը ուղիղ պատասխան չի կարող հնչել, որովհետև ընթանում են բանակցություններ Արցախի ժողովրդի անվտանգությունը և իրենց հայրենիքում ապրելու իրավունքը ապահովելու համար»:

Փողոցի պայքարից առայժմ հրաժարված խորհրդարանական ընդդիմության անհամաձայնությունը իշխանության հետ նաև նման ձևակերպումների պատճառով է: ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը բացառում է հայանպաստ որևէ  լուծում նման ձևակերպումներով.

«Բաքվի, Սումգայիթի ջարդեր իրականացնող Ադրբեջանից, Ռամիլ Սաֆարով ծնած Ադրբեջանից ակնկալել, որ կապահովի արցախահայերի անվտանգությունը, մեղմ ասած լուրջ չէ»:

Նախօրեին խորհրդարանում վարչապետ Փաշինյանը որոշեց հստակեցնել, թե որ թվականին, ինչ փաստաթղթերով և որ իշխանություններն են ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում՝ Մադրիդյան սկզբունքներից մինչև տարածքների փոխանակում: Փաշինյանը պնդում է՝ անգամ քննարկել են Ղարաբաղը Մեղրիով փոխանակելու հարցը:

Դա եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին: Ինքը՝ Քոչարյանը, չի հերքել, որ նման առաջարկ ստացել է, գրել է անգամ իր գրքում, բայց օրինակ՝ նույն բանակցությունների մասին տարբեր հիշողություններ է ներկայացրել 2021 թվականի հունիսի 5-ի և դեկտեմբերի 27-ի հրապարակային ելույթների ժամանակ. 

Հունիսի 5

«Մեղրիի հին նաֆթալինոտ երգն եք ասում, պաշտոնական առաջարկ Մեղրիի վերաբերյալ համանախագահողների կողմից չի եղել ընդհանրապես: Ես նախագահ եղած ժամանակ ստացել եմ 3 պաշտոնական առաջարկ. մեկը եղել է ընդհանուր պետության մասին, մյուս եղել է Քի Վեսթի այդ գործընթացը և երրորդը  Մադրիդյան սկզբունքներն էին: Մեղրիի փոխանակման առաջարկը եղել է Ալիևի կողմից, բայց այն  պաշտոնական առաջարկ չի դարձել, որովհետև մեր պատասխանը եղել է հետևյալը՝ Իրանի հետ սահմանը մենք չենք կարող կորցնել»:

Դեկտեմբերի 27

«Խոսքը գնում էր Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին: Չիրագործվեց, որովհետև Ադրբեջանի նախագահը Քի Վեսթում հրաժարվեց ստորագրել վերջին պահին: Հիմա պատկերացրեք մենք ունենայինք Քի Վեսթի լուծումը և համեմատեք այդ լուծումը այսօրվա վիճակի հետ»:

Միջազգային անվտանգության եւ համագործակցության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը չի պատրաստվում բավարարվել Փաշինյանի պատմածով ու կրկին պահանջելու է գաղտնազերծել կարգավորման բոլոր տարբերակները։ Ֆեյսբուքում գրառմամբ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ պարտավոր է իր արդարացիությունը  ապացուցելու համար հրապարակումներ անել, այլապես այն, ինչի տակ նա մնում է Փաշինյանի պատմածով, անմեղ դուրս գալու տարբերակ չի թողնում: Վերաշարադրանքները բավարար չեն՝ ըստ քաղաքագետի: Անհրաժեշտ են փաստաթղթերը, իսկ դատավորը ժողովուրդն է:

Նախօրեին ներկայացված փաստերին նախկին նախագահներից ոչ մեկը դեռ չի արձագանքել: Խոսել են ընդդիմադիր պատգամավորները և գործիչները: ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ուղիղ մեղադրանքներին, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Դաշնակցությունը մշտապես դիտարկել են Արցախը Ադրբեջանի կազմում, պատասխանում է.

«Ուրեմն բանակցային ողջ գործընթացին երկու նախագահները, արտգործնախարարները, բազմաթիվ վերլուծաբաններ, փորձագետներ շատ հիմնավորված, փաստաթղթավորված անդրադարձել են: Ես այլևս հարկ չեմ համարում այդ դետալների մեջ մտնելու: Նիկոլ Փաշինյանը ստացել է 42 հազար քառակուսի կիլոմետրանոց զույգ հայկական պետություններ, այսօր տեսեք դրանից ինչ է թողել»:

Արցախի Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը իր պարզաբանումներից մեկում նման պնդումներին պարզապես հակադարձում է.

«Այսինքն՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Արցախը անկախ պետությո՞ւն էր: Այդ դեպքում ինչո՞ւ Մադրիդյան սկզբունքներում չի գրված, որ Արցախը պետք է լինի անկախ պետություն: Գրված է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության կամարտահայտությամբ: Գրված է, որ հանրաքվեի դրվելիք հարցը չի կարող սահմանափակվել: Այսինքն՝ կարող է լինել մի քանի հարց. կո՞ղմ եք ԼՂ անկախությանը, կո՞ղմ եք  Հայաստանին միավորմանը, կո՞ղմ եք ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում մնալուն, կո՞ղմ եք, որ  ԼՂ-ն լինի ենթամանդատային տարածք: Մենք չգիտենք չէ՞, այդ հարցերը ինչպես էին համաձայնեցնելու: Իրականությունը չի կարելի գլխիվայր շրջել և այնպես ներկայացնել, որ մինչև սեպտեմբերի 27-ը Արցախն անկախ էր, իսկ հանրաքվե անցկացնելու դեպքում միջազգային հանրությունը իսկույն ճանաչելու էր Ղարաբաղի անկախությունը, բայց պատերազմից հետո ինչ-որ հրաժարվում է»:

Խորհրդարանական մեծամասնությունը ճիշտ է համարում վարչապետի քայլը բանակցությունների գաղտնազերծման ուղղությամբ:  Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վարչապետի ելույթը կարևորում է այն իմաստով, որ իշխանությունն այդ կերպ փորձում են փակել այն «ճեղքը», որը կա հանրության և բանակցային ողջ գործընթացի միջև: Հանրությունն, ըստ էության, տեղեկացված չի եղել բանակցային գործընթացի մանրամասներից՝ պնդում է պատգամավորը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն