Հոկտեմբերի 27-ին Սամարղանդում տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների և Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերը: Վերոնշյալ միջոցառումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորները:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին:

Քննարկվել են պատմական հիշողության պահպանմանը և պատմությունը կեղծելու փորձերի անթույլատրելիությանը վերաբերող հարցեր: Տեղեկություններ են տրամադրվել ԱՊՀ ՄԽՎ դիտորդների՝ տարածաշրջանում ընտրությունների մասնակցության վերաբերյալ:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության և սպորտի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Թումասյանը:

Քննարկվել են «ԱՊՀ երկրների մտավոր սեփականության մասին» օրենսգրքի խմբագրված նախագիծը, ինչպես նաև մշակույթի, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում թվային զարգացման օրենսդրություն մշակելու ուղղությունները:

Օրակարգում ներառված են եղել նաև մոդելային օրենքների մշակմանը վերաբերող մի շարք հարցեր:

Քննարկումների արդյունքում Միքայել Թումասյանն ընտրվել է վերոնշյալ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Պատգամավոր Նարեկ Զեյնալյանն էլ մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի մշտական հանձնաժողովի նիստին: Խորհրդարանականները քննարկել են բնապահպանական անվտանգությանը, գյուղատնտեսության ու հանքարդյունաբերության ոլորտներին վերաբերող մոդելային նախագծեր:

Անդրադարձ է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում էկոլոգիայի և բնության կառավարման փորձագիտական խորհրդի կանոնակարգին, տեղեկություններ են ներկայացվել բնական ռեսուրսների և էկոլոգիայի բնագավառում ազգային օրենսդրության մշակման վերաբերյալ:

Քննարկվել են նաև «Լեռնային տարածքների կայուն զարգացում» միջազգային ֆորումի նախապատրաստական աշխատանքները: Այն նախատեսվում է անցկացնել 2023 թ. աշնանը:

ԱՊՀ ՄԽՎ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են պատգամավորներ Լիլիթ Մինասյանն ու Ալեքսեյ Սանդիկովը:

Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերից ու զբաղվածությունից դուրս մնացած (NEET խմբի) երիտասարդների խնդրի հաղթահարումը եղել է նիստի հիմնական հարցերից: ԱՊՀ խորհրդարանականները փոխանակվել են երիտասարդների գործազրկության օրենսդրական կարգավորման իրենց երկրների փորձով:

Հարցի քննարկմանը մասնակցել են Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Երիտասարդ խորհրդարանականները քննարկել են նաև «Միջազգային երիտասարդական համագործակցության գործում ներդրման համար» պատվո կրծքանշանի շնորհման առաջարկները: Մրցանակը սահմանվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի կողմից՝ երիտասարդական թևի նախաձեռնությամբ:

Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի մասնակիցներն ամփոփել են ընթացիկ տարվա աշխատանքները: Լիլիթ Մինասյանը ռոտացիոն կարգով մեկ տարի ժամկետով ընտրվել է վեհաժողովի համակարգող նախագահ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն