Մինչև 2026-ը պարենային զամբյուղին համարժեք թոշակ կունենանք
Եթե կենսաթոշակի տարիքի հասած քաղաքացին կարծում է, որ դեռ ունի բավարար ռեսուրս ու միջոցներ առանց թոշակի կյանքն ապահովելու համար, ապա կարող է հետաձգել թոշակառու դառնալու պահը քանի տարով ցանկանում է՝ հետագայում ցմահ ավելի բարձր թոշակ ստանալու պայմանով։ Գաղափարը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է, ինչը, նախարար Նարեկ Մկրտչյանի կարծիքով, 2023-ին արդեն կյանքի կկոչվի․
«Ներկայում շուրջ 32 000 կենսափոշակառու ստանում է ամսական 150 000 դրամից ավելի բարձր աշխատավարձ, իսկ ավելի քան 9000 կենսաթոշակառու ամսական ստանում է 300 000 դրամից բարձր աշխատավարձ»։
ԱԺ-ի աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում 2023-ի պետական բյուջեի սոցիալական հատկացումներն են։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ այս ոլորտը համակարգող գերատեսչությանը պետությունը 2023-ին գրեթե 648.5 միլիարդ դրամ կհատկացնի, նախորդ տարվա համեմատ 68,7 միլիարդ ավելի։ Նարեկ Մկրտչյանը նշում է հաջորդ տարի սպասվող հիմնական փոփոխություններ․
«2023-ին նախատեսում է վերանայել կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը։ Խնդիր է դրվել միասնականացնել աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, որը ներկայումս տաբերակված է մինչև 10 տարվա և 10 տարուց ավել ստաժի համար։ Բանաձևի փոփոխությունը թույլ կտա պարենային զամբյուղի արժեքից ցածր ստացող կենսաթոշակառուների կենսաթոշակն ավելի արագ բարձրացնել և հասցնել պարենային զամբյուղի չափին ավելի շուտ, քան 2026 թվականը»։
Ինչպե՞ս են մարդիկ ապրելու գնաճի պայմաններում՝ առանց պարենային զամբյուղն իրենց թույլ տալու համար բավարար գումար ունենալու հարցին նախարարը պատասխանում է, որ ամեն ինչ արվում է համընդհանուր բարեկեցությունն ապահովելու համար, իսկ դիտարկմանը, թե պաշտոնյաների աշխատավարձերն ավելի արագ տեմպերով են բարձրանում, արձագանքում է
«Եկեք պատգամավորների աշխատավարձերը բաժանենք ու տանք մի քանի հարյուր հազար թոշակառուներինմ տեսնենք՝ քանի լումայով կավելանա թոշակը։ Ես պատրաստ եմ, եթե դա ինչ–որ բան կփոխի»։
Նվազագույն կենսաթոշակը 2023-ին կհասնի 36 000 դրամի, նվազագույն աշխատավարձը՝ 75 000 դրամի, մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի համար պետությունը նախորդ տարվա համեմատ 11.9 տոկոսով ավելի՝ 648.2 միլիարդ դրամ կհատկացնի, կշարունակվի գործել երրորդ և ամեն հաջորդ երեխայի համար 6 տարի շարունակ ամսական 50 000-ական դրամ տրամադրելու պրակտիկան և այլն։ Նախարարն առանձին տողով նշում է նաև բնակարանային ապահովման ծրագիրը, որն իրականակցնելու համար նախատեսվում է նախորդ տարվա համեմատ 391.4 տոկոս ավելի գումար տրամադրել։
«2023-ին նախատեսվում է իրականացնել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր, որը հնարավորություն կտա Արցախից տեղահանվածներին ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել տուն։ Եթե տեղահանված ընտանիքը գույք ձեռք բերի կամ տուն կառուցի ՀՀ սահմանամերձ տարածքներում, ապա կստանա լրացուցիչ աջակցություն»։
Սահմանամերձ համայնքներում տուն գնելու դեպքում կտրամադրվի 14 միլիոն, կառուցելու դեպքում՝ 16 միլիոն դրամ՝ հիպոթեքային վարկի մայր գումարը մարելու համար։
Փոփոխություններ կան նաև մանկատների շրջանավարտներին տրամադրվող գումարի չափում։ Եթե այժմ ինքնուրույն կյանք մուտք գործելիս շրջանավարտին միանվագ տրամադրվում է 50 000 դրամ, ապա հաջորդ տարվա բյուջեն նախատեսում է մեկ տարի շարունակ ամեն ամիս 70 000 դրամի տրամադրում։



















