Թեհրանը մտրակի ու բլիթի քաղաքականություն է վարում Բաքվի նկատմամբ
«Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է իր վերահսկողության տակ անցած տարածքներում արժեքավոր ժառանգությունը, եւ Իրանը կարող է օրինակ ծառայել Ադրբեջանին այս հարցում»,– Թեհրանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է 44–օրյա պատերազմից հետո Հայաստանում և Արցախում ձևավորված իրավիճակը, հումանիտար խնդիրները, նաև՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային արժեքների պահպանության հարցը:
Հանդիպման առանցքային թեմաներից է մեկը Հայաստանի ու Իրանի միջեւ հաղորդակցության ուղիների թեման էր։ Իրանագետը, վերլուծելով իրանա–ադրբեջանական հարաբերություններն ու Հայաստանի հետ համագործակցության հնարավարությունները, նշել է, որ Թեհրանը Բաքվի նկատմամբ մտրակի ու բլիթի քաղաքականություն է վարում՝ վերահսկելով իրադրությունը։
Իրանի հետ Հայաստանի երկաթուղային կապի հաստատումը օրակարգային կարևորագույն հարցերից է՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա շեշտել է, որ հայկական կողմը կարևորում է էներգետիկ և տրանսպորտային բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների ձեռք բերումը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում խոսելով Հայաստան–Իրան հաղորդակցության ուղիների մասին, նկատում է՝ վիճակը բարդացավ Գորիս–Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածի վրա թշնամու կողմից վերահսկողություն սահմանելուց հետո, հատկապես որ այլընտրանքային ճանապարհը ծանր բեռնատարների անցման տեխնիկական չափորոշիչներին չի բավարարում․
«Վտանգված է Իրան–Հայաստան կենսական նշանակության կապը, դա միայն առեւտրին չի վերաբերում։ Պատերազմական իրավիճակում այդ ուղին եղել է կյանքի ուղի, հետեւաբար՝ այդ ճանապարհի կարեւորությունը ոչ միայն տնտեսական է, այլեւ աշխարհաքաղաքական ու նույնիսկ անվտանգային։ Եվ մյուս հարթությունը՝ 44–օրյա պատերազմը բերել է շատ աղետներ, որոնց հետեւանքով կարեւորվել է Հայաստանի դերակատարումը, եւ իրանական կողմը պատրաստ է Երևանի հետ ռազմավարականի ձգտող անվտանգային հարաբերություններ ձեւավորել։ Խոսքը վերաբերում է թե հակաահաբեկչական պայքարին, թե ադրբեջանա–թուրքական տանդեմի ախորժակը զսպելուն, եւ այս ուղղությամբ չափազանց մեծ աշխատանք կա իրականացնելու, ինչը կարող է լրջորեն նպաստել մեր պետության անվտանգության մակարդակի բարձրացմանը»։
Վերջին շրջանում շատ է խոսվում Իրանի տարածքով Ադրբեջանը–Նախիջեւանին կապող, այսպես կոչված, միջանցքի մասին։ Իրանագետը հիշեցնում է, որ Թեհրանը բարձր մակարդակով բազմիցս զգուշացրել է՝ կարմիր գծերը չպետք է անցնել։ Թերեւս այս նպատակով է Իրանը իր երկրի տարածքով ճանապարհ է տրամադրել Ադրբեջանը Նախիջեւանին կապելու համար, միայն թե Հայաստանի վրա ճնշումներ չլինեն։ Իրանագետը շեշտում է՝ իր տրամադրած ճանապարհը մայրուղի է եւ ոչ միջանցք, ընդ որում՝ դրա վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնում է Իրանը․
«Առաջին հերթին՝ պետք է արձանագրել, որ Իրանն Ադրբեջանին ոչ մի դեպքում միջանցք չի տրամադրում։ Նախիջեւանը Ադրբեջանին կապող մայրուղին մինչեւ այս էլ՝ հետանկախության շրջանում Հայաստանի տարածքով ճանապարհը փակվելուց ի վեր, իրականցվում է Իրանի տարածքով՝ մերձարաքսյան գոտով։ Պարզապես հիմա Ադրբեջանը, 44-օրյա պատերազմից հետո բռնագրավելով մերձարաքսյան գոտին, ցանկանում է կրճատել Իրանի տարածքով անցնող այդ ճանապարհի երկարությունը՝ փորձելով Արաքս գետի վրա կամուրջներ կառուցել եւ մոտեցնել այդ ճանապարհը մինչեւ Հայաստանի հետ սահման եւ այդ տեղով անցնել Իրանի տարածք՝ շրջանցելով Հայաստանի տարածքը»։
Հենց այս կերպ է Իրանը փորձում կանխել Հայաստանի վրա ճնշումները։ Կա եւս մի նկատառում՝ իրանցիները, ըստ Վարդան Ոսկանյանի, 44-օրյա պատերազմից հետո փորձում են վերահսկել Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղին՝ հարկ եղած միջամտելու համար։
«Եթե պատկերացնենք, որ Ադրբեջան կոչվող արհեստածին պետությունը ինչ–որ ձեւով կարողանում է ձեռքը գցել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», ապա Իրանը հյուսիսից շրջափակվում է թուրք–ադրբեջանական աշխարհաքաղաքական միասնական տարածքով, ուստի իրանական կողմը իր ողջ գործիքակազմով ոչ մի դեպքում թույլ չի տա իր նշած կարմիր գծերը հատել, որովհետեւ դա բխում է ոչ միայն Հայաստան–Իրան հարաբերությունների տրամաբանությունից, այլեւ հենց Իրանի կենսական շահերից»։
Իրանն, ըստ իրանագետի, մտրակի ու բլիթի քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ։ Ճնշում բանեցնելով այդ երկրի նկատմամբ՝ միաժամանակ փորձում է գործընթացը կառավարելի դարձնել իր համար՝ մասնակցային եղանակով։ «Այն, ինչը չես կարող արգելել, ավելի ճիշտ է մասնակցելով կառավարել»,– եզրափակում է Վարդան Ոսկանյանը։
Իրանի նախագահի ու Հայաստանի ԱԺ խոսնակի հանդիպման ժամանակ կարևորվել են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետևողական ջանքերը:
Էբրահիմ Ռայիսին ասել է, որ Իրանը բոլոր բարեկամների համար դժվար օրերի ընկեր է եւ այդ սկզբունքով է առաջնորդվում: «Ուրախ օրերին յուրաքանչյուրը կարող է լինել յուրաքանչյուրի կողքին, բայց իրական ընկերությունն ու բարեկամությունը ցուցաբերվում են դժվարությունների ժամանակ», — ասել է Իրանի նախագահը, տեղեկացրել նաեւ, որ համապատասխան հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին՝ Հայաստանի հետ առավել սերտ կապերի հաստատման գործում ելակետային առաջարկություններ ներկայացնելու համար:



















