Հայաստանը դիվանագիտական ու քաղաքական հնարավոր բոլոր լծակներով պետք է հետևողական լինի, որ կատարվի Հաագայի դատարանի որոշումը՝ կարծում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը։ Եղիշե Կիրակոսյանի դիտարկմամբ՝  այն մարմինը, որը  պատասխանատվություն է կրում  Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման համար,  ՄԱԿ-ի ԱԽ-ն է,  իսկ այստեղ հարցը քննարկելու համար անկարևոր չէ քաղաքական ենթատեքստը։



ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։  Որոշման մեջ պահանջի կատարման ժամկետ չի նշվում, բայց ամրագրվում է դրա  պարտադիր իրավական ուժ ունենալը։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդգծում է՝ որևէ ժամկետ չնշելը ենթադրում է, որ որոշումն անմիջապես պետք է գործի։

«Դատարանը կիրառեց ժամանակավոր միջոց՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ապահովել անխոչընդոտ անցումը երկու ուղղություններով բեռների ու տրանսպորտային միջոցների ու անձանց համար Լաչինի միջանցքով, որը ապահովվում էր եռակողմ հայտարարության համապատասխան դրույթով։  Ստացվում է, որ եռակողմ հայտարարությունից դուրս կա ևս մեկ իրավական պարտադիր փաստաթուղթ, որը ձևակերպում է Լաչինի միջանցքով անխափան անցնելու հանգամանքը կամ Ադրբեջանի պարտավորությունը։ Այս անգամ որևէ ժամկետ չի նշվել դատարանի կողմից, ըստ էության, որոշման մեջ նշվում է, որ այն ունի պարտադիր բնույթ, ընդունման պահից այն պարտադիր է կողմերի համար, այն պետության համար, որի նկատմամբ կիրառվել է նման միջոց ու դա  նշանակում է, որ պետությունը պետք է անմիջապես քայլեր ձեռնարկի»։

Եղիշե Կիրակոսյանը դրական է համարում, որ Հաագայի դատարանի որոշումից հետո շատ երկրների ԱԳՆ-ներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հղում արեցին  փաստաթղթին՝ ընդգծելով դրա կարևորությունը իրավիճակի հանգուցալուծման հարցում։ ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գնահատմամբ՝ սրանք կարևոր գործընթացի բաղադրիչներ են, որոնք ուժեղացնելու են Բաքվի նկատմամբ ճնշումը։

«Այս աշխատանքը չպետք է կտրված լինի դիվանագիտական կամ քաղաքական աշխատանքից։ Ընդհակառակը, կարծում եմ՝ իրավական այս գործընթացները պետք է նաև համատեղվեն քաղաքական ու դիվանագիտական աշխատանքով, քանի որ միջազգային հարաբերություններում դատական որոշումների ի կատար ածվելը տարբերվում են ներպետական դատարանների որոշումների ի կատար ածման որոշումներից։ Միջազգային իրավունքում ու հարաբերություններում, ցավոք, չունենք այնպիսի ինստիտուտ, որը կզբաղվի միջազգային դատարանի որոշումների հարկադրաբար կատարմամբ»։

Եղիշե Կիրակոսյանը հիշեցնում է՝  այն կառույցը, որը որոշակի պատասխանատվություն է կրում Արդարադատության միջազգային դատարանի վճիռների ու որոշումների կատարման ապահովման համար, ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդն է։ Եթե հարցը չհանգուցալուծվի,  ԱԽ–ն իրավասու կլինի միջամտելու գործընթացին։ Բայց այստեղ էլ խնդիր կա։

«Անվտանգության խորհրդի միջամտությունն այսօր բարդ է։ Կան մշտական անդամներ, նրանք աշխատում են իրենց տրամաբանությամբ, հարցի քաղաքականացվածությունը շատ բարձր է»։

Անվտանգության խորհրդում հարցը քննարկելիս անհրաժեշտ է ունենալ այն վստահությունը, որ կառուցի անդամ մշտական երկրները դեմ չեն լինի օրակարգ ընդգրկվելուն՝ ասում է Եղիշե Կիրակոսյանը՝ չբացառելով հնարավոր խնդիրները։

Հայաստանը դիմել էր Արդարադատության միջազգային դատարան դեռ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին՝ հիմնվելով Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների վրա։ Ընթացիկ վարույթի շրջանակում Հայաստանը ներկայացրել է նաեւ մի շարք ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջներ:

Դիմումներից առաջինը վերաբերում է 2020 թվականի պատերազմին անմիջապես հաջորդող ժամանակահատվածին՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին, 2-րդ գանգատն առնչվում  է  գերեվարված անձանց նկատմամբ ապօրինի դատավարություններին, 3-րդը՝ՀՀ  սուվերեն տարածքում ադրբեջանական ԶՈՒ-ի ներկայությանն ու դրա հետևանքով իրավունքների խախտումներին։ 4-րդն էլ վերաբերում է Փառուխի ու Քարագլխի դեպքերին ու գազանջատումներին։ Վերջին դիմումը Լաչինի փակ միջանցքին էր վերաբերում։

ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը տեղեկացնում է նաև  Դատարանի գործունեության նոր կանոնի մասին։

«Ըստ դատարանի կանոնների՝ հնարավորություն ունի երեք դատավորից կազմված կոմիտե, որի նպատակն է  ավելի մոտիկից հետևել որոշումների կատարման ընթացքին։ Այլ գործերով նմանատիպ պրակտիկա դատարանն ունեցել է»։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մեկ անգամ արդեն հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում ընդունել է։ Դիմումն այդ ժամանակ վերաբերում էր ռազմագերիների իրավունքներին։ Այս ուղղությամբ, ըստ Կիրակոսյանի,  իրավական հնարավոր բոլոր գործիքներն օգտագործվել են։ Եթե նոր ապացույցներ լինեն, կներկայացվեն դատարան՝ եզրափակում է  իրավական ներկայացուցիչը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն