Համահայկական համաժողով՝ արտառոց պայմաններում. համախմբում պառակտմա՞մբ, թե՞ նոր մոտեցում հին խնդիրներին
Արդեն հայտնի է, որ հոկտեմբերի 28-31-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովին չեն մասնակցելու Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ՀՅԴ-ն։ Պատճառաբանությունները տարբեր են։ Համաժողովի վերաբերյալ տեսակետները միանշանակ չեն ո՛չ Հայաստանում, ո՛չ Սփյուռքում։
Օրինակ՝Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը չի կարծում, որ նման պայմաններում գագաթաժողովի անցկացումը կարող է պառակտել հայ ժողովրդին։ Հանրությանը հայտնի գործիչներից ոմանք էլ նկատում են, որ միասնությունը պետք է գաղափարների շուրջ լինի և տարակուսում են, թե ինչո՞ւ են ավանդական ազդեցիկ կառույցները հրաժարվել մասնակցությունից։
Համահայկական այս համաժողովի վերաբերյալ տեսակետներն ու գնահատականները միանշանակ չեն ոչ՛ Հայաստանում, ոչ՛ Սփյուռքում։
Արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը դժվարանում է գնահատել Համահայկական համաժողովին մասնակցելուց հրաժարվելը։
«Ռադիոլուրի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ գուցե կան հիմնավորումներ, որոնք համարվում են արդարացված, բայց երբ խնդիրը երկիրն ուժեղացնելն է, ապա նման քայլը չի կարող նպաստել դրան, հակառակը՝ այն ներկա դժվար պայմաններում էլ ավելի կթուլացնի պետությունը։
«Կարծում եմ, որ եկեղեցին, ըստ իս, առաջին հերթին պետք է ողջունի ուզած երկխոսություն։ Եթե ինքը՝ եկեղեցին է դրանից հրաժարվում, միգուցե՝ իրենք ունեն ավելի ամուր պատճառներ։ Բայց չեմ կարծում, որ այդ քայլը՝ այդ հրաժարումը, կարող է ինչ-որ բանով օգնել»։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նախօրեին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ հանդիպել է երկու կաթողիկոսների հետ և տեղեկացել նրանց հրաժարականի պատճառների մասին։
«Իրենք տարբեր պատճառներով չեն ուզում մասնակցել։ Գարեգին Բ-ն չէր ուզում, ասում էր, որ պատճառը կառավարության կողմից ոչ բարյացակամ վերաբերմունքն է։ Նաև ասաց, որ չի կարող մասնակցել պետության կազմակերպած միջոցառմանը։ Խոսակցությունը եղել է ամիսներ առաջ։
Արամ Ա-ն ասում էր՝ միջավայրը հեղհեղուկ և տոքսիկ է, ու այս պահին ճիշտ չէ հավաքվել»։
Կաթողիկոսները նպատակահարմար չեն համարել մասնակցել համաժողովին, քանի որ այն իրենց մոտ տարակուսանք է առաջացնում մասնակիցների և քննարկման դրված թեմաների ընտրության հարցում։ Այդ առթիվ Մայր Աթոռը նաև հայտարարությամբ էր հանդես եկել։ Դրանում, մասնավորապես ասվում էր.
«Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների համատեքստում անընկալելի են նաև քննարկման համար ընդգրկված նյութերը: Կազմակերպական այս մոտեցումներով նման միջոցառումը կարող է նոր զգայունություններ և լարվածություններ առաջացնել ազգային մեր կյանքում և արդյունավետ չլինել»:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը վերը նշված հարցազրույցում ասել է, որ համաձայն չէ պատճառաբանության հետ, քանի որ այսօր օրհասական պահեր է ապրում մեր պետությունը, ուստի հենց սա է այն պահը, որ պետք է հանդիպել։ Կաթողիկոսներին, սակայն, Սինանյանը չի կարողացել համոզել մասնակցել համաժողովին։ Այլ է պատճառաբանությունը Դաշնակցության դեպքում.
«ՀՅԴ-ի պահը քաղաքականացված է, իրենք պետք է պատասխանեն, թե ինչու չեն մասնակցում։ Հրավիրել ենք դաշնակցական անհատների։ Մյուս ավանդական կուսակցությունների անդամներին հրավերքները գանցել են, նրանց անդամները ներկա են լինելու։ Դա պառակտում չի նշանակում։ Միգուցե մենք կատարյալ միասնություն չենք ստանում, մենք ստանում ենք միասնությունը այն հատվածի, որը պատրաստ է այս պահին միասնական լինել»։
Ռեժիսոր Ռուբեն Բաբայնի խոսքով՝ տարաձայնությունները կարող են լինել շատ մեծ ու խորը, նեղացածությունը նույնպես կարող է այդպիսին լինել, բայց ինքը մեծ սկզբունքայնություն այդ առումով չի տեսնում, քանի որ կա գերնպատակ։
«Եթե խաթարվում է կարևորագույն խնդիրը, եթե այդ խնդիրը ամուր պետականություն ունենալն է, այստեղ կարծում եմ, բոլորը պետք է մասնակցեն ըստ իրենց հնարավորությունների, ուժերի չափով։ Փոխադարձ թշնամանքը չի կարող ուժեղացնել մեր երկիրը, կարող է միայն թուլացնել։ Իսկ մենք խոսում ենք՝ ինչպես անել, որ մեր պետականությունը լինի ուժեղ»։
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը, անդրադառնալով նախաձեռնությանը կարծիք է հայտնել, որ այս պահին կազմակերպվող համաժողովն անհաջող դրսևորում է, քանի որ այն պառակտում է հայ ժողովրդին։
Սասունյանը գրել է. «Գագաթնաժողովին» նախատեսված է երկու «պանելային քննարկում». «Ինչպե՞ս են Սփյուռքի համայնքներն իրենց երկրներում կազմակերպում տեղական և պետական մակարդակով ներկայացվածությունը» և «Սփյուռքի ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում. հնարավոր մոդելներ»: Այս երկու թեմաներն էլ պահանջում են լուրջ քննարկումներ հայկական խոշոր կազմակերպությունների և բանիմաց անհատների մասնակցությամբ, որոնք չեն հրավիրվել»։
Ֆրանսահայ գործիչ, քաղաքագետ Կայծ Մինասյանի կարծիքով հայությունը արդեն 30 տարի խաչմերուկի առջև է՝ ինչ հարաբերություններ պետք է լինեն Սփյուռքի և Հայաստանի միջև։ Նա գտնում է, որ այժմ փորձ է արվում ստեղծել նոր, ավելի արդիական մոտեցում ու գործելակերպ, որը դուրս կլինի նախկին ավանդական մոդելից։ Այս առումով, ֆրանսահայ գործչի ձևակերպմամբ, հերթական համահայկական համաժողովը հետաքրքրական է։ Այդուհանդերձ, նա կարծում է, որ լավ չէ, որ այս նոր մոտեցմամբ նոր մոդելից դուրս են մնում բավականին ազդեցիկ համահայկական կառույցներ։ Մինչդեռ, Սփյուռք-Հայաստան ձևաչափը, հատկապես այսօրվա մարտահրավերների պայմաններում, պահանջում է առավելագույն ներառականություն.
«Պետք է անպայման ներառական լինենք այդ աշխատանքում։ Ներառական ասելով՝ բոլորի անհրաժեշտությունը կա՝ թե՛ ավանդական կառույցների, թե՛ անհատական կարողությունների։ Եվ սա է կարևորը, այսինքն՝ բոլորը տեղ ունեն։ Ձև պետք է գտնել և, այսպես ասեմ, ուրիշ մեթոդով, ուրիշ գործելակերպով պետք է մոտենալ այդ հարցին»։
Ինչ վերաբերում է համահայկական համաժողովից ակնկալվող արդյունքներին, Կայծ Մինասյանի կարծիքով առայժմ վաղ է ապագայի մասին խոսելը։ Պետք է նախ սպասել համաժողովի արդյունքներին, տեսնել առաջարկվող գաղափարներն ու լուծումները, հետո միայն եզրահանգումներ անել։
«Սպասենք մի քիչ։ Բայց շատ հավանական է «օդի մեջ մնանք», որովհետև երբ որ մասնակիցների կարևոր բաժինը չի մասնակցում, և երբ հայտնի չէ, թե ինչ ճանապարհային քարտեզ պետք է ունենանք և այլն, շատ դժվար է վերլուծել և շատ դժվար է սպասել դրական արդյունքներ, բայց՝ իսկական դրական արդյունքներ, ոչ միայն հայտարարություններ»։
Կայծ Մինասյանը նույնպես հրավեր ստացել է, սակայն աշխատանքի բերումով Հայաստան ժամանել չի կարող։ Նա գրավոր առաջարկներ է ներկայացնելու, որոնք վերաբերում են Հայաստան-Սփյուռք հետագա համագործակցության ձևին՝։
Հայաստան-Սփյուռք գործակցության վերջին համահայկական համաժողովն անցկացվել է 2017 թ.-ին, իսկ 2020-ին այն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։



















