Իրանը փորձում է կանխել այն, ինչն իր դեմ սկսվել է 44–օրյա պատերազմով. իրանագետ
Իրադարձությունները բավականին արագ են զարգանում ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում։ Իրանում հստակ սցենարներով և հստակ ուղերձներ պարունակող վերջին զորավարժությունների ֆոնին ուղիղ հայտարարություններ հնչեցին։ Դեռ նախօրեին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մասին, ընդգծել էր, որ Իրանը թույլ չի տա Հայաստանի հետ իր կապի ճանապարհի արգելափակումը: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել էր ․ «Այդ նպատակն ապահովելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև զորավարժություններ է սկսել այդ տարածաշրջանում» ։ Այսօր նաև հայտնի դարձավ, որ Աբդոլահիանը գալու է Հայաստան։ Իրանագետները ընդգծում են, որ այցը վաղուց էր պլանավորած, բայց այն տեղի է ունենում նախանշված ժամկետից շուտ։
Տարածաշրջանում իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ անգամ Իրանում են որոշել երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուի՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի նախապես ծրագրված այցը Հայաստան փոքր-ինչ «առաջ գցել»։ Այցի հայտարարված նպատակը հոկտեմբերի 21-ին Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացումն է։ Իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը մեզ հետ հեռախոսազրույցում հիշեցրեց, որ Իրանի համար Սյունիքի կարևորության մասին մեկ անգամ չէ, որ ամենաբարձր մակարդակներով Թեհրանը բարձրաձայնել է։
«Ամեն դեպքում, Սյունիքն այս պահին ոչ միայն մեզ համար է կարևոր, այլ նաև Իրանի համար։ Բնական է, որ իրենք էլ ցանկանում են, որ օր առաջ նաև պաշտոնապես բացվի իրենց հյուպատոսարանը Կապանում»։
Մինչ այս էլ, վերջին օրերին բավականին հետաքրքիր զարգացումներ եղան ու այդ ֆոնին հստակ հայտարարություններ հնչեցին Իրանից։ Խոսքը՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի զորավարժությունների մասին է, որոնք տեղի են ունենում երկրի հյուսիսարևմտյան սահմանային շրջաններում։ Ադրբեջանի հետ սահմանին անցկացվող զորավարժությունների սցենարներից մեկով մասնակիցները գրավել են նաև պայմանական հակառակորդի կողմից վերահսկվող երթուղիներն ու բարձունքները։ Հոկտեմբերի 17-ին մեկնարկած զորավարժությունների ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերն առաջին անգամ փորձարկել են գետերի վրա պանտոնային կամուրջների տեղադրումը զորքի և զինտեխնիկայի տեղաշարժի համար: Իրանագետ Վարդան Ոսկանյանը դյդ սցենարները զորավարժությունների անցկացման փաստից ավելի ուշագրավ է համարում ։
«Հայաստանին ուղղված որևէ բացասական ուղերձ չկա թե՛ զորավարժությունների գործնական տիրույթում, թե՛ հռետորաբանության տիրույթում։ Ակնհայտ է, որ խոսքը գնում է բացառապես Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման մասին։ Նաև ԻՀՊԿ-ի հրամանատար, գեներալ Սալամիի ելույթից կարելի է եզրակացնել, որ կրկին անգամ Ադրբեջանը զգուշացվել է թե՛ հռետորաբանության մակարդակում, թե՛ նաև զորավարժությունների նպատակներից մեկն էլ դա է, որ մեր տարածաշրջանում որևէ նկրտում սահմանների անձեռնմխելիության նկատմամբ, և հատկապես Հայաստանի Հանրապետության և Իրանի միջև ցամաքային կենսական նշանակության կապը կտրելուն միտված որևէ քայլ արժանանալու է իրանական կոշտ հակադարձման։ Ընդ որում՝ այդ հակադարձումը լինելու է ոչ թե հռետորաբանության մակարդակում միայն, այլ նաև ռազմական տիրույթում նույնպես»։
Այս զորավարժությունների համատեքստում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հիշեցրել էր հարևան պետություններին, որ Իրանը հավատարիմ է մնում բարեկամության և եղբայրության քաղաքականությանը, քանի դեռ թշնամիների կողմից իր դեմ դավադրություն չկա:
«Մեզ հետ ճիշտ փոխգործակցող ցանկացած երկրի և ուժի հետ մենք եղբայր ենք։ Կոչ ենք անում մեր հարևաններին լուծել իրենց խնդիրները փոխգործակցության և ոչ ռազմական մոտեցումների միջոցով։ Մենք շահեր ունենք այս տարածաշրջանում, ուստի, եթե տարածաշրջանի որևէ անկյունում միջադեպ տեղի ունենա և մեր շահերը վտանգվեն, ապա մենք չեզոք չենք մնա և կպաշտպանենք մեր շահերը»։
Իրանի քաղաքական կառուցվածքը հաշվի առնելով, իրանագետ Հարութ Արթին Առաքելյանն ասում է, որ այդ հայտարարություններն այժմ շատ ավելի բարձր մակարդակից են արվում՝ սկսած երկրի գլխավոր հոգևոր առաջնորդից։
«Իրանում, երբ որ ինչ-որ բան հոգևոր առաջնորդն է արդեն հայտարարում, դա նշանակում է, որ այդ խնդիրն արդեն շատ լուրջ է Իրանի համար։ Հոգևոր առաջնորդի հայտարարությունից հետո մենք տեսանք արդեն ԳՇ պետի հայտարարությունը, խորհրդարանի նախագահի հայտարարությունը և այդպես շարունակ՝ մինչև կորպուսի հրամանատարի հայտարարություն։ Դա շատ բնական է, որովհետև իրավիճակները հիմա այնպես են զարգանում նաև Իրանի շուրջ, որը գիտակցելով նաև իրանը փորձում է չեզոքացնել այն, ինչը որ պլանավորված է Իրանի դեմ»։
Հարութ Արթին Առաքելյանը նույնպես վստահ է, որ իրանական զորավարժություններն ու հայտարարությունները հստակորեն ուղղված են Ադրբեջանին, բայց նաև՝ Արևմուտքին։ Արևմուտքից բացմիցս են հայտարարել, որ եթե Իրանի հետ միջուկային բանակցությունները փակուղի մտնեն, ապա, մեջբերում եմ՝ «այլ միջոցներ կգործադրեն Իրանի դեմ»։
Իրանագետը նկատւմ է, որ այդ այսպես կոչված «այլ միջոցները» արդեն տեսնելի են՝ Իրանի տարբեր քաղաքներում տեղի ունեցող անհանգստությունները, այդ ցույցերի ֆոնին արդեն անջատողականների զինյալ պայքարը, որոնք չեզոքացնելուց հետո Իրանը շրջվեց դեպի հյուսիսային սահման՝ Ադրբեջանից սպասվող վտանգը կանխելու։
Ընդ որում՝ այդ մասին ուղիղ ասվել է Ադրբեջանին՝ արտգործնախարարների մակարդակով։
«Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում իր սահմանների շուրջ կուտակվող ահաբեկիչների ներկայությունը։ Դա շատ ուղիղ տեքստով Ադրբեջանի նախարարին փոխանցվեց։ Եվ զորավարժությունները մենք նաև այդ կոնտեքստում պիտի տեսնենք։ Դա ուղիղ տեքստով Ադրբեջանին զգուշացում է. նաև Ադրբեջանն է այս պահին օգտագործվում Իրանի դեմ։ Նաև Իրանը հիմա փորձում է կանխել այն, ինչը որ իր դեմ սկսվել է 2020 թ.-ին Արցախի պատերազմով։ Արցախի մեր պատերազմը, ճիշտ է, որ մեր դեմ էր նաև մեր դեմ էր ուղղված, բայց գլոբալ առումով այն մեծ ծրագրի ինչ-որ մասնիկն էր, որը հիմնականում ուղղված է տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի դեմ»։
Ի դեպ, այս ամենի համատեքստում հիշեցնենք, որ անդրադառնալով Հարավային Կովկասին, ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը նախօրեի իր ճեպազրույցում տարածաշրջանի երկրներին հորդորել էր ռուս-իրանական դաշինքը դիտարկել որպես իր խոսքով՝ «խորքային սպառնալիք»: Լրագրողը Պատելից հետաքրքրվել է, թե արդյոք Իրանի և Ռուսաստանի միջև գտնվող երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև մյուսները, հստակ գիտակցո՞ւմ են հավանական հետևանքները, եթե թույլ տան իրենց տարածքով իրանական հրթիռները տեղափոխել Ռուսաստան: Ի պատասխան՝ Պետդեպի փոխխոսնակն նախ ասել էր, որ չի պատրաստվում շահարկել այն, թե ինչպես կարող են այլ երկրները վերաբերվել այս կամ այն երկրին, ապա հավելել է․
«Բայց ես կօգտվեմ այս առիթից ևս մեկ անգամ կրկնելու, որ Ռուսաստանի՝ Իրանի հետ դաշինքի խորացումը մի բան է, որն ամբողջ աշխարհը, ներառյալ տարածաշրջանի երկրները, ներառյալ ձեր նշած որոշ երկրներ, պետք է դիտարկեն որպես խորքային սպառնալիք: Մի կողմից ունենք Ռուսաստան, որը մասնակցում է բարբարոսական, անօրինական և անարդար ներխուժմանը մեկ այլ երկիր, իսկ մյուս կողմից ունենք Իրան, որը հայտնի է տարածաշրջանում ապակայունացնող, բռնի գործողությունների մասնակցությամբ: Այնպես որ, ամբողջ տարածաշրջանը պետք է մտահոգված լինի»։
Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելու մինչև 2022 թվականի ավարտը։ Միջազգայնահետ Գրիգոր Բալասանյանը նկատում է, որ Իրանն ու Ռուսաստանը առանց այդ էլ համագործակցում են բազմաշերտ ձևաչափով, ընդհուպ մինչև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Չնայած դրան, միջազգայնագետի գնահատմամբ, նոր համաձայնագրի ստորագրումն, ըստ էության, աննախադեպ երևույթ է, որից կարող է շահել նաև Հայաստանը։
«Այդ համաձայնագրով Իրանը և Ռուսաստանի Դաշնությունը մեկ մակարդակ ավելի են բարձրացնում երկկողմ համագործակցությունը։ Այս ամենից նաև Հայաստանը կարող է շահել՝ որպես ԵԱՏՄ անդամ միակ երկիր, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ։ Եվ Ռուսաստան-Իրան նաև տնտեսական համագործակցության, համատեղ ներդրումային ծրագրերի և համատեղ տրանսպորտային ուղիների կառուցման, կատարելագործման և զարգացման հարցում ՀՀ-ն ևս կարող է իր օգուտը ստանալ»։
Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, պարզ կլինի արդեն ոչ հեռու ապագայում։



















