Ինչպես կանխատեսել էինք, Սիսիանում ավագանու անդրանիկ նիստը երեկ դրամատիկ ընթացք ունեցավ, եւ Արման Բաբաջանյանի ու Ռուբեն Վարդանյանի քաղաքական ուժերի աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը համայնքում։ Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում, հիշեցնենք,  որեւէ ուժ Սիսիանում մեծամասնական մանդատ չէր ստացել եւ չէր կարող միայնակ կառավարում իրականացնել ու համայնքի ղեկավար ընտրել։ Մի քանի շաբաթ տեւած բանակցություններն էլ արդյունք չէին տվել, ուժերից որեւէ մեկը մյուսի հետ կոալիցիոն հուշագիր չէր ստորագրել։ Երեկ, սակայն, պարզ դարձավ, որ ՔՊ-ն, սովորության համաձայն, «տակից» է իր գործը տեսել` հաջողացրել է ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության չորս անդամների հետ լեզու գտնել, որ նրանք չներկայանան նիստին, եթե չեն քվեարկելու իր օգտին: Իսկ Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության ավագանու անդամ` դասատու Նախշուն Յազովյանին էլ իրենով է արել եւ երկրորդ փուլում ստացել նրա վճռորոշ ձայնը։

Հիշեցնենք․ Սիսիանում 21 հոգուց բաղկացած ավագանու մանդատները բաշխվել էին հետեւյալ համամասնությամբ. 8 մանդատ բաժին էր հասել ՔՊ-ին, 5՝ ընդդիմադիր «Աշխատանք եւ միասնություն» դաշինքին, որը ղեկավարում էր ընդդիմադիր պատգամավոր, Սիսիանի նախկին ղեկավար Արթուր Սարգսյանի ընկեր Հայկ Առաքելյանը։ 2-ական մանդատ ստացել էին Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստանն» ու Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետությանը», իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունն ուներ 4 մանդատ։ Ի սկզբանե հստակ էր, որ Ղազինյանի թիմակիցներն աջակցում են Հայկ Առաքելյանին, եւ միասնական ընդդիմություն է ձեւավորվել` 2 ուժից, իսկ ԱԵ-ն, որն ընտրություններից առաջ հայտարարել էր, թե ՔՊ-ի հետ կոալիցիան բացառում է, երեկ, ըստ էության, աջակցեց իշխող ուժին։

Ընտրության առաջին փուլում 3 թեկնածու առաջադրվեց՝ Հայկ Առաքելյանը, ՔՊ-ական Արման Հակոբջանյանը եւ Բաբաջանյանի կուսակից Սեւակ Մուսաթյանը։ Արդյունքում առաջինը ստացավ 7, երկրորդը՝ 8 ձայն, երրորդի օգտին 2 քվե գրանցվեց։ Օրենքի համաձայն, անմիջապես կազմակերպվեց ընտրության երկրորդ փուլը, որին մասնակցում էին առավել ձայներ հավաքած թեկնածուները` ընդդիմության ներկայացուցիչ Հայկ Առաքելյանը եւ ՔՊ-ական Արման Հակոբջանյանը, եւ հենց այդ ժամանակ էլ բացվեցին խաղաքարտերը։

Նախշուն Յազովյանը, ով ամենատարեցն է ավագանու կազմում, վարում էր անդրանիկ նիստը եւ նստած էր ամբիոնում՝ թիմակցից հեռու։ Երկրորդ փուլի քվեարկությունից առաջ նկատելի էր, թե ինչպես  Սեւակ Մուսաթյանը մոտեցավ տիկնոջը, ականջին ինչ-որ բաներ ասելուց հետո նստեց եւ չքվեարկեց։ Արդյունքում 2 ձայնի առավելությամբ ՔՊ-ականն ընտրվեց համայնքի ղեկավարի պաշտոնում՝ ստանալով 9 ձայն: ՔՊ-ի 8 ձայնին գումարվեց Նախշուն Յազովյանի ձայնը, ստացվեց 9 քվե։ Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածը սահմանում է, որ եթե առաջին փուլում առաջադրված թեկնածուներին ընտրվելու համար հարկավոր է «ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը», ապա երկրորդ փուլում «համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն»։

Մեզ հավատացնում էին, որ Նախշուն Յազովյանի քվեարկությունը շոկային է եղել նաեւ կուսակից Սեւակ Մուսաթյանի համար, ով պայմանավորվել էր ընդդիմադիրների հետ, որ երկրորդ փուլում կաջակցեն իրենց թեկնածուին` փոխքաղաքապետի պաշտոնի դիմաց։ Կողմերի միջեւ նման պայմանավորվածության մասին էր վկայում նաեւ այն, որ ավագանու անդրանիկ նիստին ներկա էր նաեւ պատգամավոր Արթուր Սարգսյանը, ինչի իրավունքը չկա, սակայն նիստը վարող Նախշուն Յազովյանն աչք փակեց այդ փաստի վրա, եւ պատգամավորը ոչ միայն ներկա էր, այլեւ երբեմն հուշում էր իր մտերիմ Հայկ Առաքելյանին։ Օրինակ, երբ երկրորդ փուլի քվեարկությունից առաջ Սեւակ Մուսաթյանը Հայկ Առաքելյանին հարցրեց, թե արդյոք կապ ունի՞ Ռոբերտ Քոչարյանի կամ Վահե Հակոբյանի հետ, Սարգսյանի հուշումով նա պատասխանեց․ «Ոչ, կապ չունեմ Ձեր նշած մարդկանց հետ։ Համայնքի ղեկավար ընտրվելու դեպքում էլ կապ չեմ ունենա»։ Բայց անգամ սա չօգնեց ընդդիմադիր թեկնածուին, քանի որ ՔՊ-ն իր սեւ գործն արդեն տեսել էր` համաձայնության գալով ուսուցչուհու հետ։

Ի դեպ, նիստից հետո բոլոր կողմերն անհասանելի էին, մեզ չհաջողվեց խոսել անգամ «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանի հետ, նա չպատասխանեց: Փոխարենը ստատուս գրեց Ալավերդու հաղթանակի առթիվ, որտեղ իրենց կուսակիցը ՀԱԿ-ի աջակցությամբ ընտրվեց համայնքի ղեկավար։ Սակայն Արման Բաբաջանյանի կուսակիցները` Սիսիանի ավագանու ցուցակի ներկայացուցիչները, ֆեյսբուքյան գրառումներ արեցին՝ քննադատելով իրենց թիմակից ուսուցչուհու պահվածքը եւ հայտարարելով, որ դա չի արտահայտում իրենց ուժի տեսակետը: «Ցավում եմ, որ մեր երկրում մանկավարժը կարող է լինել նաեւ այդպիսին»,- մասնավորապես գրել էր Արսեն Ավագյանը:

Ավելի ուշ տեղեկացանք, որ ընդդիմադիր ավագանին հակաքայլեր է մշակում, քննարկում են մանդատները վայր դնելու կամ նիստերին չմասնակցելու հարցը, ինչով խաղաքարտերը կրկին կխառնվեն, քվորումի բացակայության պատճառով նիստ չի գումարվի, եւ  նորընտիր համայնքապետի երդմնակալությունը տեղի չի ունենա, Սիսիանում կստեղծվի «Թալին - 2» իրավիճակ, որը, ի վերջո, հանգեցրեց նոր ընտրությունների։ Ուշ երեկոյան տեղեկացանք, որ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամները հայտարարել են մանդատները վայր դնելու մասին։ Բնականաբար, ընդդիմադիրները եւս կհրաժարվեն։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն