Մեղադրական նամակներ Բաքվին ու Անկարային. ՄԱԿ-ի վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը զեկույց կներկայացնի
Հայաստանում է ՄԱԿ-ի վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը։ Խումբն այցելել է Սյունիքի մարզ։ Մայրաքաղաքում փորձագետները հանդիպել են կառավարության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների անդամների հետ: Աշխատանքային խումբն իր եզրակացությունները և առաջարկությունները Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2023 թվականի սեպտեմբերին։
Այս օրերին Հայաստանում է ՄԱԿ-ի վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը։ Հայաստան կատարած 8-օրյա այցելության ընթացքում վարձկանների, մասնավոր ռազմական և պահնորդային ընկերությունների օգտագործման ՄԱԿ–ի աշխատանքային խումբը տեղեկություններ է հավաքել այն օրենքների և ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ, որոնք քրեականացնում են վարձկանների գործողությունները։ Խումբը նաև հաշվի է առնել մասնավոր պահնորդային ընկերությունների գործունեությունը և դրա ազդեցությունը մարդու իրավուքների վրա։ Այցելության ավարտին հրապարակված հայտարարությամբ փորձագետները արձանագրել են, որ Կապանում տեղի ունեցած դատական լսումների ժամանակ մեղադրանք է ներկայացվել սիրիացի 2 վարձկանների։ Նրանք երկուսն էլ դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Փորձագետների նախնական դիտարկումները ներկայացնում է խմբի ղեկավար Ռավինդրան Դանիելը․
«Մարզի առաջին ատյանի դատարանը կիրառել է վարձկանությունը քրեականացնող օրենսդրական դրույթները՝ պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած դաժանություններին մասնակցելու համար։ Փորձագետները նաև ընդգծում են, որ տվյալ օրենսդրական կարգավորումների կիրարկումը դեռ զարգացման վաղ փուլում է և հորդորում ՀՀ դատական իշխանությանը ապագայում հաշվի առնել առավել զոհակենտրոն մոտեցումներ»։
Սիրիայի երկու քաղաքացիները դատապարտվել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում որպես վարձկան-ահաբեկիչներ ներգրավվելու համար: Ըստ մեղադրական եզրակացության՝ Մուհրաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն։ Վարձկանների առկայության մասին տեղեկություններ է ստացել նաև ՄԱԿ վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը և դեռ 2020 թվականին արձագանքել այդ փաստին։
«Մեր աշխատանքային խմբի մանդատը բավականին լայն է։ Դրա շրջանակում մենք իրականացնում ենք այցելություններ երկրներ և կարող ենք տարբեր տեղեկատվություններ ստանալ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ։ Այս պահին մեր ունեցած տեղեկատվությունը վերաբերում է 2 վարձկանների, որոնց գերի են վերցրել, մեղադրանք առաջադրվել։ Մեզ դեռ չի հաջողվել հանդիպել վարձկաններին, հուսով ենք՝ մինչև զեկույցի վերջնական հրապարակումը լրացուցիչ ինֆորմացիա դեռ կստանանք»,– ասում է Աշխատանքային խմբի անդամ Ելենա Ապարաքը։
Լրացուցիչ տեղեկատվությունը դեռ հավաքագրվում է։ Աշխատանքային խումբն իր եզրակացությունները և առաջարկությունները Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2023 թվականի սեպտեմբերին։
Հատուկ ընթացակարգերի փորձագետներն աշխատում են կամավոր հիմունքներով։ Նրանք ՄԱԿ-ի աշխատակիցներ չեն և աշխատավարձ չեն ստանում։ Նրանք անկախ են որևէ կառավարությունից կամ կազմակերպությունից և ծառայում են իրենց հնարավորությունների չափով: Աշխատանքային փաստահավաք խմբի գործողությունները որևէ իրավական հետևանք չեն ենթադրում։ Նրանց հավաքած տեղեկատվության հրապարակման իմաստը խնդիրները ավելի տեսանելի դարձնելն է, ասաց աշխատանքային խմբի ղեկավար Ռավինդրան Դանիելը։ Նաև հայտնեց, որ եզրակացության արդյունքում իրենք մեղադրական նամակներ են ուղարկել թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային։ Բացի այդ՝ նրանք ցանկություն են հայտնել մեկնել Ադրբեջան, սակայն արձագանք դեռևս չեն ստացել։
Վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը, որպես մարդու իրավունքների ոտնահարման և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը խոչընդոտող միջոց, ստեղծվել է 2005 թվականի հուլիսին Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից: 2022 թվականին խմբի մանդատը լրացվել է: Խումբը բաղկացած է աշխարհի տարբեր տարածաշրջաններից ներգրավված հինգ անկախ փորձագետներից: