Կովկասի պետությունները ռազմավարական նշանակություն ունեն. Մոհամմեդ Ջամշիդի
Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմեդ Ջամշիդին, անդրադառնալով երեքշաբթի օրը Հայաստանի վարչապետի Թեհրան կատարելիք այցին, հայտարարել է, որ «Կովկասի երկրներն Իրանի համար ռազմավարական նշանակություն ունեն»։
Երկուշաբթի երեկոյան, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Մոհամմեդ Ջամշիդին ասել է.«Նիկոլ Փաշինյանը երկկողմ բանակցությունների նպատակով Իրանի նախագահի հրավերով վաղը պատրաստվում է այցելել Թեհրան, և այս այցի ընթացքում նրան կուղեկցի տնտեսական և քաղաքական պատվիրակություն»:
Ընդգծելով Կովկասի աշխարհաքաղաքական դիրքը և նրա սահմանների կարևորությունը՝ նա նշել է, որ ավելի վաղ Թեհրան է այցելել Թուրքիայի նախագահը, իսկ Հայաստանը Կովկասի մյուս երկրներից է, որի վարչապետը գալիս է Իրան՝ քննարկելու և մտքեր փոխանակելու տարածաշրջանի կարևոր երկկողմ հարցերի շուրջ։
Ջամշիդին հայտարարել է, որ Իրանում Փաշինյանի և նրան ուղեկցող պատվիրակության կարևորագույն ծրագրերն են Այաթոլլահ Ռայիսիի հետ առանձնազրույցը, երկու երկրների նախարարների համատեղ բանակցությունները, փոխըմբռնման հուշագրի ստորագրումը և մամուլի ասուլիսի անցկացումը։ Հայաստանի վարչապետը հանդիպում և զրույց է ունենալու Իրանցի մի շարք պաշտոնատարների հետ:
Անդրադառնալով 13-րդ կառավարությունում տարածաշրջանային դիվանագիտության կարևորությանը, Ջամշիդին նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է այլ երկրների պաշտոնյաների այցերը և այդ այցերը համարում է բոլոր երկրների հետ հարաբերությունները զարգացմանն ու բարելավմանն ուղղված քայլեր»:



















