Ավելի քիչ մահ, ավելի լիարժեք ապաքինում․ գլխուղեղի կաթվածի 500 բուժում՝ 10 ամսում
Գլխուղեի սուր իշեմիկ կաթվածից մահացությունների թիվը Հայաստանում նվազել է, հիվանդների կյանքի որակը՝ բարելավվել։ 2019-ից մեկնարկած ծրագրի արդյունքներից մասնագետները գոհ են։ Մինչ օրս անվճար բուժօգնություն է ստացել 1800 քաղաքացի։ Ոլորտի մասնագետները կարծում են, որ Հայաստանն այս հարցում մրցունակ է և հավասար դիրքերում է Միացյալ Նահանգների ու Եվրոպայի մի շարք զարգացած երկրների հետ։ Սակայն բժիշկների մտահոգություններն ու ուշադրությունը ուղիղ համեմատական են քաղաքացիների անտարբերությանը, ինչը կտրուկ վատացնում է մարդկանց կյանքի որակը։
Քննարկվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կլինիկան Կաթվածի կենտրոն դարձնելու հավանականությունը։ Հայաստանում գլխուղեղի կաթվածի բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի նախագահ Նունե Եղիազարյանը տեղեկացնում է, որ քննարկումներն արդեն մեկնարկել են, կենտրոնն ունի այդպիսի ցանկություն։ Սա, մասնագետի կարծիքով, Հայաստանում խնդրին պրոֆեսիոնալ մոտեցման ևս մեկ քայլ է լինելու։ Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի արդյունքները ցույց են տվել, որ երկիրն այս հարցում մեծ պոտենցիալ ունի․
«Ծրագիրը մեկնարկելուց առաջ մենք Եվրոպական կաթվածի կազմակերպության հետ անում էինք ծրագիր՝ որոշելու Հայաստանի հիվանդանոցներում կաթվածից մահացության թվերը, և այդ թվերը միջինում (մի քիչ բարձր՝ մի հիվանդանոցում, մի քիչ ցածր՝ մյուսում), տատանվում էր 30, անգամ 40 տոկոսի սահմաններում, և՛ իշեմիկ, և՛ հեմորագիկ կաթվածների ժամանակ։ Այժմ մենք 20 տոկոսի չափ մահացություն ենք ստանում նույնիսկ ծանր հիվանդների շրջանում»։
Ծրագիրը մեկնարկել է 2019-ին։ Մինչ օրս անվճար բուժօգնություն է ստացել 1800 քաղաքացի։ Շահառուների թիվն աճելու միտում ունի․ եթե 2019-ին բուժում է ստացել 350 մարդ, ապա 2022-ի առաջին 10 ամիսներին նրանց թիվը 500-ից ավելի է։ Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում է իշեմիկ կաթվածների բուժման նորագույն մոտեցումներից մեկը, որը նվազեցնում է մահացության մակարդակը և օգնում, որ մահը կանխվի առանց հաշմանդամության վտանգի․
«Բուժման մեթոդները բավական թանկ են և առանձին անհատների համար անհասանելի, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ բուժումը պետք է կիրառվի հաշված րոպեների ընթացքում։ Դժվար է պատկերացնել մարդ, որը ամեն րոպե պատրաստ է, որ կարող է լինել կաթված և ինքը գումարով պատրաստ է։ Հետևաբար ապահովել մարդկանց կարելի է միայն պետական հովանավորությամբ»։
Ծրագիրը մեկնարկել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում և 1-ին հիվանդանոցում, այնուհետև՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Այս տարվա մարտին ծրագիրը հասավ նաև Գյումրի։ Բոստոնի համալսարանի պրոֆեսոր, նյարդաբան Վիկեն Բաբիկյանն ու Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդաբանության դոցենտ Միքայել Սքոնը իրենց հետազոտության հիման վրա նշում են՝ Հայաստանը մահացությունը կանխելու ցուցանիշներով մրցունակ է Կանադայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի բուհաստատությունների հետ։ Պրոֆեսոր Սքոնն է մանրամասնում․
«Ամենայն կարեւոր մասը ատիկա է, որ կեանքի որակը լաւ կը լինի։ Հիւանդը կաթուած կ՛ունենար ու գործի այլեւս չէր կրնար վերադառնալ, կամ իր առօրեայ կեանքին չէր կրնար վերադառնալ։ Աս միջամտութիւններու արդիւնք ըլլալով ոչ թէ միայն մահերը պակսած են, այլ կեանքի որակն ալ աս հիւանդներուն շատ լաւացած է։ Այդ տեսակէտէն մեր արդիւնքները դարձեալ թէ եւրոպային, թէ Ամերիկային եւ Քանատայի ադիւնքներուն շատ մօտ են։ Աւելի լաւ պիտի կրնանք ըլլալ»։
Սակայն, եթե բժշկական համայնքը մտահոգվում ու աշխատանքներ է տանում կաթվածները կանխելու, բուժելու ուղղությամբ, ապա քաղաքացիներն ավելի անտարբեր են դառնում, ասում է Նունե Եղիազարյանը․
«Կաթվածի համաշխարհային օր կա, էդ օրը դրսում մեծ միջոցառում կազմակերպեցինք, դուրս եկանք փողոց, հագանք հատուկ շապիկներ, վրան գրված՝ կաթվածը սպանում է, և այլն։ Մեր կոլեգաները 1-ին հիվանդանոցից անոթագրության սարք բերեցին, մենք մրգեր էինք առել, մոտենում էինք բոլոր տղամարդկանց, փորձում էինք մրգով փոխել սիգարետը, բայց ոչ մի հաջող օրինակ չունեցանք»։
ՊրոֆեսորՎիկեն Բաբիկյանը մեծ հույս է կապում նաև Հայաստանի կաթվածի խորհրդի հետ։ Նա կարծում է, որ ամենօրյա տեղեկատվությունը կարող է օգտակար լինել․
«Հայաստանի կաթուածի խորհուրդը պէտք է աւելի ժողովուրդին առջեւ ըլլայ բացատրելու համար, թէ ինչու պէտք չէ ծխեն, ինչու պէտք է աւելի առողջ ուտեն, ինչու պէտք է աւելի նիհար ըլլան։ Ադ բոլոր բաները։ Կաթուածի խորհուրդի նախագահի դէմքն ամէն իրիկուն պէտք է Հայաստանի Ռատիոյին ու թելեվիժընին վրայ ըլլայ, որ բացատրէ հայերուն, որ սիկարէթը պէտք չէ վառել․ Հաւկիթը որ կոտրեն, դժուար է հաւկիթը ետ տեղը դնեն, նախընտրելի է հաւկիթը չկոտրեն։ Եւ անշուշտ բժիշկներուն պատրատելը ամէն օր նոր բան սորվելու վրայ է։ կաթուածի խորհուրդին պարտականութիւնն այն է, որ այդ պրոցեսսը շարունակուի»։
Ավելորդ քաշը, աղի ու ծխախոտի չարաշահումը կաթվածածին առաջին պայմաններն են։ Մասնագետները հորդորում են շաբաթական առնվազն 3 ժամ մարմնամարզությամբ զբաղվել։ Իսկ ամենաուղիղ խնդրանք-հորդոր-պահանջը արդեն կաթված տարած, բուժում ստացած ու նորմալ կյանքի վերադարձածներին են ուղղում՝ պետք չէ ջուրը գցել բժիշկների աշխատանքը՝ ծխելն ու անառողջ կյանքը վերսկսելով․ ասում են՝ կաթվածը կրկնվելու հատկություն ունի։



















