Ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «բնապահպանական մտահոգությունների» տակ
Ադրբեջանցի չակերտավոր «բնապահպանները» հերթական անգամ փակել են Լաչինի միջանցքը՝ Գորիս–Ստեփականերտ մայրուղին։ 10.30–ից տևական ժամանակով այն փակվել էր, ադրբեջանցիներն անգամ վրաններ էին տեղադրել։
Բնապահպանական պատրվակով ադրբեջանցիները իրենց սադրանքները սկսել են դեկտեմբերի 3–ից՝ պատճառաբանելով, թե իբր Արցախում օգտակար հանածոներն ապօրինի շահագործում են բնապահպանական ռիսկերով: Խոսքը Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի մասին է։ Սա ճանապարհ փակելու արդեն երկրորդ փորձն է, բացի դրանից ևս մեկ դեպք է արձանագրվել դեկտեմբերի 10–ին, երբ Կաշենի հանքի աշխատողները և բնակիչներն ինքնաբուխ կերպով արգելափակեցին ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպանների» մուտքը տարածք։
Պաշտոնական Երևանը Ադրբեջանի բնապահպանական մեղադրանքները կապում է Լաչինի միջանցքը փակելու մտադրության հետ, ինչը համարում են 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ փաստաթղթի կոպիտ խախտում։
Ադրբեջանի այսպես կոչված «շրջիկ բնապահպաններին» չէր մտահոգում, երբ 2020–ին Ադրբեջանն Արցախի դեմ ֆոսֆոր պարունակող միջազգայնորեն արգելված զենք էր լիրառում, բայց մտացածին մտահոգություններով ամեն գնով փորձում են մուտք գործել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Հայաստանում շատերն են արդեն խոսում նախապես ծրագրված ադրբեջանական սադրանքի մասին։ Դրա մասին խոսում է անգամ «ՔՊ»–ական պատգամավոր, Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են լավ պլանավորված սադրիչ գործողություններ` դրանով լարվածություն ստեղծելով Արցախում: Բնականաբար, ակնկալիքն այն է, որ լարվածությունը կտեղափոխվի նաև Հայաստան: Ես կարծում եմ, որ պետք է լինել սառնասիրտ: Իրենց ցանկություններն իրենց ցանկություններն են, մեր նպատակները մնում են նույնը` անվտանգ կյանք Արցախի մեր հայրենակիցների համար և անվտանգության միջավայրի կառուցում Հայաստանի և Արցախի միասնական անվտանգային տարածքում: Ադրբեջանը մի բան պետք է իմանա․ նման քայլերով ստիպում է, որպեսզի Արցախը և Հայաստանը իրենց անվտանգային միջավայրը դարձնեն շատ ավելի գերակա և մեր՝ անհաջողություններից դասեր քաղելու գործընթացը լինի շատ ավելի արագ քայլերով։ Դա բերելու է նրան, որ մեր հայրենակիցներին անպաշտպան ոչ մեկը չի կարող թողնել։ Վերջին հաշվով 90–ականների հակամարտությունը ինչո՞ւ վերածվեց լայնածավալ պատերազմի, հենց այդպիսի գործողություններով»։
Ադրբեջանական կեղծ բնապահպանությունը, ըստ էության, երկու թիրախ ունի։ Առաջինը՝ ամենաերևացողը Արցախի հայաթափումն է։ Հասունացող հումանիտար ճգնաժամի մասին է արդեն խոսում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ի՞նչ գործ ունի բնապահպանական խնդիրը ճանապարհ փակելու հետ։ Այսինքն՝ այս պահի դրությամբ Արցախում 120 հազար մարդ ուղղակի զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից։ Եթե այս պահին Ստեփանակերտում որևէ մեկը շտապ բժշկական աջակցության կարիք ունենա Երևանում, Գորիսում կամ այլ բժշկական հաստատություններում, ուղղակի չի կարող։ Էլ չենք խոսում դեղորայքային մատակարարումների և բազմաթիվ այլ հումանիտար խնդիրների մասին»։
Լաչինի ճանապարհով երթևեկությունը փակելու առաջին փորձն ադրբեջանցի չակերտավոր «բնապահպանները» որպես բողոքի ակցիա կիրառեցին դեկտեմբերի 3–ին։ Այն ժամանակ խնդիրը տևեց մի քանի ժամ և հարթվեց ռուս խաղաղապահների միջամտությունից հետո։ Դեկտեմբերի 12–ը ճանապարհ փակելու երկրորդ փորձն է՝ արդեն ավելի պատրաստված, արագ տեղադրվող վրաններով։ Իսկ միջանկյալ՝ դեկտեմբերի 10–ին էլ նրանք փորձել էին մուտք գործել Կաշենի հանքավայր, բայց դա կանխվել էր հանքի աշխատողների և բնակիչների ինքնաբուխ գործողություններով։ Ադրբեջանական կողմը հիմնավորում էր, որ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Արգելքից հետո Բաքուն նոտա է հղել Մոսկվա՝ կոչ անելով ռուսական կողմին ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան ապահովել Ադրբեջանի ներկայացուցիչների անարգել մուտքը Արցախում գտնվող հանքավայրեր մոնիտորինգի համար։
Պաշտոնական Երևանը Ադրբեջանի «բնապահպանական» մեղադրանքները կապում է Լաչինի միջանցքը փակելու մտադրության հետ։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հերթական անգամ շեշտում է՝ Լաչինի միջանցքի փակումը 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։
Ադրբեջանի «բնապահպանական» ֆարսի պատճառով արդեն նաև Հայաստանում են հետաքրքրվում, թե ինչպես են կոնկրետ Կաշենի դեպքերի ժամանակ ադրբեջանցիները հասել մինչև Արցախի այդ տարածքը։ Հարցը լեգիտիմ են համարում նաև ԱԺ–ում։ ՔՊ–ից Անդրանիկ Քոչարյանը առանց անուններ նշելու խոսում է պայմանավորվածությունների մասին, բայց ռիսկերը չեզոքացնելու նպատակով․
«Ես կարծում եմ, որ այստեղ փոխհամաձայնեցված գործողություն է տեղի ունեցել և դա շատ ճիշտ է և, կարծում եմ, Արցախի իշխանությունները պետք է միշտ կարողանան նման ռիսկերը կառավերն և կառավարում են։ Ես հիմա չեմ կարող ասել ում միջև, բայց որ համաձայնությունները առկա են, դա էլ փաստ։ Ինչո՞ւ չեն կարող այսպես ասած «բնապահպանները» վերցնեին դրոշակները և գնային Արցախի ցանկացած բնակավայր հասնեին, նշանակում է՝ ինչ–որ համաձայնություններ է եղել, որպեսզի նման լարվածությունները չկրկնվեն»։
Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանը այլ երանգով է խոսում պայմանավորվածությունների մասին և պարզաբանումներ է ակնկալում պաշտոնյաների ավելի լայն շրջանակից․
«Այո, այս իրավիճակում կան հարցադրումներ ռուս խաղաղապահներին։ Բայց ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ մենք ադրբեջանական լրատվամիջոցներից ենք իմացել, օրինակ, Սարսանգ ադրբեջանցիների այցելության մասին։ Դեռ այն ժամանակ ընդդիմությունը իր մտահոգությունն էր հայտնում, թե ինչպես են ադրբեջանցիները հայտնվել Սարսանգի ջրամբարի մոտ և նույնը՝ Կաշենի հանքավայրի հետ կապված։ Ես կարծում եմ, որ այս հարցադրումներին պետք է պատասխանի նաև անձամբ Արայիկ Հարությունյանը։ բազմաթիվ հարցադրումներ կան, որոնց պատասխանները իրենք պարտավոր են տալ»։
Արցախից արդեն հաստատել են, որ օրինակ, դեկտեմբերի 3–ին ճանապարհի փակման ժամանակ ռուս խաղաղապահների և ադրբեջանցի կեղծ բնապահպանների բանակցություններին Արցախի կողմից մասնակցել է Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Այս անգամ, սակայն, ռուս խաղաղապահները արգելել են արցախցի մի քանի պատգամավորների հասնել ճանապարհի փակված հատվածը։
Արցախի ոստիկանության հաղորդագրությամբ՝ Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ուղղությունների ժամեր շարունակ փակ լինելու պատճառով ճանապարհին 100-ավոր քաղաքացիներ էին մնացել։ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի պնդմամբ, միջազգային հանրությունը անհապաղ պետք է արձագանքի Ադրբեջանի գործողություններին։
«Իրոք այս պահի դրությամբ Արցախում ապրող 120 հազար մարդը գտնվում է ցեղասպանության և էթնիկ զտման ուղիղ վտանգի և սպառնալիքի ներքո։ Եվ միջազգային հանրությունը խոսելու փոխարեն նաև պետք է գործի։ Ես հստակ տեսնում եմ, որ այս գործողությունները նաև ռուսական խաղաղապահ զորակազմի դեմ է ուղղված։ Ոչ միայն հենց պաստառների նշված գրությունների մասով, այլև տեղեկատվական դաշտում տարածվող նախապատրաստական նյութերի, հետո՝ տեղում խաղաղապահների դեմ լրագրողների սադրանքների։ Խնդիր է դրված նրանց կողմից ուղղակի հեղինակազրկել և որակազրկել ռուսական խաղաղապահ զորակազմին, նաև, երևի թե հող պատրաստելով 2025–ից հետո ռուսական խաղաղապահների ժամկետը չերկարացնելու համար»։
Ուշագրավ է, որ փակվող ճանապարհների ֆոնին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսով քննարկել են Արցախի հարցով եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։ Նույն խնդիրը քննարկվել էր նաև երկու օր առաջ Փաշինյան–Պուտին դեմ առ դեմ հանդիպմանը։ Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ քննարկվող հարցերի մեջ էր նաև Լաչինի միջանցքը փակելուն միտված ադրբեջանական մտադրություններն ու քայլերը։



















