ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ Թվիթերում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաև հանդիպմանը։ ԵՄ–ը հանդիպումը կառուցողական է գնահատել, իսկ Հայաստանի արտգործնախարարությունը  ընդգծել  է գործընթացն արագացնելու կողմերի պատրաստակամությունը։ Փորձագետները, սակայն, թերահավատ են, կարծում են՝ կողմերի խորքային տարաձայնություններն արագ շարժվելու հնարավորություն չեն տալիս։

Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հայ–ադրբեջանական հանձնաժողովի Բրյուսելում կայացած երրորդ հանդիպումից հետո տեղեկությունները սուղ են։ ԵՄ-ն կառուցողական է գնահատում հանդիպումը՝ ընդգծելով, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը սահմանների հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ։ Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում նշվում է նաեւ, որ այս հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է։

Հայաստանի ԱԳՆ–ն հայտնում է, որ կողմերը պայմանավորվել են արագացնել սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:

Հակիրճ արձագանք կա նաև ՆԱՏՕ-ից։ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, անդրադառնալով ԵՄ միջնորդությամբ Բրյուսելում կայացած Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաև հանդիպմանը, Թվիթերում գրել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը ։

Սահմանազատման հարցերով հանձնաժողովի հաջորդ՝ չորրորդ նիստի անցկացման  վայրն ու ժամկետը դեռ  հայտնի չեն։

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել էին օգոստոսի 30-ին Մոսկվայում, իսկ առաջին հանդիպումը մայիսի 24-ին էր՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի Նախիջևանի սահմանին։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը սահմանազատման հարցով երկու երկրների հանձնաժողովների անդամների հանդիպումները խաղաղության օրակարգի մաս է դիտարկում։

«Մի քիչ թերահավատ եմ, թե ինչպես կարելի է ամիսների ընթացքում բոլոր խնդրահարույց հարցերը լիարժեքորեն հանգուցալուծել՝ հավասարը հավասարին սկզբունքով։ Սա հնարավոր է միայն անհավասարության պարագայում, երբ  մեկը անընդհատ պարտադրի, իսկ մյուսը ապրիորի ենթարկվի։ Ես չեմ հավատում նաև, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքվի, որովտեհտև չեմ տեսնում լիակատար աջակցություն Բաքվի կողմից։ Նրան ձեռք է տալիս պատերազմը։ Նաև տողատակերում կարող ենք ասել, որ մեզ նույնպես ձեռք չի տալիս որևէ փաստաթուղթ վավերացնելը։ Մեզ ձեռք է տալիս փաստաթղթերի շուրջ պայմանավորվելն ու զրուցելը»։

Քաղաքագետ Արա Պողոսյանը նկատում է՝  հանձնաժողովի հանդիպումներն անցնում են Մոսկվա–Բրյուսել հերթափոխով։ Սա, վերլուծաբանի գնահատմամբ, հուշում է, որ  գործընթացը Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների տիրույթում է։ Սոչիին հաջորդեց Բրյուսելը, որտեղ ռուսականից տարբերվող մոտեցում պետք է առաջարկվեր՝ ասում է քաղաքագետը։

«Այն պարագայում, երբ ռուսաական կողմը ներկայացրեց իր առաջարկած բանաձևի առավելությունը, օրինակ, հայկական կողմի համար, այժմ կարծում եմ, որ արևմտյան կողմը կփորձի իր առաջարկած բանաձևի մեջ այդ առավելությունները ներկայացնել որոնք գրավիչ կլինեն երկու կողմերի համար»։

Նա նույնպես անիրատեսական է համարում խաղաղության պայմանագրի կնքումը մինչև տարեվերջ․ խորքային խնդիրներ կան, որոնք չեն կարող լուծվել հրամայական ձևով՝ ասում է վերլուծաբանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն