Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր ժամանել է Թեհրան։  Հայաստանի վարչապետին  ընդունել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Դիմավորման արարողությունից հետո երկկողմ բանակցություններ են տեղի ունեցել Իրանի և Հայաստանի ղեկավարների միջև։ Հանդիպումից հետո Էբրահիմ Ռաիսին ու Նիկոլ Փաշինյանը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Հայաստանի վարչապետի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, անկասկած, բեկումնային կլինի երկու երկրների զարգացման գործում՝ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Իրանի նախագահը։ Նա շեշտել է, որ  բարիդրացիությունը Իրանի կառավարության ընդգծված քաղաքական առաջնահերթություններից մեկն է։ Ռաիսին ասել է, որ  երկկողմ հանդիպումները , որոնք ուղղված են Իրանի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային և անվտանգության հարաբերությունների զարգացմանը, իրենց օրակարգում են։ Նախագահ Ռաիսիի խոսքով՝ Իրանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները վերջին ամիսներին 43 տոկոս աճ են գրանցել։

«Մեր նպատակն է մեծացնել առևտրային հարաբերությունները մինչև երեք միլիարդ դոլար, ինչին կարելի է հասնել երկու երկրների կամքով։

Երկու երկրների միջև լավ հարաբերությունները միանշանակ կբերեն ավելի լավ հարաբերությունների տարածաշրջանում և աշխարհում»։

Կովկասյան տարածաշրջանը Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է՝ նշել է Ռաիսին և շեշտել, որ կովկասյան տարածաշրջանում զարգացումները, անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար։ Եվս մեկ մեջբերում Իրանի նախագահի խոսքից.

«Կովկասը համարվում է Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մաս, և մենք զգայուն ենք այդ տարածքում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ: Անվտանգությունն ու խաղաղությունը Կովկասում շատ կարևոր են Իրանի համար։ Մենք կարծում ենք, որ Կովկասի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի խաղացողները, իսկ օտարների ցանկացած միջամտություն կհանգեցնի նոր մարտահրավերների»։

Իրանի նախագահը Հայաստանի վարչապետի այցը Թեհրան բնութագրել է որպես շրջադարձային դրվագ երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման համար։ 

Իր հերթին, գնահատելով Իրանի սկզբունքային տեսակետները կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերաբերյալ, Նիկոլ  Փաշինյանն ասել է.

«Ես պարոն Ռաիսիին տեղեկացրել եմ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին և համաձայն եմ Իրանի նախագահի տեսակետների հետ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ»։

Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել նախագահ Ռաիսիի վերաբերմունքը Իրանի հայ համայնքի նկատմամբ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է լինել տարբեր կրոնների հետևորդների խաղաղ համագործակցության և համակեցության հստակ և բացահայտ խորհրդանիշ, նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը հայտնել է նաև, որ Իրանի և Հայաստանի նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էլեկտրոէներգիայի և գազի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Որոշ քննարկումներ են տեղի ունեցել էներգետիկայի և գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում։

Հայաստանի վարչապետը Իրանի նախագահին հրավիրել է Երևան՝ շարունակելու այս բանակցությունները։

Իրանի նախագահն ու Հայաստանի վարչապետը վերջին անգամ հանդիպել էին 2022-թ սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում։

Իրանի և Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունների բանակցությունների առանցքային թեմաներն են եղել տարբեր քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ կարծիքների փոխանակումը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն