Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: 

«Արմենպրես»-ի հարցին, թե արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների շրջանակներում Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի  և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում, որը չի կայանա, Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը պատասխանել է.

«Հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։

Ակնհայտորեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը»։

Միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն