Հայաստանը փորձում է շտկել 1998–ի սխալները․ վարչապետի պարզաբանումները՝ ԱԺ–ում
Նիկոլ Փաշինյանը 2022 թվականն արտաքին դիվանագիտության տեսանկյունից բացառիկ տարի է համարում։ Թեև վարչապետը ԱԺ էր գնացել բյուջետային քննարկումներին մասնակցելու համար, մինչ տնտեսական և ֆինանսական հարցերի մասին խոսելը, մեկնաբանել է վերջին քաղաքական հանդիպումներն ու ընդունված որոշումները։
2022–ի բացառիկությունը, ըստ վարչապետի՝ այն է, որ առաջին տարին է, երբ Հայաստանի ղեկավարը ուղիղ շփումներ է ունեցել առանց բացառության բոլոր հարևան երկրների հետ։ Վարչապետը կարծում է, որ կա իրադրության թեև ոչ մեծ, բայց շատ կարևոր փոփոխություն։ Վերլուծելով իրավիճակը նա հասկացել է, որ օրինակ՝ Թուրքիայի հետ հարաբերություններում կոմունիկացիոն բարդություններն ու բարդույթները հաղթահարված են։ Եթե նախկինում կողմերի մոտ եղել է հանդիպել–չհանդիպելու կամ խոսել–չխոսելու երկընտրանքը, ապա այսօր այդ բարդույթը վերացված է։
Փաշինյանը ներկայացրել է նաև Պրահա–Սոչի–Բրյուսել–Մոսկվա ուղեծրում հայ դիվանագիտության ընթացքը։
Արտաքին քաղաքականության դաշտում Հայաստանը այս պահին փորձում է հասնել 2 կարևորագույն նպատակի՝ հստակ ամրագրել Ադրբեջանի հետ սահմանը և Լեռնային Ղարաբաղի հարցում Արցախը դարձնել բանակցող կողմ։
Թեև նոյեմբերի 3–ին Բրյուսելում սահմանագծման և սահմանային անվտանգության հարցով հանձնաժողովների հերթական հանդիպումն է, թեև ՀԱՊԿ–ից Հայաստանի ակնկալած օգնությունը հապաղում է «չճշտված սահմաններ» ձևակերպմամբ, այնուամենայնիվ, ըստ հայաստանի վարչապետի՝ դիվանագիտական աշխատանքը արդեն որոշակի արդյունք տալիս է։
«Ե՛վ Սոչիում, և՛ Պրահայում արձանագրվել է սահմանի առկայությունը, դրանով ինքնին արձանագրվել է ագրեսիայի փաստը՝ սրանից բխող միջազգային արձանագնքներով։ ԵՄ դիտորդների գործուղումը Հայաստան հնարավոր դարձավ միայն նրանից հետո, երբ արձանագրվեց 91 թվականի սահմանը, որովհետև եթե չլիներ 91 թվականի սահմանը եվրոպացիների մոտ հարց էր ծագելու՝ գալու են ի՞նչը դիտեն»։
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի ներկայացմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ճշգրտումը ձեռնտու չէր Ադրբեջանին։ Բացատրում է, որ անճշտությունները Ադրբեջանին հնարավորություն են տալիս անկայունության նոր «գորշ տարածքներ» ստեղծելու համար։ Այս հարցում Պրահայի և Սոչիի հարթակներն, ըստ Մարուքյանի չհակասեցին իրար։
«Հայաստանը փակեց այդ թեման՝ առաջ բերելով Ալմաթիի հռչակագիրը և հասնելով նրան, որ Ադրբեջանը համաձայնի դրան, որտեղ հստակ ասվում է, որ նորանկախ պետությունների պետական սահմաններ են համարվում Խորհրդային Միության փլուզման պահին ադմինիստրատիվ սահմանները։ Ադրբեջանը Պրահայում համաձայնել էր դրան և փորձ էին անում դրա տակից դուրս գալ, բայց Սոչիում մեր հիմնավորումները ըստ էության աշխատել են և ռուսական կողմը համաձայնել է»։
Կարևորագույն մյուս հարցը առնչվում է Լեռնային Ղարաբաղի ապագային։ Հայաստանի իշխանությունն ասում է, որ փորձում է շտկել 1998 թվականին սկսված սխալները, երբ Ղարաբաղը նախ՝ դուրս մղվեց բանակցային գործընթացից, իսկ հետագա բանակցություններում անգամ տարածքների փոխանակման տարբերակը շրջանառվեց՝ իրավունքների հարցը փոխելով պարզապես տարածքային վեճի։
Արցախում վերջին օրերի համաժողովրդական հանրահավաքը և Աժ–ի հայտարարության տեքստը Հայաստանի իշխանությունների կողմից նորմալ է ընդունվում։ Աժ–ի նախագահ Ալեն Սիմոնյանը, պետաիրավական մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը այս հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ ձևակերպում են․
Ալեն Սիմոնյան․ «Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Պարզ է՝ եղել է պատերազմ, պարզ է՝ շատ բան է փոխվել, աշխարհաքաղաքական բաներ են փոխվում և դրանք ստիպում են ինչ–որ փոփոխություններ անել, բայց հիմնական առումով չի փոխվել դիրքորոշումը»։
Արուսյակ Ջուլհակյան․ «Ըստ էության տարիներ շարունակ կոնֆլիկտը եղել է Արցախի շուրջ, բայց որոշակի պահից սկսած Արցախը ունեցել է կրավորական կեցվածք, ինչը շատ է վնասել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բանակցություններին, որովհետև ստացվել է, որ մենք այդտեղ քննարկում ենք ոչ թե արցախահայության իրավունքների հարցը, այլ՝ Հայաստանը ինչ–որ տարածքների հարց է քննարկում, ինչը այդպես չէ։ Հայաստանը երբեք չի ցանկացել իր տարածքները ընդլայնել։ Հայաստանը ցանկացել է պաշտպանել իր հայրենակիցների կյանքը և իրավունքները։ Ես շատ ուրախ եմ, որ հիմա արցախահայությունը և Արցախի իշխանությունները սկսել են խոսել և սկսել են իրենց դիրքորոշումը ներկայացնել»։
Էդմոն Մարուքյան․ «Նույն Կոսովոյի օրինակը, որ բերում են, Ալբանիա՞ն է գնացել բանակցել Սերբիայի հետ Կոսովոյի հարցում»։
Փաստը, որ Արցախի մասին ոչ մի հիշատակում չկա եռակողմ 4–րդ՝ Սոչիի հայտարարության մեջ, ըստ Մարուքյանի՝ դեռ որևէ պնդման ցուցիչ չէ։ Հատուկ հանձնարարություններով դեսպանը բացահայտում է, որ հակառակ Այլիևի պնդումներին և հայտարարության խմբագրված տարբերակին, քննարկումների առնվազն 30% հատկացվել է ղարաբաղյան հակամարտության թեմային։ Մարուքյանի պնդմամբ՝ դա անուղղակի ամրագրում է, որ խնդիրը դեռևս լուծված չէ։
Չնայած Սոչին Հայաստանի իշխանության համար ունեցավ և ձեռքբերումներ, և անհաջողություններ, բայց վարչապետի ընկալմամբ՝ քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ։ Ըստ նրա՝ հանդիպումը օգտակար էր նաև կոնկրետ հարցի պարզաբանման տեսանկյունից։ Վարչապետը հաստատեց, որ գոյություն ունեցող առաջարկներից Հայաստանի համար ընդունելի է հարաբերությունների կարգավորման ռուսական հայեցակարգը, որտեղ Արցախի խնդրի շուտափույթ լուծում չի առաջարկվում, այլ կարգավիճակի հարցը հետաձգվում է անորոշ ժամանակով։
«Հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի։ Ինչ–որ առումով նաև ռուսաստանցի գործընկերների հորդորով փորձել ենք ավելի ճկուն լինել իրավիճակը փակուղային չդարձնելու համար։ մենք համաձայնել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ այդ թեման հիմա չարժե գնալ և փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի։ Եվ այստեղ է, որ ուրախ եմ, որ հիմա կարող եմ սա ասել։ Ընդ որում այս մոտեցման համար մեզ քննադատում էին այն ժամանակ մարդիկ, որոնք այսօր էլ քննադատում են այս մոտեցումը չունենալու համար։ Ես հույս ունեմ, որ կարողացա ներկայացնել, թե ինչի մասին է խնդիրը, որովհետև նուրբ հարց է»։
Վարչապետի մյուս պարզաբանումը առնչվում է Արցախում ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգմանը։ Թեև Փաշինյանը Սոչիում առաջարկել էր ռուսաստանցի խաղաղապահների մանդատը երկարաձգել անորոշ ժամանակով, բայց այդ առաջարկը չէր ընդունվել, նրա ընկալմամբ այդ հարցն, այնուամենայնիվ, դարձել է օրակարգային։



















