Փետրվարի 17-19-ը Հայաստան այցելած ԵԽԽՎ հայաստանյան մոնիթորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա), հայտարարություն են տարածել, որով առաջին հերթին նշում են, որ  Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն անհապաղ գործողություններ է պահանջում ։

Հիշատակելով 44-օրյա պատերազմից հետո 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ համազեկուցողները շեշտում են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ազատ երթևեկության շտապ վերականգնման անհրաժեշտությունը: «Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»,– կոչ–հայտարարությունում նշում են համազեկուցողները: Նրանց ուշադրության առանցքում ԵՄ դիտորդների ներկայությունն  է Հայաստանի Հանրապետության տարածքում։

ԵԽԽՎ հայաստանյան մոնիթորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը  և Բորիանա Աբերգը Ջերմուկ, Գորիս և Վարդենիս, ինչպես նաև Լաչինի միջանցք այցերի արդյունքում հայտարարություն են տարածել, որի առանցքում ինչպես Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ անհապաղ գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունն է, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ուր արդեն տեղակայված են ԵՄ դիտորդները։

ԵԽԽՎ համազեկուցողները երկու կողմերին կոչ են արել առաջ մղել սահմանազատման շուրջ քննարկումները և պայմանավորվել սահմանից զինուժի հայելային հեռացման շուրջ՝ որպես վստահության ամրապնդման անհապաղ քայլ: Նրանք հատուկ ընդգծել են սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը, նշելով նախորդ առաքելության զգալի ազդեցությունը լարվածության նվազեցման գործում:

Որքանո՞վ է իրատեսական նշված հարցերում առաջընթացը։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով մոտ ապագայում նշված ուղղությամբ որևէ տեղաշարժ չի լինի․

«Չեմ կարծում, որ մոտ ապագայում դա իրականություն կդառնա։ Ամենայն հավանականության նրանք կրկնել են ՀՀ վարչապետի առաջարկը զորքերի հայելային հետքաշման մասին, որից հետո պետք է լինի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, և հետագայում որոշվի, թե որտեղ են կանգնելու զորքերը։ Բայց գիտենք, որ այդ կոչը Ադրբեջանը մերժել է, և ներկա իրողության պայմաններում, չեմ կարծում, թե այդ ուղղությամբ կարելի է տեղաշարժ արձանագրել»։

Քաղաքագետի կարծիքով հարցը պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով․ քանի դեռ ռուս-ուկրաինական հակամարտությունը հանգուցալուծված չէ, Բաքուն կփորձի ձգձգել հարաբերությունների կարգավորման հարցը։

Որքանո՞վ ԵՄ դիտորդների ներկայությունը կնպաստի նշված կետերի իրականացմանը։

Ռազմական փորձագետ Արմինե Մարգարյանը ԵՄ առաքելության տեղակայումը մեծ հնարավորություն է համարում  Հայաստանի համար։ Նա գտնում է, որ առիթը չպետք է բաց թողնել ու պետք է ժամանակն օգտագործել հայկական դիրքորոշումն աշխարհին հայտնելու համար․

«Սա մեզ հնարավորություն տվեց ունենալ արտատարածաշրջանային ԵՄ–ի նման դերակատարի ներկայություն, որը մեզ համար առաջին հերթին կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում անվտանգային խնդիր է լուծում։ Առնվազն, Ադրբեջանը չի կարողանա ռազմական էսկալացիա հրահրել այն մասշտաբներով, որով կցանկանար, եթե չլիներ ԵՄ դիտորդների տեղակայումը։ Բացի դա,  ի հայտ բերեց, որ մեկ ուժային կենտրոնից կախվածությունը բերում է հավելյալ խնդիրներ։ Օրինակ, երբ մենք ապավինում էինք 44-օրյա պատերազմի ընթացքում մեր ռազմավարական դաշնակցին, մեր խնդիրները չէին կարող լուծվել»։

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը նույն տրամաբանության շրջանակներում ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ վեց ամիս առաջ դժվար էր պատկերացնել, որ ԵՄ դիտորդները կարող էին տեղակայվել ՀԱՊԿ անդամ և Ռուսաստանի դաշնակիցը համարվող Հայաստանի տարածքում։ Սակայն 44 օրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը չեն համընկնում։ Իսկ ԵՄ դիտորդների ժամանումը, նրա կարծիքով, այսպես ասած՝ «շունչ քաշելու» ժամանակ պետք է ընկալել ու ակտիվ աշխատել, ոչ թե հանգստանալ․

«Օբեկտիվ իրականությունն այն է, որ մենք ֆիքսել ենք, որ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը չեն համընկնում։ Մենք պետք է անենք հետևություններ ու հետևողականորեն առաջ գնանք, իսկ պետական ապարատի այս լխկած վիճակը թիվ մեկ ռիսկն է ՀՀ համար։ Եթե այդ վիճակն է, մենք ոչ սպառնալիքներին կկարողանանք դիմագրավել, ոչ էլ՝ հնարավորություններից օգտվել։ Եթե նավը չունի առագաստ,  ոչ մի քամի համընթաց չի»։

Եթե չկարողանանք օգտագործել ԵՄ առաքելության ներկայության ժամանակահատվածն ու օգուտներ ստանալ դրանից ու ակտիվ աշխատել մեր ուզած պետությունն ունենալու, այն սերունդներին  թողնելու համար, նշանակում է անբաններ ենք, ասում է վերլուծաբանը, հորդորելով գործել ավելի ակտիվ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն