Ռուսաստանը ևս չի կատարում իր միջազգային պարտավորությունները․ Փաշինյան
Լաչինի միջանցքի խցանման պատճառով Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի պակաս է սկսվել, այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ևս չի կատարում իր գործառույթները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։
«Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողություններն ապօրինի են և կոպտորեն խախտում են նրա ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:
Հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երևեկության անվտանգությունը: Այս դրույթն այսօր փաստացի չի իրագործվում:
Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը»,- նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները։
«Մենք պատրաստ են ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը։ Հուսով ենք, որ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի»,-նշել է Փաշինյանը։



















