Ինչպես իրացնել պատասխանատվությունը
Արդյոք պատասխանատվությունն անձնակա՞ն երեւույթ է, թե՞ հավաքական: Ինձ թվում է՝ երկուսն էլ: Բայց երկու դեպքում էլ դա զուտ կամավոր հանձնառություն է՝ չես կարող այն որեւէ մեկին պարտադրել: Օրինակ, ո՛չ ճարտար լեզվով, ո՛չ էլ սպառնալիքներով որեւէ երկրային կամ երկնային ուժ չի կարող Հայաստանի ներկայիս իշխանություններին ստիպել, որ նրանք պատասխանատվություն զգան արցախցիների իրավիճակի համար: Նրանք իրենք իրենց եւ հազարավոր հայաստանցիներին համոզել են, որ մեղավոր են «նախկիններն» ու ռուսները եւ, հետեւաբար, այս հարցում որեւէ անելիք չունեն: («Մեղավոր», «մեղք» բառը հասարակական-քաղաքական խոսույթում ընդհանրապես անտեղի է, եւ այդ բառերից, կարծում եմ, պետք է խուսափել):
Պատասխանատվության զգացողությունը, մի խոսքով, այնպիսի մի բան է, որը հնարավոր չէ «սրսկել». ատելություն, թշնամանք, անլիարժեքության բարդույթ՝ խնդրեմ, որքան ուզեք, ընդ որում՝ ոչ թե գրամներով, այլ՝ տոննաներով: Իսկ պատասխանատվությունը կա՛մ կա, կա՛մ էլ չկա:
Հավաքական պատասխանատվությունը, հետեւաբար, մի բան է, որի մեջ հնարավոր չէ տվյալ կոնկրետ անձին «խցկել»: Եթե, օրինակ, ես ասեմ, որ բոլոր ռուսաստանցիներն են պատասխանատու այն բանի համար, որ իրենց երկիրը արյունալի պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ, հաստատ կգտնվեն ՌԴ քաղաքացիներ, որոնք կասեն՝ «մենք ի՞նչ գործ ունենք, ինչո՞ւ եք մեր վրա «շառ» անում»: Այսինքն՝ մարդն ինքն իրեն կարող է կապել կամ չկապել տվյալ հանրության հետ:
Դառնալով մեզ, կարող ենք արձանագրել, Հայաստանում եւ աշխարհում կան միլիոնավոր հայեր, որոնք իրենց պատասխանատու չեն զգում մեր պետության եւ Արցախի վիճակի համար: Նրանց պետք է հանգիստ թողնել: Իսկ ի՞նչ պետք է անեն այն հազարավոր հայերը, որոնք այդ պատասխանատվությունն, այնուամենայնիվ, զգում են: Կարծում եմ, առանձնապես ոչ մի բան՝ պարզապես ապրել գիտակից կյանքով:

Վերջերս հարցազրույց էի վերցրել գործարար Հայկ Շեկյանից (նյութն այս շաբաթ կդրվի «Առավոտի» կայքում), եւ նա հրաշալի օրինակ բերեց: Եթե դուք չեք բռնում այն մարդու ձեռքը, որը փողոցում ծխախոտ է գցում, հանրությունը ռեսուրս է ծախսում (թեկուզ կես դոլար)` այդ ծխախոտը գետնից բարձրացնելու համար: Իսկ այդ ռեսուրսը կարող էր ծախսվել մեկ փամփուշտ գնելու վրա:
Այլ կերպ ասած, պատասխանատվության իրացումը միայն կրակելու մեջ չէ: (Չնայած վատ չէր լինի նաեւ կրակել սովորել): Եթե ուսուցիչը երեխաներին վատ է սովորեցնում, եթե բժիշկը վատ է բուժում, եթե շինարարը վատ է կառուցում, դրանով նրանք ծանրացնում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության վիճակը: Կամ նույնիսկ՝ եթե այդ ամենն արվում է ոչ վատ, բայց՝ առանց ուժերի գերագույն լարման: Կարծում եմ, մեր խնդիրների լուծումը փոքրամասնություն կազմող պատասխանատու մարդկանց ուժերի գերագույն լարման մեջ է՝ մասնագիտական եւ քաղաքացիական ոլորտներում:



















