Հայաստանը համաձայն է Ռուսաստանի առաջարկին՝ Արցախի կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգելու վերաբերյալ
Հայաստանի կառավարության քայլերը հակասության մեջ չեն ռուսաստանյան հայեցակարգի հետ։ Ռուսական կողմն է առաջարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգել անորոշ ժամանակով, ինչը համապատասխանում է Հայաստանի կառավարության մոտեցմանը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք տեղյակ եք, որ Ռուսաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով ճիշտ մոտեցումը կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ Ինչո՞վ է սա հիմնավորվում։ Հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել մի կարգավիճակ, որ փոխընդունելի կլինի։ Ընդ որում, պետք է խոստովանել, որ դա նոր վիճակ չէ, բայց ամեն դեպքում։ Ինչքանո՞վ է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ։ Ես պետք է ասեմ, որ լիարժեք և 100 տոկոսով է համապատասխանում»,- ասաց վարչապետը։
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում կա երեք բաղադրիչ՝ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ։
«Հընթացս կարգավիճակ բառը՝ որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել։ Ինչո՞ւ, հենց այս տեսլականի բերումով, որովհետև մենք համաձայն ենք եղել ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ այդ թեման չարժե գնալ և փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի»,- նշել է Փաշինյանը։



















