Վերջին ամիսներին Իրանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները 43 տոկոս աճ են գրանցել։  Նախօրեին այս մասին հայտարարեց Իրանի նախագահը՝ շեշտելով, որ նպատակ կա ավելի մեծացնել առևտրային հարաբերությունները, դրանք հասցնելով մինչև երեք միլիարդ դոլարի։

Այս համատեքստում Իրանն ու Հայաստանը  փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էլեկտրոէներգիայի և գազի պայմանագրի երկարաձգման մասին։ Քննարկվել են նաև էներգետիկայի և գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Փորձագետների գնահատմամբ՝ Իրան-Հայաստան կապերը նոր որակ ու ներուժ են ստանում ։

Իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար, Իրանի ազգային գազային ընկերության գլխավոր տնօրեն Մաջիդ Չեգենին Հայաստանի եւ Իրանի միջեւ էներգետիկայի ոլորտում տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո: Այդ հուշագրով լրացվել է «գազի դիմաց էլեկտրաէներգիա» բարտերային համաձայնագիրը մինչեւ 2030 թվականը երկարաձգելու մասին համաձայնագիրը։ Այս առիթով իրանցի պաշտոնյան նաև ասել է:

«Սրանից ելնելով, արտահանվող գազի ծավալների ավելացմանը համապատասխան, կփոխվի նաեւ էլեկտրաէներգիայի բարտերային սակագինը։ Մենք օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ ենք արտահանում Հայաստան, այն կկրկնապատկվի նոր հուշագրի հիման վրա»։

Հայաստանը գործող պայմանագրի համաձայն այժմ Իրանից գազ է ստանում, որի դիմաց Իրան է արտահանում էլեկտրոէներգիա։ Մոտավորապես 1 խորանարդ մետր գազի դիմաց արտահանվում է  3.5 – 3.7 կվտ ժամ էլեկտրոէներգիա։

Թվական այդ տվյալներն ու հուշագրի նշանակությունը Ռադիոլուրի հետ զրույցում մեկնաբանում է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը,.

«Հայաստանից դեպի Իրան էլեկտրոէներգիայի արտահանումը տեխնիկական խնդիրներ ունի. Հայաստանի հզորությունները բավարար չեն մեծ քանակի էներգիա  դեպի Իրան արտահանելու համար։  Քանի դեռ տեխնիկական այդ պրոբլեմը լուծված չէ, նմանօրինակ հուշագրերը ոչ մի հարց չեն լուծում սկզբունքորեն։ Լավ է, որ հուշագիր է կնքվել է, բայց եթե մենք չենք կառուցել երրորդ բարձրավոլտ համակարգը, չենք կարողանալու այդ հարցը լուծել։ Նոր բարձրավոլտի կառուցումը շատ վաղուց սկսվել է Իրանի հետ, բայց, ցավոք սրտի, դեռ ավարտված չէ։ Շատ հնարավոր է, որ այս հուշագիրը նպաստի, որ այդ երրորդ բարձրավոլտի կառուցումը արագանա։ Այդ դեպքում մենք կկարողանանք ոչ  թե կրկնապատկել, այլ նույնիսկ եռապատկել Իրանից  դեպի Հայաստան գազի ներհոսքը և Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը»։

Պետք է արձանագրել, որ էներգետիկ ոլորտում համագործակցության խորացումից զատ, նոր թափ են ստանում նաև Իրան-Հայաստան տնտեսական կապերը։

Իրան-Հայաստան առևտրական պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի խոսքով՝  հատկապես վերջին ամիսներին Իրան-Հայաստան գործարար կապերը նոր որակ են ստացել։ Նրա կարծիքով դրան մեծապես օժանդակում է կառավարական կապերի ակտիվացումը։   

«Ես կարծում եմ, որ վերջին մեկ տարվա մեջ շատ ուժեղ հարաբերություններ են ստեղծվել և այս հարաբերություններ են ստեղծվել։ Բացի տուրիզմից, Պարսկաստանում արդեն զգում են, որ Հայաստանից օտար երկրներ արտահանելը կարևոր է և այդ ճանապարհով կարող են շատ լավ հարաբերություններ ստեղծել։ Կարծում եմ, որ երկու-երեք ամիս անց լավ լուրեր կունենանք՝  նույնիսկ առևտրականները, ժողովուրդը կկարողանան Հայաստանից ապրանք ներմուծել և արտահանել։ Այսինքն, այս երկու երկրների հարաբերությունները միակողմանի չեն լինի։ Իրանական կողմն էլ արդեն մտածում է, որ Հայաստանի հետ կարողանան կապերն ավելի ուժեղացնել՝ նույնիսկ ներմուծելով։ Այս հարաբերությունները կարող է թղթի վրա մի քիչ դժվար են, բայց երբ մի քիչ մտածում ենք՝ տեսնում ենք, որ կարող ենք լավ արդյունքներ ստանանք»։

Վերջին ամիսներին Իրան — Հայաստան  առևտրային հարաբերությունները 43 տոկոս աճ են գրանցել։ Այս մասին նախօրեին հայտարարեց այդ երկրի  նախագահը։ Էբրահիմ Ռաիսին  շեշտեց, որ նպատակ կա փոխադարձ առևտրի ծավալը հասցնել երեք միլիարդ դոլարի։

Իրան-Հայաստան առևտրական պալատի նախագահը Հերվիկ Յարիջանյանը գտնում է, որ երկու երկրներն ունեն նման ներուժ։ Ընդ որում՝ դրան նպաստում են նաև Իրանի նկատմամբ արևմտյան սանկցիաները։ Յարիջյանը կարծում է, որ այս առումով էլ, լոգիստիկ տեսանկյունից, ինչպես Հայաստանը կարող է օգտակար լինել Իրանին, այնպես էլ Իրանը՝ Հայաստանին։   

«Ինչպես որ Իրանը ուզում է Հայաստանի հետ համագործակցի և Եվրասիական շուկայի մեջ ավելի փայլուն մասնակցի, այնպես էլ Հայաստանը կարող է Պարսկաստանի հնարավորություններից օգտվի և դուրս գա  արաբական երկրներ, աֆրիկյան երկրներ առանց ռիսկի ավելի փայլուն ներկայություն ունենա։ Այս երկու երկրները որքան իրար ձեռք մեկնեն, իրար հնարավորությունները օգտագործեն՝ 100 տոկոսով երկու երկրների օգտին է լինելու։ Այսինքն, եթե ճանապարհները ավելի բաց, լավ լինեն՝ Իրանը ավելի հանգիստ կարող է հասնել Սև ծով, նույնպես՝ Հայաստանը ավելի հանգիստ կարող է հասնել Պարսից ծոցին։ Այս ճանապարհների հարցը եթե լուծվի, մենք կարող ենք շատ խնդիրներ չունենալ՝ սանկցիաների հետ կապված։ Որպես առևտրականներ, մեր կարծիքով, եթե Հայաստանը ուզենա շնչել, ամենակարևորը ճանապարհներն են»։   

Ի դեպ, նախօրեին Իրանում Հայաստանի  ՏԿԵ ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարները քննարկել են նաև նոր ճանապարհների Քաջարանի թունելի կառուցման հարցը։ Գնել Սանոսյանն այդ մասին Ֆեյբուքում գրել էր հետևյալը։

«Մասնավորապես, կարևորել եմ իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։ Քննարկել ենք նաև Քաջարանի թունելի կառուցման հարցը։ Անդրադարձել եմ նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծավալները։ Կարևորել ենք ոլորտում համագործակցությունը, կարողությունների հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքները»։

Ի դեպ, Արաքս ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրեն Մաջիդ Քիանին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Վարամինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ  Իրանի և Հայաստանի միջև տնտեսական փոխգործակցության զարգացման և ընդլայնման համար կան արժեքավոր կարողություններ և իրանական արտադրանքի արտահանումը Հայաստան պետք է մեծացվի, իսկ դրա համար մեծ առավելություն է Իրանի և Հայաստանի միջև միակ ցամաքային կապի գոյությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն