Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկուշաբթի օրը Սոչիում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո համաձայնեցվել է համատեղ հայտարարություն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր մենք պայմանավորվեցինք համատեղ հայտարարության շուրջ, պետք է անկեղծորեն ասեմ, որ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված էր, որոշ բաներ պետք է հանվեին մասնագետների մակարդակով նախապես մշակված տեքստից», — նշել է ՌԴ ղեկավարը։

«Այնուամենայնիվ, ես համաձայն եմ ընդհանուր գնահատականի հետ, որ հանդիպումը օգտակար էր, և դա պայմաններ է ստեղծում իրավիճակի կարգավորման հետագա քայլերի համար», — ընդգծել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահն ասել է, որ եռակողմ հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ։

«Նախ՝ հայկական պատվիրակության հետ, հետո դեմ առ դեմ Հայաստանի վարչապետի հետ, հետո ադրբեջանական պատվիրակության հետ և դեմ առ դեմ խոսեցինք Ադրբեջանի նախագահի հետ, իսկ հետո երկուսով, նույնիսկ, հավանաբար, մի փոքր ավելին, մենք երեքով խոսեցինք»,- ասել է ՌԴ ղեկավարը։

«Մեր ընդհանուր կարծիքով՝ դա շատ օգտակար հանդիպում էր»,- ընդգծել է Պուտինը։

Ռուսաստանի Դաշնությունը կանի ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական կարգավորման հասնելու համար, ասել է ՌԴ նախագահը։

«Ինչպես պայմանավորվել ենք, մենք կապի մեջ կլինենք, մենք կշարունակենք այս երկխոսությունը և կշարունակենք փնտրել այն լուծումները, որոնք անհրաժեշտ են այս երկարատև հակամարտությանը վերջ դնելու համար»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը և Ադրբեջանը ցույց են տվել ապագայի շուրջ պայմանավորվելու կարողություն։

«Այսօրվա քննարկումը հուշում է, որ մենք կարող ենք նաև բանակցել մեր բոլոր երկրների ապագայի մասին: Երբ ասում եմ մեր բոլոր երկրները, ես նկատի ունեմ Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և տարածաշրջանի բոլոր երկրները: Որովհետև տարածաշրջանի բոլոր ժողովուրդները շահագրգռված են կարգավորել հարաբերությունները»,- ասել է Պուտինը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն