Սոչիից առաջ և հետո մեր քաղաքականությունը չի փոխվել. Փաշինյան
Ռուս խաղապահների մանդատի երկարաձգման հարցը Սոչիում չընդունվեց, բայց դարձավ օրակարգային, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկմանն ասել է ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ներկայության ժամկետը երկարացվում է ինքնաբերաբար, եթե կողմերից որևէ մեկը ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ առարկություն չի ներկայացնում: Նորությունն այս պահից առարկության ինստիտուտը հաղթահարել էր: Մեր առաջարկն այս փուլում չընդունվեց, բայց իմ տպավորությամբ դա մի հարց է, որ ինչ-որ առումով դառնում է օրակարգային: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնն է խաղաղապահների ներկայությունը, քանի դեռ չեն ստեղծվել ապահովման հուսալի մեխանիզմներ և երաշխիքներ»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Սոչիում վերահաստատվել են Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները և մյուս կողմից որևէ հերքում կամ բացառում չի եղել, առնվազն, փաստաթղթերում արձանագրված: Սոչիից առաջ և հետո հայկական կողմի քաղաքականությունը չի փոխվել: Խաղաղության օրակարգի իրականացման շուրջ շարունակվելու է ակտիվ գործունեությունը, նշել է Փաշինյանը, շեշտելով, որ հանդիպումներում այս տարվա սեպտեմբերի 13-ի և նախորդ տարվա մայիսի 12-ի ագրեսիային բավարար չափով անդրադարձ եղել է: Միջազգային հարթակներում հաջողվել է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև կա սահման, որը ամրագրված է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով և հարակից փաստաթղթերով և այն ագրեսիայի է ենթարկվել:
«Կա սահման, սա չափազանց կարևոր նրբություն է, որովհետև եթե չկա սահման, կարելի է ասել, որ չկա ագրեսիայի փաստ: Ե՛վ Սոչիում, և՛Պրահայում արձանագրվել է սահմանի առկայությունը, և դրանով ինքնին արձանագրվել է ագրեսիայի փաստը, սրանից բխող միջազգահին արձագանքներով: Օրինակ՝ Պրահայի հանդիպման արդյունքներով միջազգային դիտորդների գործուղումը Հայաստան հնարավոր դարձավ միայն դրանից հետո, երբ արձանագրվեց 1991 թվականի սահմանը: Եթե չլիներ դա, եվրոպացիների մոտ հարց էր ծագելու գալու ենք ինչը դիտենք:Եթե չունենք բազային տվյալ, ոնց է որոշվելու ով որտեղ է կարգնած, որքանով է ճիշտ կանգնած»,- ասել է ՀՀ վարչապետը:



















