ԱԱԾ-ն կարծում է, որ ազգությամբ հայերին ՀՀ քաղաքացիություն տալու օրենսդրությամբ սահմանված պահանջները խիստ մեղմ են և անվերահսկելիության դաշտ են ստեղծում։ Հայապահպանությանը և հայրենադարձությանը միտված պարզեցված ընթացակարգն առաջացնում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստանում բնակվելու նպատակ չունեցող, հայկականությամբ չհետաքրքրվող, երբեմն էլ՝ կեղծված փաստաթղթերով անձանց ՀՀ քաղաքացու կարգավիճակ տալը։ ԱԱԾ-ն առաջարկվում է խստացնել ընթացակարգը և սահմանել 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու պարտադիր պահանջ։ Առաջարկը նոր պայմաններ դնելն է։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում առաջարկը չեն պաշտպանում, կարծում են՝ առանձին դեպքերը չպետք է սահմանափակեն բարեխիղճ հայրենակիցների՝ հայրենիք վերադառնալու և ՀՀ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը։



Ազգային անվտանգության ծառայությունն ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը սփյուռքահայերին հեշտացված կարգով քաղաքացիություն տալու շուրջ համաձայնության չեն գալիս։ Ո՞ր դեպքում ազգությամբ հայ մարդը կարող է դառնալ ՀՀ քաղաքացի․ Սփյուռքի հարցերը համակարգող մարմինը կարծում է, որ քաղաքացի դառնալու համար միայն հայ լինելը բավարար է, ԱԱԾ-ի կարծիքով՝ մարդը հայկական անձնագիր ունենալու համար նախ պետք է ապրի Հայաստանում։ E-draft հարթակում ԱԱԾ-ի ներկայացրած «Քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծն է։ Դրա հիմնավորման մեջ ասվում է։

«Առաջարկվում է Օրենքով սահմանել ազգությամբ հայի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու (գտնվելու) պարտադիր պահանջ։ Այսպիսի պահանջի սահմանումը թույլ կտա ՀՀ իրավասու մարմիններին առավել երկար ժամանակ ունենալ այդ  անձի ազգությամբ հայ լինելու իսկությունը պարզելու համար»:



Գործող օրենքի 13-րդ հոդվածով սահմանվում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե վերջին երեք տարում մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, կարող է բացատրվել հայերեն լեզվով և ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ազգությամբ հայը ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ առանց այս պահանջների պահպանման․ բավարար է հայ լինելը հավաստող փաստաթուղթ ներկայացնելը։ Կառավարության 2007 թ․ որոշմամբ էլ սահմանված է եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց տված մկրտության մասին փաստաթուղթը ևս համարվում է հայ լինելու մասին հավաստում։ ԱԱԾ-ն քաղաքացիություն ստանալու կարգը բարդացնել առաջարկում է նաև այս պատճառով․

andznagir

«ԱԱԾ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնի են դարձել դեպքեր, երբ արտերկրում տրամադրվել են մկրտության և ազգությամբ հայ լինելու մասին կեղծ փաստաթղթեր: Ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված՝ քաղաքացիություն հայցող անձանց մի ստվար զանգվածը երբևէ չի եղել ՀՀ-ում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ և կարճ ժամկետներով, որոշ դեպքերում՝ միայն քաղաքացիություն հայցելու նպատակով, տեղեկացված չեն հայկական մշակույթի, պատմության, ՀՀ-ում ընթացող հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացների մասին»։

ԱԱԾ-ի մտահոգությունը պայմանավորված է նաև նրանով, որ նրանք ձեռք չեն բերելանշարժ գույք, չեն ծավալել տնտեսական գործունեություն։ Եղել են նաև դեպքեր, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն ճամփորդելու հնարավորություն ունենալու համար:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում, սակայն, կողմ չեն  մասնավոր դեպքերը ընդհանհրացնելու փորձին։ Ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանի խոսքով՝ Հայաստանը դեմոգրաֆիկ խնդիրը կարգավորելու երկու ճանապարհ ունի՝ խթանել ծնելիությունն ու հայրենադարձությունը, և չպետք է թուլացնել այս ուղղությամբ արվող քայլերը։ Ասում է՝ եթե նկատվում են փաստաթղթային խնդիրներ, ապա կարելի է դիտարկել առանձին դեպքերը և չտարածել խնդիրն ընդհանուր գործընթացի վրա։

«Նշվում է, որ որոշ եկեղեցիներում հնարավոր է տրվեն մկրտության ոչ պատշաճ կամ կեղծ վկայականներ։ Մենք կարծում ենք, որ եթե հասկանալի է՝ կոնկրետ որ համայնքներից ու որ կառույցներից է խնդիրը, ապա այդ ուղղությամբ կարող ենք աշխատանք տանել, ուշադրության ներքո պահել այդ կազմակերպությունները, կառույցները, եկեղեցիները և կրկնվելու դեպքում ուղղակի օրենքով սահմանված կարգով հանել այն եկեղեցիների ցանկից, որոնց տված մկրտության վկայականը հիմք են քաղաքացիության դիմում կատարելու համար, ժամանակավորապես այնտեղից ներկայացվող փաստաթղթերը կասեցնել»։

Ալեքսանյանի կարծիքով՝ պետք է առաջնորդվել ընդհանուր շահով և չվնասել բարեխիղճ հայերին։ Ասում է՝ 2 տարվա ընթացքում 60 օր Հայաստանում գտնվելու պահանջը ազնիվ չէ սփյուռքահայերի նկատմամբ․

«Եթե մեր հայրենակիցը վերջին մեկ տարում ՀՀ-ում բնակվել է 15-20 օր, ևս մեկ տարի առաջ 20 օր, դա իր համար 40-օրյա ժամկետ է ապահովում, բայց ոչ 60-օրյա։ Եվ եթե 3 տարի առաջ նա հայրենիքում եղել է 5 ամիս, ինչը գերազանցում է առաջարկվող 2-ամսյա ցենզը, ապա մենք չգիտեմ՝ ինչպիսի նրբությամբ, մոտեցմամբ կամ ձևակերպումներով պետք է նրան մերժենք»։

2008 թվականից Հայատասնում գործում է երկքաղաքացիության ինստիտուտը։ Սրա և հեշտացված ընթացակարգի «համատեղ ջանքերով» այս տարիներին ՀՀ երկքաղաքացի է դարձել մոտ 130 000 մարդ։ 2019 թվականին կապույտ անձնագիր է ստացել մոտ 10 000, 20-ին՝ մոտ 9600, 21-ին՝ մոտ 7300 հայ։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ այս տարվա առաջին կիսամյակն աննախադեպ ակտիվություն է խոստանում․ 6 ամսում քաղաքացիություն է ստացել մոտ 10 000 հայ, ակնկալում են, որ մինչև տարեվերջ թիվը կկրկնապատկվի։ Հետագայում էլ փոփոխությունները չեն խոչընդոտի հայերի՝ ՀՀ քաղաքացի դառնալուն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն