Ֆրանսայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Սենատի բանաձևը` ակնկալելով համանման բանաձև Ազգային Ժողովից
Ֆրանսայի Հայ դատի հանձնախումբը բարձր է գնահատում ֆրանսիական Սենատում ընդունված պատմական բանաձևը, որը խստորեն դատապարտում է ադրբեջանական ագրեսիան՝ Հանրային ռադիոյին ասել է Հանձնախմբի անդամ Հարութ Շիրինյանը։
Բանաձևն ընդունվել է միաձայն։ Դեմ է քվեարկել միայն ադրբեջանամետ և Ալիևների կլանի մտերիմ Նատալի Գուլեն, որի կոռումպացված լինելն արդեն բոլորի համար ակնհայտ է։
«Այս բանաձևը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի, Արցախի և հայության անվտանգության և իրավունքների հարցի շուրջ կա Ֆրանսիական քաղաքական կոնսենսուս, մասնավորապես օրենսդրական մակարդակում։ Եվ մենք առաջիկա օրերին սպասում ենք համանման բանաձևի ընդունմանը Ֆրանսայի Ազգային ժողովում։ Այս բանաձևը Ֆրանսիայի կառավարության վրա առավել բարձր ճնշում կգործադրի, որպեսզի վերջինս իր եվրոպացի գործընկերների հետ ի վերջո պատժամիջոցներ ձեռնարկի ադրբեջանական ագրեսորի դեմ»,-նշվում է Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ։ Նշվում է, որ կա երկրորդ շատ կարևոր կետ բանաձևի մէջ։
«Այն ժամանակ, երբ տարբեր քաղաքական ուժեր փորձում են խեղդել Արցախի ժողովրդի իրավունքների շուրջ քննարկումները և նյութը փակ համարել, հատկանշական է, որ Ֆրանսիայի Սենատը վերահաստատում է իր 2020-ի պահանջը Ֆրանսիայի կառավարությանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Սենատը նաև պահանջում է Արցախում ֆրանսիական մարդասիրական կենտրոն հիմնել»,-ասվում է հայտարարության մեջ։
Հայ Դատի հանձնախումբը սատարում է այս առաջարկը և վերահաստատում է իր անվերապահ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ֆրանսացի քաղաքական դասակարգի հետ ի շահ Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգության, անկախության և ազատության։



















