Մինչև հաջորդ տարեվերջ Արցախի հանրապետության Ասկերանի շրջանի երկու՝ Լուսաձոր և Ներքին Սզնեք  գյուղերում նոր, ժամանակակից ջրամատակարարման ցանց կգործի։ Այս գյուղերում ապրելու են Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական բնակավայրերից տեղահանվածները։

Արցախի հանրապետության կառավարության պատվերով ջրամատակարարման համակարգի ուսումնասիրությունը, խորհրդատվություն ու  նախագծումն իրականացրել են Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի ուսանողները՝ դասախոսների ու բիզնեսի ներկայացուցիչների աջակցությամբ։

Ոգևորություն ու պատասխանատվության բարձր գիտակցում․ այս մոտեցմամբ են Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետում իրականացրել Արցախի հանրապետության կառավարության պատվերը։ Այն մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակ ունի․ Ասկերանի շրջանի Լուսաձոր և Ներքին Սզնեք գյուղերում  նոր ջրամատակարարման ցանց կգործի, որը էականորեն կհեշտացնի մարդկանց հոգսը։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, փորձաքննություն և շինարարություն բաժնի մագիստրատուրայի ուսանող   Էրիկ Հոդաբաշյանը հետազոտության հեղինակներից է․



«Պատերազմից հետո կար վերաբնակեցման խնդիր։ Պետք էր բարելավել մարդկանց կյանքի որակը։ 1960-ականներին կառուցվածք ցանցը ամբողջությամբ քայքայված է, ջրի որակը՝ վատթարացած։ Ենթակառուցվածքների մի մասը նորմալ վիճակում է, ջրամատակարարաման ցանցը՝ ոչ»։ 

Ոգևորությունը մեծ է, պատասխանատվությունը՝ կրկնակի։ Երկու ամսում ուսումնասիրել, հաշվարկել ու վերլուծություններ են կատարել։ Շինարարության ընթացքում կմասնակցեն նաև հեղինակային հսկողությանը։ Գյուղերից յուրաքանչյուրում շինարարական աշխատանքները կես տարի կտևեն։



«Գյուղի պայմաններից, ռելիեֆից ելնելով՝ ջրամատակարարման ցանցը   կառուցվել էր օղակաձև և փակուղիով։ Մոդելավորման արդյունքում հասկացանք, որ երկուսն էլ պետք է գործեն՝ և՛ Լուսաձորում, և՛ Ներքին Սզնեքում նույն սկզբունքն է։ Օղակաձև ցանցը տարբերվում է նրանով, որ օղակաձև ցանցի դեպքում մի կետում կարող ես երկու կողմից էլ ջուր ստանալ, սնուցել երկու կողմից։ Իսկ փակուղին՝ միայն մեկ կողմից»։

Նախագծի հեղինակներից Գոռ Պողոսյանը  մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող է։ Ասում է՝ Ներքին Սզնեքը փոքր գյուղ է, բայց աշխարհագրական դիրքն ու բնությունն անպատմելի գեղեցիկ են։ 160 տնտեսություն ունեցող գյուղում հաշվարկել են ու պարզել, թե որքան ջուր է  անհրաժեշտ մեկ բնակչին, հենց սրա հիման վրա էլ հաշվարկել են խողովակների քանակը, տրամաչափը, թողունակությունը և այլն․

«Մեկ հոգին մեկ օրում օգտագործում է 200 մլիտր ջուր։ Խողովակաշարարերը ընտրվեցին ըստ այդ տվյալների։ Խողովակաշարերի տրամագիծը օղակաձև ցանցում  90 մմ է, մնացած հատվածներում՝ մանկապարտեզ, դպրոց, 32 մմ։ Ցանցում կորուստները 10 տոկոս ենք հաշվարկել»։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը կարևորում է նախագծի իրականացումը․ նշում է՝ սա տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն է.

«Այդ գյուղերի նախագխծային աշխատանքները մեր մագիստրոսներն են իրականացրել։ Դրան կգումարվի գիտական որոշակի աշխատանք՝  կունենանք հետաքրքրիր արդյունք։ Արցախի հանրապետության  երկու գյուղերում կունենանք ջրամատակարարման նոր ցանց, նաև՝ կրթություն-տնտեության կապի ու համագործակցություն»։

Նախագիծը ոչ միայն կառավարություն-տնտեսություն-կրթություն կապն է ամրացնում, այլ որ ամենակարևորն է՝ Հայաստան-Արցախ համագործակցությունը։ Արցախում 44-օրյա պատերազմից հետո է սրվել ջրի խնդիրը, երբ Քարվաճառի ջրային կայանը հայտնվեց թշնամու ձեռքում։ Այս տարածքը Հայաստանի ու Արցախի ջրային դոնորն է։ Այստեղից են սկիզբ առնում ԼՂԻՄ-ի ջրային պաշարների 85 տոկոսը, Սևանա լիճ թափվող Արփա ու Որոտան գետերը։ Տարածքն այժմ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է։

Քարվաճառի հատուկ պահպանության հարցը  կարևոր է եղել միշտ, այժմ  կենսական անհրաժեշտություն է։ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այս խնդրի մասին խոսում է 20 տարուց ավելի։ Նա հիշեցնում է, որ մինչև 1930-ականների երկրորդ կեսը տարածքը պատկանել է Խորհրդային Հայաստանին։ Դրանից հետո  առանց որևէ իրավական  հիմքի այն փոխանցվել է Ադրբեջանին։  Արցախի տարածքների, այդ թվում՝ Քարվաճառի օկուպացումից հետո Սևանա լիճը սնուցող Արփա և Որոտան գետերի գետաբերաններն էլ են հայտնվել թշնամու վերահսկողության տակ։  Իսկ սա արդեն լուրջ խնդիր է Արցախի ու Հայաստանի համար։ Ուստի այստեղ միջազգային դիտորդներ տեղակայելու անհրաժեշտություն է  նկատվում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն