Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ առաջարկող նախագիծ, որի ընդունման դեպքում քրեորեն պատժելի արարքներ կդառնան ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերն ու գործողությունները։ Նախագծով նախատեսվում է, որ ինքնիշխանությունը սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը կպատժվի ազատազրկմամբ` տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով: Ըստ գործադիրի՝ նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ ինքնիշխանությունը, քրեաիրավական միջոցներով հատուկ պաշտպանելու անհրաժեշտությունից:

Արդարադատության նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել  Քրեական օրենսգրքի 421 հոդվածում փոփոխություններ առաջարկող օրինագիծ։ Այս հոդվածը վերաբերում է տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններին։

Նախագծի հիմնավորման մեջ մանրամասնվում է, որ քրեական պատասխանատվությունը վերաբերում է այն գործողություններին, որոնք ուղղված են տարածքային ամբողջականությունը խախտելուն։

«Այն է՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն»:

Իսկ ինքնիշախնությունից հրաժարվելուն ուղղված կոչերի դեպքում պատիժ է նախատեսվում  և տուգանքով, և ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Ըստ նախագծի հիմնավորման՝ ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Հետևաբար՝ առաջարկը բխում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ ինքնիշխանությունը, քրեաիրավական միջոցներով հատուկ պաշտպանելու անհրաժեշտությունից:

Ի՞նչ խնդիր է լուծելու առաջարկվող  փոփոխությունը ։ Որոշ քաղաքագետներ կարծում են, որ այս նախագիծն ընդունվում է՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակից ելնելով, քանի որ կան լուրջ պատճառներ, որոնք մեր Կառավարությանը ստիպում են գործել այս կերպով։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նկատում է, որ այս պահին Հայաստանը գտնվում է գոյաբանական հասկանալի խնդիրների առջև է։

«Ներքին տարածությունում 5-րդ շարասյունը, որն արտաքին որոշ ուժերի պատվերներ է կատարում, կարողանում է որոշակի հոգեբանական ազդեցություն ունենալ Հայաստանի հասարակության վրա, այդ թվում՝ այս կամ այն պետության կազմի մեջ մտնենք և «ավելի լավ ապրենք»  կոչերով։ Այս դեպքում կսահմանափակվեն նրանց հնարավորությունները, Հայաստանի հասարակությունը զերծ կմնա նման հոգեբանական ազդեցությունից։ Կարծում եմ, ամեն մի հայի երազանքը պետք է լինի ունենալ անկախ պետականություն»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը որոշակի անհամապատասխանություն է նկատում առաջարկվող փոփոխության և դրա հիմնավորման մեջ։ Եթե նախագծում  նշվում է «ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողություններ»-ի  քրեականացումը, ապա հիմնավորման մեջ խոսվում է նաև կոչերի մասին։ Մելիքյանը կարծում է, որ այստեղ տարընթերցման խնդիր է առաջանալու։

«Ասենք, քաղաքական դիսկուրսում կիրառված խոսույթը կարող է մեկնաբանվել որպես բռնությամբ հարկադրել։ Այստեղ որոշ խնդիր, իհարկե, կա։ Բայց ընդհանուր առմամբ՝ ցանկացած բռնության դեմ պետք է պատասխանատվություն նախատեսվի, առավել ևս՝ եթե հարցը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը»։

Այս քրեականացումը պետք է լինի քայլերից մեկը, որը կարող է պաշտպանել մեր ինքնիշխանությունը, որն այսօր մեզ համար ամենաթանկ արժեքն է՝ ասում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ 

«Կարծում եմ՝ նախագիծն ուշացած է։ Ավելին՝ գտնում եմ, որ դա ոչ թե օրենքի կարգավիճակ պետք է ունենա, այլ սահմանադրական կարգավորման կարգավիճակ, քանի որ Հայաստանի պետականությունն անքննելի արժեք է և դրա՝ նույնիսկ կասկածի տակ դնելը պետք է հանցագործություն համարվի»։

Արդարադատության նախարարության մշակած օրինագծով, մասնավորապես առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել «ինքնիշխանությունից հրաժարվելուն» ուղղված կոչերի և գործողությունների համար։ Այսինքն՝ առաջարկվում է տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններին վերաբերող Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ. 

«Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ` 12-ից 15 տարի ժամկետով»։ 

Աշոտ Մելիքյանը նկատում է, որ քաղաքական դիսկուրսում նման հարց բարձրացվել է։ Ամեն դեպքում, այդ դիսկուրսի գոյությունն արդեն իսկ վկայում է, որ Հայաստանում կան ուժեր, որոնց համար այնքան էլ թանկ չէ Հայաստանի ինքնիշխանությունը։ Նրա խոսքով, սակայն, բռնությամբ դրան հասնելու կոչեր, օրինակ՝ Միութենական պետության միանալու մասով, չեն հնչել։ Քննարկումն առերևույթ սահմանափակվել է քաղաքական դիսկուրսով։ Մելիքյանը չի բացառում, որ իշխանությունների օրենսդրական նախաձեռնությունը կանխարգելիչ նպատակներ ունի։ 

«Հրատապ այդպիսի անհրաժեշտություն այս պահին ես չեմ տեսնում, բայց բացի պաշտոնապես բերված հիմնավորումներից, եթե կան հիմնավորումներ, որոնք որ կարող են լրացուցիչ բերվել իշխանությունների կողմից, դրանք հետաքրքիր կլինեն՝ ինչու՞ են իրենք հիմա ընդունում և տեսնու՞մ են, արդյոք, վտանգ»։

Ի՞նչ այլ հիմնավորումներ կլինեն, պարզ կդառնա քննարկումների ընթացքում։ Օրինագծի հանրային քննարկումները նախատեսված են մինչև նոյեմբերի 6–ը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն