Մեկ օրվա տարբերությամբ Ալիևի հնչեցրած հայտարարությունները հակասում են իրար։ Ադրբեջանի նախագահը խառնվել է իր վարած քաղաքականության և արած հայտարարությունների միջև։  Բայց, ամեն դեպքում, մեկ կարևոր արձանագրում եղավ օկուպացված Շուշիից, որին ուշադրություն է դարձրել Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․

«Ըստ էության, ամբողջությամբ ինքնախոստովանական ցուցմունք էր ինքն իր դեմ առ այն, որ ԼՂ–ում պատերազմը Ադրբեջանն է սկսել։ Մինչ այդ ադրբեջանական պրոպագանդան ջանք չի խնայել, միլիոնավոր դոլարներ է ծախսել հիմնավորելու, որ ագրեսիան սկսվել է ի պատասխան»։

Հայ վերլուծաբանները ենթադրում են, որ, դատելով վերջին զարգացումներից, Ադրբեջանը բանակցային 2 տարվա ընթացքում պարզապես փորձել է կապիտալիզացնել իր ռազմական հաղթանակի արդյունքը՝ հայտնի 5 կետերով ամրագրելով այդ իրավիճակը՝ բոլորը իրեն, ոչինչ դիմացինին սկզբունքով։ Դիվանագիտական հարթակում իրավիճակը, սակայն, Ադրբեջանին այժմ ձեռնտու չէ, և դա է սադրիչ նոր հայտրարությունների պատճառը։

Դիվանագիտական դաշտում ադրբեջանական հաջողությունների փոխարեն ձևավորվում են նոր օրակարգեր․ սահմանների մասով տարածքների խնդիր կա, կա հստակ արձանագրում, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի ինքնիշխան տարածքը, Ալիևի հայտարարություններին հակառակ՝ միջազգային հարթակները փաստում են՝ Արցախի խնդիրը լուծված չէ և օրակարգում է։

Իրականում Ադրբեջանը չի էլ ունեցել խաղաղության օրակարգ, համոզված է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը․   

«Վարչապետի դիտարկումները իրականում վեր հանեցին Ադրբեջանի վախերը կախված խնդրի հետ և սրա տակ դրվեց շատ փաստարկված հիմնավորում, որ Արցախի ժողովրդին սպառնում է ցեղասպանություն, որովհետև Ադրբեջանը ինքն իր խոսույթով ցույց է տալիս իր այդ նպատակադրման մասին։ Այստեղ շեշտադրումները, միջազգային իրավունքի տեսանկյունից, կարող են օրակարգ բերել «անջատում հանուն փրկության» սկզբունքը»։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հեռակա բանավեճին արձագանքել է նաև Եվրամիությունը՝ կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին շրջել թշնամության էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու հետագա անհարկի մարդկային կորուստներն ու վնասները։ Պաշտոնական հայտարարությամբ ԵՄ-ն կողմերին կոչ է անում մեղմել իրենց հռետորաբանությունը և խուսափել լարվածության ցանկացած ավելորդ էսկալացիայից, նաև զերծ մնալ միմյանց սպառնալիքներից և մեղադրելուց, ինչպես նաև ռազմական սադրանքներից և գործողություններից։

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի դատապարտումը ավելի թիրախային է։ Ինստիտուտի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Իլհամ Ալիևի հռետորաբանությունն իր էությամբ ցեղասպան է: Ադրբեջանի նախագահի թիրախավորված հայտարարությունները, ինչպիսիք են՝ հայերին սպասող «ողբերգության» սպառնալիքը, կամ «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի համբերատարությունը սպառվում է» արտահայտությունը, ցեղասպան հռետորաբանության օրինակներ են: Ինստիտուտի կոչն ուղղված է միջազգային հանրությանը՝ դատապարտել այդ հռետորաբանությունը` կանխելու համար ևս մեկ ցեղասպանություն հայերի նկատմամբ։

Դիվանագիտական հարթակում Ադրբեջանի անազնիվ քայլերից մեկը բացահայտում է Հայաստանի նախկին արտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ Նա Խոսում է Ալմա Աթայի հռչակագրի մասին, որին Պրահայից հետո սկսեցին հղումներ անել նաև հաջորդ մյուս հանդիպումներում։ Խոսքը ԱՊՀ հիմնարար փաստաթղթի մասին է, որով փոխադարձաբար ճանաչվել է անդամ երկրների տարածքային ամբողջականությունը։   

«Ալմա Աթայի հռչակագիրը 1991–ի դեկտեմբերի 21–ին  Այազ Մութալիբովը ստորագրել էր։ Սակայն, Ադրբեջանը 1992–ին ԱՊՀ–ին հայտնել է, որ իր այդ ստորագրությունը չի ընդունում։ Այսինքն՝ իսկ ե՞րբ է ստորագրվել Հռչակագիրը։ Ստորագրվել է 1993 թվականի սեպտեմբերի 24–ին։ Ստորագրել է Հեյդար Ալիևը և ամենակարևորը՝ առայսօր դա չի վավերացվել։ Այսինքն՝ Ադրբեջանը որևէ պարտավորություն այդ Հռչակագրով չի կրում, ինքը չի վավերացրել»։

Վերջին շրջանում կրկին ակտիվացել են խոսակցությունները «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին։ Հայաստանում կան հավատացողներ, որ եթե Ադրբեջանը անընդհատ դա շահարկում է, ուրեմն ՝ այդ պայմանավորվածությունը Ալիևի և Փաշինյանի միջև ձեռք է բերվել ներքին կարգով՝ բանավոր։ Այս խոսույթը Հայաստանում իշխանությունն արդեն բաց տեքստով դավաճանություն է անվանում, հաստատում է էդմոն Մարուքյանը․

«Դա Ադրբեջանի նարատիվն է, այդ նարատիվը Ադրբեջանն է լոբբինգ  անում, նաև կան ռուս գործիչներ, ովքեր դա ասում են, նաև Հայաստան մուտքը արգելված գործիչներ։ Կարո՞ղ է մարդը պայմանավորված որևէ բան նման ձևով կռիվ տա և չանի։ Այդ հարաբերությունների մեջ չկա բանավոր պայմանավորվածություն։ Իրենց նշած «միջանցքի» և մեր ասած ճանապարհի վերաբերյալ բանավոր պայմանավորվածության մասին խոսակցություն վարելը Հայաստանում՝ կամ այդ մարդիկ պետք է լինեն ադրբեջանցի, որ դա անեն կամ՝ Ադրբեջանի լոբբիստ։ Քանի որ ադրբեջանցիներ չեն, մենք ճանաչում ենք նրանց, իրենք հայեր են, նրանք հայերն են, ովքեր լոբբինգ են անում Ադրբեջանի Հանրապետության պետական պաշտոնական շահերը անկախ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում»։

«Միջանցքի» մասին ուշագրավ հայտարարություն է արել նաև Ուկրաինայի ներքին գործերի նախկին փոխնախարար, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Ավագյանը։ «Factor»–ի հետ զրույցում նա ընդհանուր կապ է տեսել Երևանում կայանալիք ՀԱՊԿ համաժողովի, ՌԴ նախագահ Պուտինի սպասվող երևանյան այցի և «միջանցքի» թեմայի միջև։

«Պուտինը գալիս է Հայաստան «միջանցքը» բացելու համար՝ ՀԱՊԿ կոչվածի երաշխիքի տակ բացել այդպիսի միջանցքը և հայտարարի, որ ՀԱՊԿ–ը կպաշտպանի այդ միջանցքը և խաղաղություն կբերի»։   

Մոսկվան, ի դեպ, դեռ նոյեմբերի սկբին է արձագանքել «միջանցքային» թեմաներին։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ՌԴ օգտագործում է «երթուղի» տերմինը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն