ԵՄ-ն կառուցողական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների բրյուսելյան հանդիպումը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ծառայության մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալին հայտարարություն է տարածել նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 3-րդ նիստի վերաբերյալ՝ հայտնելով իր գոհունակությունը:
«ԵՄ-ն այսօր Բրյուսելում հյուրընկալել և բացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 3-րդ նիստը։
Այս հանդիպումը հաջորդում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին բրյուսելյան եռակողմ հանդիպումների ժամանակ։
ԵՄ-ն բարձր է գնահատում կառուցողական մթնոլորտը, որում անցավ հանդիպումը, և կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը սահմանների հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև բարելավելու անվտանգության իրավիճակը»,-գրել է Նաբիլա Մասրալին:



















