Հայ-վրացական հարաբերություններում անլուծելի հարցեր չկան․ ԱԺ նախագահը Թբիլիսիում է
«Քաղաքական որևէ հոսանք չի կարող տարանջատել հայ-վրացական հազարամյա պատմությունը»: «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Երկու երկրների ժողովուրդների խոսուն և հարուստ կապերի թողած հետքը համարելով հսկայական է և անչափելի, ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ հավատում է Վրաստանի հետ հարաբերությունների ապագային։
Այսօր Թբիլիսիում նախատեսված է խորհրդարանի խոսնակի պաշտոնական հանդիպումները Վրաստանի վարչապետ Իարակլի Ղարաիբաշվիլիի, վրացի գործընկերոջ՝ Շալվա Պապուաշվիլիի, վրաց խորհրդականների հետ, իսկ մինչ այդ երկու երկրների ԱԺ նախագահները հովանու ներքո Թբիլիսիում կայացել է Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որտեղ երկու երկրների ԱԺ նախագահները պատասխանել են «Ռադիոլուրի» հարցերին։
Հայ-վրացական հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան
«Ռադիոլուրի» հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահություն հայտնեց․ «Միանշանակ, Հայաստանի և Վրաստանի միջև անլուծելի խնդիրներ չկան, ու ես վստահ եմ, որ չեն էլ կարող լինել»։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապաուաշվիլին ևս «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատեց, հայ-վրացական հարաբերություններում երբևէ չեն ծագել տհաճ հարցեր, որոնք անլուծելի են և կարող են բացասական հետք թողել հարաբերությունների վրա։
Վրաստանը կարող է աջակցել հայ-ադրբեջանական երկխոսությանը
Վրաստանի ԱԺ նախագահ Շալվա Պապաուաշվիլի «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ Թբիլիսին շարունակում է պատրաստակամությունը հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու նպատակով․
«Այսօր մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները վկայում են՝ Հարավային Կովկասի խաղաղությունը դա Եվրոպայի խաղաղությունն է։ Մեր նպատակն է հասնել երկարաժամկետ խաղաղության մեր տարածաշրջանում, ուստի Թբիլիսին բոլոր առումներով պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական երկխոսությանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու»։
Թբիլիսիի պատրաստակամությունը Հայաստանի ԱԺ նախագահը դրական է գնահատում՝ նշելով․
«Վրաստանը բազմիցս տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել, նաև եղել է նախաձեռնություն, որը հաջողությամբ է ավարտվել, մասնավորապես Վրաստանը մեծ դեր է ունեցել հայ գերիների վերադարձի հետ կապված գործընթացում։ Վստահ եմ, որ գալիք հնարավոր ձևաչափերը և նախաձեռնությունները ևս հաջողությամբ կավարտվեն»։



















