Չընդհատվող ուխտագնացություն. շղթայված Դադիվանքի աղոթքը
Մինչև պատերազմը Արցախում գործող եկեղեցիներն ու վանքերը մոտ 7 տասնյակ էին։ Պատերազմից հետո մնացել է գործող 7 եկեղեցի։ Կան նաև չգործողները․ կանգուն են, բայց Պատարագ չի մատուցվում։ Արդեն 1,5 տարի առանց ուխտավորի է մնացել նաև Դադիվանքը։ Վանքում ծառայող 6 հայ հոգևորականներն ամեն կիրակի այստեղ Սուրբ Պատարագ են մատուցում։ Հայ ուխտավորների առաջ Դադիվանքի ճանապարհը բացելու համար Արցախի թեմը ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցում է ադրբեջանական կողմի հետ։ Երբ բանակցություններն արդյունք կտան, պարզ չէ։
Տիգրան սարկավագ Հակոբյանի հետ «Ռադիոլուրը» զրուցել էր այս տարեսկզբին, երբ նոր էր վերադարձել Դադիվանքից։ 8 ամիս հայ հոգևորականների փոքր խմբի հետ ծառայել էր թշնամիներով շրջապատված Դադիվանքում՝ առանց կապի միջոցների, միայն աղոթքով։
Տիգրան սարկավագ Հակոբյանը ծառայում է Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում։ Ծառայությանը զուգահեռ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանի հետ աղոթագիրք է կազմել, որը տպագրվել է 1000 օրինակով։

«Խաղաղություն վշտի մեջ» աղոթագիրքը հարազատներ կորցրած մարդկանց մխիթարելու համար է։ Այն չէր կարող չստեղծվել 44-օրյա պատերազմից հետո։
Ադրբեջանիցիներով շրջապատված Դադիվանքն Քարվաճառում միակ անկյունն է, որտեղ այժմ հայեր կան։ Պատերազմից հետո սարկավագը ութ ամիս ապրել ու պահել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վանքը։ 2022–ի սկզբին է վերադարձել Դադիվանքից։ Փետրվարին «Ռադիոլուրին» պատմում էր առաքելության 8 ամիսների մասին։
«Ինձ համար արդեն հրաշք էր, որ Դադիվանքը մնաց։ Ութ ամիս ․ լինում էր լույս չկար․․․»
ՄինչևԴադիվանքը՝ Տիգրան սարկավագ Հակոբյանն Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում էր ծառայում։ Հետո եղավ պատերազմը։ Վեհափառ Հայրապետից օրհնություն խնդրեց ու գնաց Քարվաճառ՝ Դադիվանքը պահելու։ Վանքում ծառայող հոգևորականների կազմը սկսզբում փոխվում էր ամիսը մեկ, հետո ժամկետը երկարաձգվեց ութ ամիս և ավելի։
Դադիվանքը ներսից պահում են հայ հոգևորականները, դրսից՝ ռուս խաղաղապահները։Նրանք այս տարածքում հաստատվել են 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարությունից անմիջապես հետո՝ նոյեմբերի 15–ից։ Երբեմն նաև հյուընկալվում են վանքում։
Ռուս խաղաղապահները Դադիվանքի միակ այցելուները չեն։ Այստեղ նաև անսպասելի հյուրեր են լինում։ Պատահել է՝ ուդիներն են խմբով եկել Դադիվանք, կատարել իրենց հոգևոր արարողությունն ու հեռացել։ Մի օր վանք է եկել Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության պետը՝ թիկնազորով։
Դադիվանքում այսօր աղոթում են հայ հոգևորականները, ռուս խաղաղապահները, անգամ նրանց կազմում ծառայող աթեիստները ։
Դադիվանքի հոգեւորականների ամենօրյա աղոթը խաղաղության համար է։
«․․․բայց ոչ թե թույլ, այլ Աստծով թելադրված խաղաղության»։
Մինչև պատերազմը Արցախում գործող եկեղեցիներն ու վանքերը մոտ 7 տասնյակ էին, չգործողների թիվը մի քանի հարյուր էր։ Պատերազմից հետո մնացել է գործող 7 եկեղեցի։
Պատերազմները շատ վանքեր ու եկեղեցիներ են թողել թշնամուն, բայց Դադիվանքի այսօրվա վիճակը Տիգրան սարկավագը պատմության համար բացառիկ է համարում․
«Պատմության մեջ չկա նման բան, որ վանքը մնա հոգևորականների պահելով»։
Վանքը նաև ուխտավորն է պահում՝ հավատով, աղոթքով․ արդեն երկար ժամանակ հայ ուխտավորների մուտքը Դադիվանք արգելված է․ ուխտագնացությունն ընդհատվել է:



















