ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարում է, որ Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին։ «Զորավարժությունների՝ Հայաստանում անցկացման անհրաժեշտությունը նախապես հաստատվել էր Երևանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ կազմակերպությունը ըմբռնումով է մոտենում Հայաստանում տիրող իրավիճակին, որը կարող է թույլ չտալ իր տարածքում այս միջոցառման անցկացումը 2023 թվականին և հույս ունի, որ զորավարժությունների չեղարկման պատճառով կոալիցիոն անվտանգությունը չի տուժի։

Հունվարի 1-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ցամաքային զորքերի ստորաբաժանումները 2023-ին կմասնակցեն Հայաստանում կայանալիք «Անխախտ եղբայրություն-2023» ՀԱՊԿ-ի խաղաղապահ համատեղ զորավարժություններին։

Նախօրեին, սակայն,  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ստեղծված իրավիճակում  նման զորավարժությունների անցկացումը Երևանը նպատակահարմար չի համարում։

ՀԱՊԿ զորավարժությունները չեղարկելու որոշումը Հայաստանում միանշանակ չի ընկալվում: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասում է՝  որոշումը  պաշտպանության նախարարի հետ քննարկումների ու վերլուծության արդյկունքում է կայացվել։

«Վստահաբար ՀՀ վարչապետը պաշտպանության նախարարի հետ, վերլուծությունների հիման վրա է այդ որոշմանը եկել: Եթե ՀՀ վարչապետը և պաշտպանության նախարարը նման որոշում են կայացնում, նշանակում է ունեցել են բավարար հիմքեր: Տարածաշրջանում լարվածության աճը կա աճման միտումով: Վերջին շրջանում մենք չենք ունեցել մեկ օր, որ ընդհանուր լարվածության ֆոնը պահպանված չլինի»: 

Փոխնախարարը փակագծերն ավելին չի բացում: Որոշման հիմնավորումներն ու մտավախությունները վարչապետն արդեն նախօրեին ձևակերպել էր: Համարում է՝ եթե թուրք-ադրբեջանական զորավարժութունները Հայաստանը դիտարկում է որպես սպառնալիք, ապա Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունները նույն կերպ կընկալվեն նաև այդ տանդեմի մոտ:

«ՀԱՊԿ-ը եկավ, թուրք-ադրբեջանական տանդեմի համար սպառնալիքը ստեղծեց, հետո ասաց՝ ցտեսություն, մենք գնացիք: Պատկերացրեցի՞ք այդ իրավիճակը: Հենց այդ պատճառով: Որովհետև մենք ասում ենք՝ եկեք հասկանանք՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որն է, որից հետո մեր հարաբերությունները ինստիտուցիոնալ և խորը կառուցենք: Երբ ՀԱՊԿ-ը չի ասում իրենց պատասխանատվության գոտին որն է, դա մեզ համար ֆունդամենտալ խնդիր է: ՀԱՊԿ-ը չի արձանագրում, որտեղով է անցնում այդ կարմիր գիծը՝ Սոտք, Խոզնավարով չի անցնում, Ջերմուկի մոտով չի անցնում, որտեղո՞վ է անցնում: Մինչև մենք դա չիմանանք այդ իրավիճակում կլինենք, որ կհրավիրենք կասեք՝եկեք սպառնալիք ստեղծեք երկու օր, երրորդ օրը հանգստացեք, երրորդ օրը գնացեք ձեր գործերին, մենք մնանք այդ տանդեմի առաջ դեմ հանդիման»:

ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում որևէ կերպ չէին սրի իրավիճակը և նոր զարգացումներ չէին հրահրի՝ կարծում է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Նրա կարծիքով՝ զորավարժությունների անցկացումն  առաջին հերթին անհրաժեշտ էր հենց Հայաստանին:

«Ինձ մոտ հարց է առաջանում, եթե մենք հրաժարվում ենք ՀԱՊԿ զորավարժություններից, դա հավասարազոր է, որ այսօրվա մեր ԶՈՒ պատրաստվածության մեջ հրաժարվենք ամենաբարձր գագաթնակետի ուսուցման ձևից, որտեղ կատարելագործվում են նաև դաշտային վարժվածութունը, պատրաստությունը պատերազմ մղելու, պաշտպանելու համար: Սա մեկ: Երկրորդը՝ ո՞րն է այլընտրանքը: ՀԱՊԿ-ի զորավարժություններին այսօր այլընտրանք գոյություն ունի՞, թե ոչ: Իհարկե, ոչ, գոյություն չունի: Այդպիսի բոլոր միջոցառումները ընդհակառակը, այս վիճակում պետք է օգտագործել մեր ԶՈՒ պատրաստականության, նրանց ունակությունների բարձրացման համար: Ընդհանուր առմամբ զորավարժություններն անց են կացնում ոչ թե սպառնալիքներիից, մարտահրավերներից խուսափելու, այլ՝ մարտահրավերներին, սպառնալիքներին դիմագրավելու համար»:

Վարչապետ Փաշինյանը իր ասուլիսի ժամանակ չթաքցրեց, որ հայկական կողմն ունի որոշակի հիասթափություն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ Հայաստանի տարածքի հանդեպ ադրբեջանական ագրեսիային թեկուզ ոչ թե հակազդելու, այլ պազրապես նաև քաղաքական գնահատական չտալու պատճառով: Այս դրվագում իշխանության և ընդդիմության կարծիքները թերևս համընկնում են, բայց ըստ Սեյրան Օհանյանի՝ կառույցից դժգոհությունը դեռ բավարար պատճառ չէ կտրուկ որոշումներ կայացնելու համար: Համոզված է՝ ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանի ԶՈՒ-ին հատկապես պատերազմական կորուստներից հետո օգուտներ տալու էին:

«Այնպես չէ, որ մենք բոլորս, նաև տարբեր անհատներ, շատ գոհ ենք ՀԱՊԿ-ի գործողություններից: ՀԱՊԿ-ը, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, նոր կառույց է և որոշումների ընդունման ընթացակարգերը, գործողությունները, օպերատիվ արձագանքման միջոցառումները դեռևս կատարելագործման խնդիր ունեն, հատկապես ՀՀ տարածքում, որը ՀԱՊԿ-ի ընդհանուր տարածքից կտրված է: Բայց դա չի նշանակում, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ չենք, չի նշանակում, որ ՀԱՊԿ-ի հետ մենք չպետք է աշխատենք, և չի նշանակում, որ չպետք է այսօր ՀԱՊԿ-ի ունեցած հնարավորությունները, հատկապես ռազմական կոմպոնենտի զարգացման ուղղությամբ, օգտագործենք մեր ռազմական ներուժի բարձրացման համար»:

Արդյո՞ք այլընտրանք կա ՀԱՊԿ-ին. ընդիմադիր գործչի հարցադրման պատասխանը նույնպես կարելի է գտնել վարչապետի ասուլիսում: Իհարկե նա խոսում է ոչ թե փաստթերի, ոչ թե ձեռք բերված պայմանավորվածությունների, այլ պարզապես ակնկալիքների մասին:

«2019 թվականից մենք ռազմավարական երկխոսություն ենք ձեռնարկել ԱՄՆ-ի հետ և հարաբերությունների շատ ակտիվ դինամիկա ունենք ԵՄ-ի հետ: Նաև երկկողմ մակարդակում ենք մեր հարաբերություններն ակտիվացնում: Մենք նաև որոշակի մեսիջներ ենք տալիս ու ստանում, այնպես որ՝ նաև անվտանգության ոլորտում համագործակցության որոշակի ներուժ տեսնում ենք»:

Վարչապետի այս պատասխանը այն համատեսքտում էր, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ին անդամակցելը չի զսպում Հայաստանին Արևմուտքի գործընկերների հետ հարաբերությունների հաստատման հարցում: 

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի շուրջ ծավալված նոր իրավիճակին, ապա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը ասել է, որ կազմակերպությունն ունակ է լուծել իր առջև դրված խնդիրները։ ТАСС գործակալության փոխանցմամբ պաշտոնյան հայտարարել է.

«Չնայած բոլոր մարտահրավերներին, ես խորապես համոզված եմ, որ ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, այն ի վիճակի է լուծել այն խնդիրները, որոնք դրված են իր առջև»: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ այժմ աշխարհն ականատես է դառնում աշխարհաքաղաքական մեծ մարտահրավերների և համոզմունք է հայտնել, որ կառույցը պետք է լուծի շատ բարդ քաղաքական, տնտեսական և այլ խնդիրներ:

Ըստ Թասմագամբետովի՝ այդ բոլոր մարտահրավերներն ու խնդիրներն ազդում են կազմակերպության առանցքային դերի, նրա հեղինակության և տարածաշրջանային անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմ լինելու կարողության վրա: Իսկ պատասխանատվությունը այդ ամենի համար, ըստ պաշտոնյայի՝ կազմակերպության բոլոր անդամներինն է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն